Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր, ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի հետ։
- Մեզանում շարունակվում են «ո՞վ հանձնեց Արցախը» թեմայով մեղադրանքները։ Ընդդիմությունն ասում է, որ Փաշինյանը նոյեմբերի 9-ին կապիտուլյացիա է ստորագրել, հանձնել Արցախի 75 տոկոսը, այժմ ավարտին է հասցնում գործընթացը։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Արցախը հանձնել են Քոչարյանն ու Վարդան Օսկանյանը, Սերժ Սարգսյանն ու Էդուարդ Նալբանդյանն էլ շարունակել են այդ գործը եւ մեզ հասցրել այս հանգրվանին՝ Մադրիդյան սկզբունքները որդեգրելով։ Ո՞վ է ճիշտ։
- Որեւէ բան օբյեկտիվորեն գնահատվում է ոչ թե մեղադրանքներով կամ անձնավորված վերաբերմունքով, այլ՝ փաստերով, փաստաթղթերով ու դրանց մասնագիտական վերլուծությամբ։ Ցավոք, Հայաստանում ավելի ու ավելի է խորանում տգիտության, ստի, կեղծիքի, աճպարարության, բանսարկությունների վրա հիմնված «քաղաքական» խոսույթը։ Կողք-կողքի դրեք փաստերն ու փաստաթղթերը, կիրառեք մասնագիտական վերլուծություն եւ կստանաք անաչառ պատասխան՝ անկախ այս կամ այն անձի նկատմամբ ձեր համակրանքից կամ հակակրանքից։ 2020թ. հուլիսի սկզբին տպագրել էի մի հոդված՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի փուլերը, իրավիճակն ու հեռանկարները», որտեղ փաստերի, փաստաթղթերի, միջազգային իրավունքի նորմերի հիման վրա ներկայացվել են Հայաստանի Հանրապետության 4 ղեկավարների պաշտոնավարման ընթացքում ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում ձեռք բերված արդյունքները։ Խնդրի վերաբերյալ ունեցել եմ բազմաթիվ այլ հրապարակումներ եւս՝ մենագրություններ, հոդվածներ, ընդ որում՝ տպագրված նաեւ միջազգային հեղինակավոր հանդեսներում։ Որեւէ մեկը չի փորձել որեւէ հիմնավորմամբ դրանք անգամ կասկածի տակ դնել։ Հետեւաբար, ստորեւ կներկայացնեմ իրականությունը՝ քաղաքական վեճի լուծումը թողնելով ընթերցողին։
Իրականությունն ունի երկու հատված՝ ի՞նչ է եղել մինչ 2018թ․ եւ ի՞նչ է եղել 2018-ից մինչ այժմ։ Առաջինի կապակցությամբ կարեւոր է եղել այն հանգամանքը, որ միայն 2007թ․ նոյեմբերին է բանակցային փաստաթղթում հայտնվել արձանագրում, որ հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքի երեք սկզբունքների հիման վրա՝ ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն, ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունք։ Քանի որ ժամանակ առ ժամանակ փորձ է արվել շահարկել տարածքային ամբողջականության սկզբունքի առկայությունը, 2008թ․ ֆրանսիացի համանախագահ Բ․ Ֆասիեն տվեց դրա բացատրությունը՝ հակամարտությունը բարդ է, այն բաղկացած է երկու զույգից՝ Հայաստան եւ Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ եւ Ադրբեջան։ Առաջին երկուսի միջեւ խնդիրները պետք է կարգավորվեն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, քանի որ այդ սկզբունքը գործում է ՄԱԿ անդամ պետությունների միջեւ խնդիրների կարգավորման համար, իսկ ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հիմքն ինքնորոշման իրավունքն է։ Այս բացատրությունն ամրագրված է ինչպես միջազգային իրավունքի մի շարք փաստաթղթերում, այնպես էլ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի փաստաթղթերում։ Մինչ 2007թ․ նոյեմբերը ԼՂ խնդրի կարգավորման փաստաթղթերից ոչ մեկում ինքնորոշման իրավունքն արձանագրված չի եղել, հետեւաբար՝ դիտարկվել են Ադրբեջանի կազմում Արցախի կարգավիճակի տարատեսակ դեպքեր։ 2007թ․ նոյեմբերին առաջարկված տարբերակը կոչվեց «Մադրիդյան սկզբունքներ»։ Այդ փաստաթուղթն ունեցել է նաեւ 6 տարրեր, որոնց լուծումների, ինչպես նաեւ վերոհիշյալ 3 սկզբունքների իրականացման մեխանիզմների վերաբերյալ են տեղի ունեցել հետագա բանակցությունները՝ մինչեւ 2018թ․ իշխանափոխությունը։
ՀՀ գործող իշխանությունը բազմաթիվ ստեր ու կեղծիքներ է տարածել Մադրիդյան սկզբունքների մասին՝ չհրապարակելով որեւէ փաստաթուղթ կամ դրանից որեւէ հատված, հիմնովին նենգափոխելով փաստաթուղթը։ Դրա գագաթնակետը դարձավ 2021թ․ հունվարին Հայաստանի ղեկավարի հրապարակած մի հոդված՝ «44-օրյա պատերազմի ծագումը» վերնագրով՝ նենգափոխելով փաստաթուղթը եւ տեղի ունեցած աղետի պատասխանատվությունը բարդելով նախորդ իշխանությունների վրա։ Օրինակ, գրել է․ «Առաջարկությունների փաթեթը որեւէ կերպ չէր անդրադառնում ԼՂ կարգավիճակի հարցին, շրջանցում էր այդ հարցը»։ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Պոպովը պատասխանեց դրան․ ««Ռուսական առաջարկներ» ասելով` հավանաբար, ենթադրվում է փուլային կարգավորման պլանը, որի վերջին խմբագրումը կողմերին փոխանցել են Մինսկի խմբի համանախագահները 2019թ. հունիսին: Կազանյան փաստաթղթի հետ շատ բաներով համընկնող այդ պլանի հիմքում ընկած են ԼՂ կարգավորման բազային սկզբունքները, որոնց շարքում առաջին փուլում հինգ շրջանների վերադարձն է Ադրբեջանին, իսկ երկրորդ փուլում՝ երկու շրջանների, ընդ որում, հատուկ ընդգծում եմ, դա կապելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ: Առաջին փուլի Երեւանի հետաքրքրություններն արտացոլող տարրերից են Լեռնային Ղարաբաղի՝ իր բնակչության լիարժեք կենսագործունեության ապահովման իրավունքի ընդունումը, ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը ԵԱՀԿ նիստերին, շրջափակման վերացումը, ուժի չկիրառման վերաբերյալ կողմերի պարտավորությունների ստանձնումը եւ այլն: Այդ պատճառով պնդումը (Փաշինյանի), որ Ռուսաստանն առաջարկում էր 7 շրջանները վերադարձնել «հենց այնպես» եւ մոռանալ կարգավիճակի մասին, չի համապատասխանում իրականությանը:
Ինչ վերաբերում է ԼՂ վերջնական կարգավիճակի խնդրի լուծման տարբերակներին, ապա վերջին տարիներին բանակցությունների սեղանին գտնվող առաջարկները՝ որպես վերջնական նպատակ, նախատեսում էին, մեջբերում եմ. «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը կողմերի համաձայնեցրած ժամկետներում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո համաժողովրդական քվեարկության անցկացում, որը կարտահայտի ԼՂ բնակչության ազատ կամարտահայտությունը եւ կունենա իրավականորեն պարտադիր բնույթ՝ միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների համաձայն: Ընդ որում, քվեարկության դրվող հարցը կամ հարցերը որեւէ ձեւով չեն սահմանափակվի, իսկ քվեարկության ցանկացած արդյունք կողմերը կհարգեն»:
Ի դեպ, Լաչինի միջանցքի լայնությունն ու կարգավիճակը եւս առաջարկվում էր դիտարկել միայն երկրորդ փուլում՝ հաշվի առնելով Քելբաջարի եւ Լաչինի շրջաններն Ադրբեջանին վերադարձնելը: Ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմերը չեն մերժել այդ առաջարկությունները, թեեւ լիարժեք համաձայնության հասնել չէր հաջողվում։ Ընդհուպ մինչեւ 2018թ., երբ Երեւանն առաջադրեց նոր մոտեցումներ։ Այս ամենի կողքին պետք է դնել 2018-ին հրապարակ նետված՝ 0-ական կետից ամեն ինչ սկսելու եւ դրան հաջորդած այլ անհիմն ու խիստ վտանգավոր «գաղափարները», որոնք մի կողմից առիթ դարձան 2020թ․ ադրբեջանաթուրքական ագրեսիայի, մյուս կողմից՝ Մինսկի խմբի շրջանակներում գործընթացը տապալելու Բաքվի երազանքի իրականացման համար, ինչպես նաեւ ընդունված հայտարարությունները՝ նոյեմբերի 9-ից մինչեւ սեպտեմբերի 7-ը։ Եթե հետաքրքրում է այս ամբողջի մանրամասն վերլուծությունը, ապա կարելի է կարդալ «2020թ. պատերազմ. նախադրյալները, հետեւանքները եւ աղետի վերացման հնարավորությունները» հոդվածը։
- Ինչպե՞ս կգնահատեք նախկին նախագահների «3+2+1» ձեւաչափով հանդիպումները։ Ձեր կարծիքով՝ դրանք ազդեցություն ունեցա՞ն Փաշինյանի քայլերի վրա։
- Ամենայն հարգանքով վերաբերվելով Վեհափառ հայրապետի մտահոգություններին ու ջանքերին՝ պետք է ասեմ, որ հանդիպումից մի քանի օր առաջ 168.am կայքին տված հարցազրույցում կարծիք եմ հայտնել, որ այդ նախաձեռնությունից ոչինչ չի ստացվի, քանի որ չկար որեւէ գաղափար, որի իրականացումն արդյունք կտար։ Ավելին, մի՞թե որեւէ մեկը մոռացել է Հայաստանի 3 նախագահների՝ արմատապես տարբերվող մոտեցումների մասին՝ Արցախի վերաբերյալ։ Պարզ ցանկությունը՝ եկեք համախմբվենք, չի կարող արդյունք տալ բարդ քաղաքական իրավիճակներում։ Դա նշանակում է, որ չկա իրավիճակի իրական պատկերացում, խնդիրների սթափ գնահատում, դրանց լուծումների մասին պատկերացում։ Ցավոք, Հայաստանում քաղաքական կյանքում այդպես էլ տեղ չգտավ մասնագիտական աշխատանքի կարեւորությունը, խնդիրների ու դրանց լուծումների խորքային, իրական գնահատումը։ Պատահական չէ, որ այդ հանդիպումները՝ դեռ նոր սկսված, ավարտվեցին մեղադրանքներով։ Ընդհանրապես, անիմաստ էր ու անհիմն նման հանդիպում անցկացնելու վերաբերյալ խորհրդարանական ընդդիմության առաջարկը, այնպես, ինչպես անհիմն ու վտանգավոր էին ընդդիմության հանրահավաքներում հնչած մի շարք կոչեր՝ «սա քաղաքական պայքար չէ», «սա կուսակցական խնդիր չէ» եւ այլն։ Մի՞թե կարող է իշխանափոխության նպատակ ունեցող պայքարը քաղաքական չլինել, կամ մի՞թե կուսակցությունները չեն քաղաքական պայքարի գլխավոր մեխանիզմները։ Հայաստանի բազմակուսակցական համակարգում ձեւավորված տխուր պատկերը չի կարող վերացնել հանրահայտ ճշմարտությունները։
- ԱԺ ընդդիմությունը փողոցում չի պայքարում, կամաց վերադառնում են ԱԺ։ Իմպիչմենթը դժվար հաջողվի։ Ընդդիմության պահվածքը համահո՞ւնչ է իրավիճակին, եւ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ռեալ հնարավորություն տեսնո՞ւմ եք։ Ի՞նչ խորհուրդ կտաք ընդդիմադիրներին։
- Խորհուրդ տալու կարիք չկա, քանի որ խորհուրդ տալիս են նրան, ով խորհուրդ է հարցնում։ Սակայն արժե խոսել Հայաստանի քաղաքական համակարգի ճգնաժամի մասին։ Դա փորձել եմ անել 2021-ի խորհրդարանական ընտրություններից հետո՝ տպագրելով «Յո՞ երթաս, Հայաստան․ 2021» հոդվածը։ Ցավոք, տպավորություն է ձեւավորվում, որ խորհրդարանական ընդդիմության հնարավորությունները գրեթե սպառվել են։ Գրեթե չեք լսի իրավիճակի լիարժեք ու սթափ գնահատական, որեւէ գործնական գաղափար, քայլերի առաջարկ։ Բայց դա պատահական չէ, քանի որ չի ընկալվում ինստիտուցիոնալ մոտեցման առանցքային նշանակությունը՝ արժեքների, սկզբունքների ու գաղափարների առաջնայնությունը, հասարակության հետ կուսակցական կառույցների ակտիվ աշխատանքի անհրաժեշտությունը եւ այլն։ Խորհրդարանական ընդդիմության մեծ խմբակցությունը ինստիտուցիոնալացված չէ՝ չկա լուրջ գաղափարների, արժեքների ու սկզբունքների շուրջ համախմբում, չկան կուսակցական կառույցներ։
Հնարավոր չէ չտեսնել, որ ՀՅԴ-ն ունի մի շարք լուրջ օբյեկտիվ ու սուբյեկտիվ սահմանափակումներ, որոնք էական խոչընդոտ են երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման առաջնորդությունը ստանձնելու համար։ Խմբակցության մյուս անդամները քաղաքական առումով անկազմակերպ են, աշխատանքն ինստիտուցիոնալ բնույթ չունի։ Երկրորդ ընդդիմադիր խմբակցությունը շատ արագ կորցրեց երկու կուսակցություններից մեկին եւ, փաստորեն, մի քանի տեղ խորհրդարանում։
ՀՀԿ-ն թեեւ հայտարարել էր կուսակցության վերակառուցումների մասին, բայց ընթացիկ խնդիրների բեռի տակ դեռ հեռանկար չի երեւում։ Այս ուժերին անդրադարձ եղավ, քանի որ լուրջ վերադասավորումների նախադրյալներ նրանք ունեն։ Սակայն ժամանակն աշխատում է դրանց դեմ։ Արդյո՞ք խորհրդարանական ընդդիմությունն իրական փորձ կանի իրավիճակը շտկելու համար, նոր ձեւավորված կուսակցությունները կգնա՞ն այլ ճանապարհով։ Այս հարցերի պատասխանից է այսօր կախված Հայաստանի ու Արցախի ճակատագիրը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։