կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-30 20:54
Առանց Կատեգորիա

ՀՅԴ-ի կրակին ձեռքեր տաքացնողները. ճշմարտության անողոք դեմքը-7

ՀՅԴ-ի կրակին ձեռքեր տաքացնողները. ճշմարտության անողոք դեմքը-7

Ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող խոշորացման գործընթացները, որոնք տեղի են ունենում դաշինքների ձևավորման կամ մեկ կուսակցության մեջ մանրերի տարրալուծման տեսքով, հետապնդում են մի պարզ նպատակ` անցնել խորհրդարան և առնվազն ստանալ այնքան մանդատ, որ հնարավոր դառնա ՀՀԿ-ին զրկել բացարձակ մեծամասնությունից, իշխանությունից: Այդ հնարավորությունը կստեղծվի նույնիսկ ոչ թե այն դեպքում, եթե որևէ ուժ 54 տոկոս քվե ստանա, այլև այն դեպքում, եթե կարողանան թույլ չտալ ՀՀԿ-ին` ստանալ 49 տոկոսանոց արդյունք: Այդ դեպքում ընդդիմադիրներն իրենք կարող են կոալիցիա ձևավորել, ԱԺ մեծամասնություն ունենալ և կառավարություն ձևավորել: Պրոցես, որն ինքնին իշխանափոխություն է:

Ակնհայտ է, որ եթե նման արդյունք ստանալն իրատեսական չհամարվեր, ներկայիս դաշինքամանիան դժվար թե նման ծավալներ ունենար: Իսկ այդ իրատեսականությունը պայմանավորված է երկու գործոնով: Առաջինը նախորդ տարի կայացած` Գյումրու և Վանաձորի ՏԻՄ ընտրություններն էին, որոնք, ըստ նոր ընտրական օրենսգրքի, կայացան գրեթե այն ընթացակարգով, որը պետք է գործի պառլամենտական առաջիկա ընտրությունների դեպքում: Հենց այդ պատճառով էին  ի սկզբանե դրանք համարվում ԱԺ ընտրությունների «մակետը» կամ փորձարկումը: Իսկ ինչի՞ հանգեցրեց այդ փորձարկումը` որ Գյումրու ավագանիում ՀՀԿ-ն մեծ դժվարությամբ կարողացավ մեծամասնություն կազմել, իսկ Վանաձորում իրավիճակն այնքան բարդ է, որ ավագանիում խմբակցություններ ձևավորած ուժերից երեքի միավորման արդյունքում արդեն ամիսներ շարունակ հնարավոր չի դառնում ավագանու նիստեր հրավիրել: Այսպիսի պատկեր հնարավոր չէր անգամ երևակայել նախկին Սահմանադրության և ընտրական նախկին օրենսգրքի պարագայում: Եվ այս արդյունքը հասկանալի դարձրեց, որ թեև խորհրդարանական կառավարման համակարգը նաև որոշակի ռիսկեր է պարունակում, բայց այն լուծում է պահի ամենակարևոր խնդիրներից մեկը` տալիս է համակարգ փոխելու հնարավորություն:

Երկրորդ գործոնը ՀՀԿ-ից որոշակի ռեսուրսային արտահոսքն է, որը նրա պոտենցիալ մրցակից ուժերը որակում են իբրև իշխանական բևեռի դիրքերի թուլացում: Չափազանց անառողջ տարրեր պարունակող այդ պրոցեսը ևս ուղղակի խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու «կողմնակի էֆեկտներից» է: Բանն այն է, որ 2018-ից վերանում է քաղաքական իշխանության երրորդ՝ մինչ այժմ եղած ամենաուժեղ բևեռը՝ նախագահի ինստիտուտը: Չի լինելու ուժային այն կենտրոնը, որը, անկախ նրանից, թե ԱԺ-ում քաղաքական ուժերի ինչպիսի հարաբերակցություն կձևավորվի, կմնա քաղաքականության թելադրողն ու իշխանության իրական կրողը: Սա համարձակություն է տալիս անգամ իշխանության թևի կենտրոնախույս ուժերին կամ անհատներին` տեղափոխվել նաև այլ դաշտեր:

Բացի դրանից, ԱԺ-ում մոտ 20-30 տոկոսով նվազում է պատգամավորական տեղերի թիվը: Դա ոչ միայն ընտրություններին մասնակցող ուժերի միջև է մեծացնում մրցակցությունն ամեն տեղի համար, այլև առաջին հերթին այդ ուժերի թիմերում՝ ցուցակի անցողիկ տեղերը զբաղեցնելու և ռեյտինգային կարգով առաջադրվելու համար: Եվ պարզ է, որ բոլորի ախորժակը բավարարել հնարավոր չի լինելու, ինչից էլ առաջանալու է դժգոհների, «խաղից դուրս» մնացողների որոշակի զանգված՝ հանգեցնելով իշխանությունից արտահոսքի:

Ամեն ինչ առաջին հայացքից թվում է օրինաչափ: Սակայն իրականում ստեղծվել է պարադոքսալ մի իրավիճակ: Սահմանադրական նոր կարգի, կառավարման նոր մոդելի ստեղծած այս հնարավորություններից ամենակատաղի ձևով փորձում են օգտվել այն անհատներն ու ուժերը, որոնք ընդամենը մեկ-մեկուկես տարի առաջ նույն կատաղությամբ դեմ էին արտահայտվում սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությանը, խորհրդարանական համակարգի ներդրմանը: Օրինակ` ներկայումս դաշինք ձևավորող «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը 2015-ին 10 պատճառ էր բերում, թե ինչու չի կարելի Սահմանադրության նոր խմբագրությանը կողմ լինել, որոնց թվում առաջինը համոզված պնդումն էր, թե «այս ամենն արվում է մեկ մարդու, մեկ քաղաքական ուժի՝ իշխանությունը պահելու հավակնությունները բավարարելու համար»: Այս տեսակետը ատամներով պաշտպանում էր նաև ներկայումս մյուս դաշինքային բևեռը կառուցող Գագինկ Ծառուկյանը՝ հայտարարելով, թե երկիրը ոչ թե սահմանադրական փոփոխությունների կարիք ունի, այլ սոցիալ-տնտեսական համակարգային փոփոխությունների: Նույն տեսակետն ունեին «Ելք» դաշինքի մեջ մտած «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները, անգամ`  խորհրդարանական համակարգի ներդրումն իր ծրագրային համոզմունքը համարող նախկին ՕԵԿ-ը կամ ներկայիս «Հայկական վերածնունդը», որի լիդերը հիմա հայտարարում է, թե իրենք ԱԺ ընտրություններում հաղթանակ տանելու, ասել է թե՝ իշխանություն ձևավորելու ամենափայլուն շանսերն ունեն:

Բայց պարադոքսն անգամ իրենց համար մերժելի փոփոխությունների «պտուղներից» օգտվելու` այս «խիստ սկզբունքային» ուժերի ինքանամոռաց ձգտումները չեն, այլ այն, որ նույնիսկ հիմա չեն ուզում խոստովանել, որ սխալվել էին, և որ հենց նոր համակարգն է տալիս Հայաստանում համակարգային իշխանափոխություն իրականացնելու` գուցե միակ իրական հնարավորությունը՝ անկախ նրանից, թե «համակարգային»-ի տակ ով ինչ է հասկանում: Դրանք այն ուժերն են, որոնք ՀՅԴ-ին` ըստ էության, քաղաքական ներկայիս դաշտում խաղացող միակ ուժին, որը, նույնիսկ իշխանության մեջ մտնելով, քաղաքական դիվիդենդներ կորցնելու գնով գնաց խորհրդարանական համակարգի ներդրման` իր սկզբունքային ծրագրային նպատակի իրականացմանը, մեղադրում էին ՀՀԿ-ական իշխանության վերարտադրումն սպասարկելու մեջ: Հիմա այդ տղերքին մնում է հարցնել` ինչպես հասկանալ՝ դուք է՞լ եք այդ գործին լծվել, թե՞ ձերը մի ուրիշ տեսակի սկզբունքայնություն է, որը սնվում է ամենամատչելի աղբյուրից՝ պոպուլիզմից, և որն իր ձեռքերը տաքացնում է այլոց, տվյալ դեպքում` ՀՅԴ-ի վառած կրակին: Հիմա ձեր այդ «սկզբունքայնությո՞ւնը» ավելի շատ մոտեցրեց ձեր ցանկալի իշխանափոխությունը, տվեց այդ հույսը, թե՞ այն, ինչի անհրաժեշտությունը շեշտում էր ՀՅԴ-ն և ինչի հետևից գնաց:

           Գևորգ Դարբինյան