կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-17 17:50
Առանց Կատեգորիա

Քաղաքական տզրուկների ինքնահոշոտումը. ճշմարտության անողոք դեմքը-4

Քաղաքական տզրուկների ինքնահոշոտումը. ճշմարտության անողոք դեմքը-4

«Ժառանգություն» և ՀՀՇ կուսակցություններում հերթական պառակտումն է սկսվել: Այս կուսակցությունների ակտիվի մի մասը մյուս մասին մեղադրում է անցած շաբաթ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած՝ սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական կոնսուլտացիաներին մասնակցելու համար՝ դա որակելով իբրև «ծախվածություն»: Այսինքն` գործ ունենք սովորական, տիպիկ հայկական սինդրոմի հետ:

 

Իշխանությունն, իհարկե, շահագրգռված է քաղաքական ուժերին «հաճախորդը» դարձնելու ենթահողի վրա ընդդիմադիր դաշտը քարուքանդ անելու մեջ: Բայց դա զուտ ցանկության հարց չէ: Ինչպես ասում են՝ մարդուն ստիպողաբար հաճախորդ չես դարձնի:

 

Սերժ Սարգսյանը բացարձակապես մեղավոր չէ, որ անգամ հրավեր ընդունել-չընդունելու նման պրիմիտիվ հարցերը կուսակցության ներսում համաձայնեցնել չեն կարողանում և դրա պատճառով իսկական փոթորիկ են առաջացնում սեփական` մի բաժակ ջրում: Սերժ Սարգսյանը չէ մեղավոր այն բանում, որ ընդամենը մի տարի առաջ սահմանադրական փոփոխությունները և խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու անհրաժեշտությունը օրվա հրամայական համարող քաղաքական ուժը դառնում է այդ գաղափարի մոլի հակառակորդը: Եվ երբ հրավիրում են բանակցելու այդ սկզբունքային հայեցակետերի շուրջ, կուսակցությունում իսկական գզվռտոց է սկսվում, այսպես կոչված, սկզբունքայինների և «բազեների» կամ հեղափոխականների միջև: Այս կուսակցություններին առաջնորդողը սեփական մնայուն քաղաքական սկզբունքների, գաղափարների փոխարեն դարձել է Սերժ Սարգսյանի ձեռքը սեղմել-չսեղմելու «կամքի» կամ «թուլամորթության» տրիվիալ ցուցադրությունը:

 

Իսկ եթե այդպես է, ապա ինչո՞ւ նա չպետք է օգտվեր ստեղծված հնարավորություններից: Երբ «Ժառանգությունը» համագործակցում էր ընտրախախտումների ավանդույթի հիմքերը դրած առաջին նախագահի, նրան զուգահեռ` նաև գործող իշխանության հոգեզավակը հանդիսացող, բացահայտ ընտրակաշառքներ բաժանող ուժի ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, այդ կուսակցության անդամներն արդարանում էին, թե հանուն հիմնական քաղաքական նպատակների, տվյալ դեպքում` իշխանափոխության կենսագործման, պատրաստ են համագործակցել թեկուզ սատանայի հետ:

 

Խորհրդարանական կառավարման համակարգի անցնելը գոնե «Ժառանգության» համար ոչ պակաս կարևոր քաղաքական նպատակադրում է, ինչպես ՀՅԴ-ի պարագայում: Համենայն դեպս, «Ժառանգություն»-ից որևէ մեկը դեռևս հակառակը չի պնդել: Բայց քանի որ կուսակցության բազեները «ծախվածություն» են որակում անգամ այդ թեմայի շոշափումը իշխանության հետ, ստացվում է, որ, նրանց համար սատանա էլ կա, սատանա էլ. մի սատանայի հետ կարելի է համագործակցել՝ հանուն նպատակների, մյուսի հետ` ոչ: Եվ որքան կարելի է հասկանալ այս պահվածքից, միակ չափանիշը սատանայի գործող կամ չգործող լինելն է. որքան հին է, այնքան խրախուսելի է նրա հետ համագործակցությունը: Նույն տրամաբանությամբ` եթե վաղը «Սերժ Սարգսյան-սատանան» էլ հնանա, հանգիստ խղճով նրա հետ են գործարք կնքելու՝ ընդդեմ նոր սատանայի: Ահա սա է հայաստանյան քաղաքական սկզբունքայնության ոսկե բանաձևերից մեկը:

 

Մինչ ԲՀԿ-ի փլուզումը «հրաշալի եռյակը», մասնավորապես` դրա մի մասը հանդիսացող «Ժառանգությունը», կաշվից դուրս էր գալիս համոզելու, որ այս փոփոխությունները Սերժ Սարգսյանը նախաձեռնել է անձամբ իր իշխանության շարունակականությունն ապահովելու համար՝ ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնելու միջոցով: Ընդ որում` հենց սա էր բերվում որպես հիմնական փաստարկ՝ հիմնավորելու նախագահի կողմից սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը մերժելու դիրքորոշումը: Իհարկե, որևէ մեկը նման սցենարը բացառել չի կարող: Մանավանդ` եթե նկատի առնենք, որ նախորդ տարի առաջին անգամ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր իր կողմից նախագահի և վարչապետի պաշտոններն այլևս չստանձնելու մասին՝ դրանց թվում չնշելով ԱԺ նախագահի պաշտոնը:

 

Բայց եթե իսկապես նման մտավախություն կա, ապա ո՞րն է դա վերջնականապես փարատելու լավագույն միջոցը` գնալ, Սերժ Սարգսյանին այդ հարցն անմիջականորեն ուղղելը, նրանից ուղղակի պատասխան ստանալը և դրա վրա մարտավարություն կազմե՞լը, ինչի հնարավորությունը տալիս էր այդ հանդիպումը, թե՞ տեղերից բամբասանքային մակարդակով միայն քննադատություններ շռայլելն ու պոպուլիզմով էժան դիվիդենդներ շահելը:

 

Զարուհի Փոստանջյանը կամ Կարապետ Ռուբինյանը նախագահին հանդիպած իրենց գործընկերներին ծախված որակելուց առաջ գոնե փորձե՞լ են նրանցից հետաքրքրվել՝ այդ հարցը բարձրացրե՞լ են Սերժ Սարգսյանի առաջ, փորձե՞լ են պայման դնել՝ սահմանադրական բարեփոխումներին մասնակցել՝ ԱԺ նախագահի պաշտոնում նրա չառաջադրվելու խոստման պարագայում, թե՞ գնացել էին սուրճ խմելու, հետո բաժակները միասին նայելու: Եթե չեն հարցրել, ապա ո՞րն է նման որակումներ տալու հիմքը:

 

Մյուս կողմից` եթե Սերժ Սարգսյանն իսկապես նման նպատակներ ունի, ապա այդ պլանն իրականացնելու համար նախ պետք է հրաժարական տա նախագահի պաշտոնից՝ պատգամավոր առաջադրվելու համար, իսկ ՀՀԿ-ի կողմից խորհրդարանում մեծամասնություն կազմելու դեպքում նաև կարողանա ԱԺ նախագահ դառնալ:

 

Սա կարող էր այն եզակի հարմար առիթը լինել, որ ընդդիմադիր ուժերը փորձեին համատեղ ուժերով կանխել նման հնարավոր պլանի իրագործումը, թույլ չտալ ՀՀԿ-ին բացարձակ մեծամասնություն կազմել խորհրդարանում և կառավարություն ձևավորելու մենաշնորհ ձեռք բերել: Բայց որպեսզի դա կարողանան անել, իրենց «չծախվող» համարող ուժերը նախ պետք է առնվազն լուսանցքում չլինեն, գոնե 0+ արժեք ունենան և ի զորու լինեն ընտրատեղամասերի գոնե 1/3-ում վերահսկել ընտրությունների ընթացքը:

 

Եվ ուրեմն ինչո՞վ են սահմանադրական փոփոխությունները դրան հասնելուն խանգարում: Եթե նույնիսկ քաղաքական դաշտի այս անապատացումը իշխանության հետևողական ջանքերի արդյունքն է, ապա դրանում պատասխանատվության և մեղավորության կեսը, եթե ոչ ավելին, այդ ուժերինն է, որոնք թույլ են տալիս իրենց վերածել քայլող մումիաների, որոնք անգամ ներքին փոխադարձ անվստահության, ներսից ինքնահոշոտվելու համար են դրսում մեղավորներ փնտրում:

 

Եվ վերջապես, եթե այդ տարբերակն ընդունելի չէ, գյուղերում պատի տակ անուժ նստած պառավների նրան անցորդների ետևից ավել- պակաս խոսելու փոխարեն ավելի լավ կանեին այլընտրանքային լուծումներ առաջարկել: Այնպիսի լուծումներ, որոնց կեսը գոնե ի վիճակի լինեին սեփական ուժերով լուծելու՝ առանց մակաբույծների նման տվյալ պահի խոշոր «կենդանու» շալակը ելնելու և մինչև վերջինիս սատկելը նրա արյան հաշվին գոյատևելու:

 

Գևորգ Դարբինյան