Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Նոր Հայաստան» նախաձեռնությանը մաս կազմող «Հիմնադիր խորհրդարան»-ի ղեկավարներից Ժիրայր Սեֆիլյանը երեկ ասել է, թե իրենք կոչ են անում հասարակությանը՝ դեկտեմբերի 6-ին ընտրությունների չգնալ և դուրս գալ փողոց` բոյկոտելով հանրաքվեն, դիմելով գործադուլների և քաղաքացիական անհնազանդության այլ միջոցների: Նման մոտեցումը, սակայն, փակուղային է, և կա երեք ակնառու պատճառ:
1. Զուտ իրավական տեսանկյունից՝ հանրաքվեին, ընտրություններին մասնակցելը հայաստանյան օրենսդրությամբ քաղաքացու իրավունքն է, այլ ոչ թե պարտականությունը: Մի կողմ թողնենք այն փաստը, որ, ելնելով հենց ընտրություններին չմասնակցողների գործոնը համակարգային ընտրակեղծարարության մեխը դարձնելու իրողությունից և ընտրություններից հանրային համատարած հիասթափության մակարդակից, գուցե արդեն ժամանակն է մտածել ընտրություններին մասնակցելը քաղաքացու պարտականությունը դարձնելու մասին: Բայց իրավունքը պարտականությունից առաջին հերթին տարբերվում է նրանով, որ պարտականության չկատարումը կարող է և պետք է չկատարողի համար առաջացնի իրավական հետևանքներ, իսկ իրավունքից չօգտվելը` ոչ: Հետևաբար, որևէ մեկը չի կարող մյուսին պատժել իր այս կամ այն իրավունքից, այդ թվում՝ նաև ընտրելու իրավունքից չօգտվելու համար: Այսինքն` չհնազանդվել կարելի է պարտականությունների կատարմանը, այլ ոչ թե սեփական նախաձեռնությամբ սեփական իրավունքներից օգտվելուն կամ չօգտվելուն: Սա մոտավորապես նույնն է, որ մարդը հայտարարի, թե չի ուզում ուսում ստանալ և դիմի... հացադուլի:
Եթե խոսքը վերաբերում է առհասարակ իշխանափոխության համար, այլ ոչ թե հանրաքվեի դեմ քաղաքացիական անհնազանդությանը, ապա անհասկանալի է, թե այդ դեպքում ինչո՞ւ է «Նոր Հայաստանը» սպասում մինչև դեկտեմբերի 6-ը` հանրաքվեի օրը: Այդ անհնազանդությունը կարելի է դրսևորել նաև հիմա, այս պահին: Քանի որ «Ոչ»-ի այս հատվածը չի դիմում դրան, նշանակում է՝ ցանկացած դեպքում փորձում է օգտվել հանրաքվե անցկացնելու միջոցով իշխանությունների` իրենց տված առիթից: Նրանք, իհարկե, ունեն դրանից օգտվելու իրավունք, ընդ որում` առանց անհնազանդություն հայտնելու: Բայց մյուս հատվածը, հասարակությունն այդ դեպքում նույնքան իրավունքներ են ստանում դրանից եզրակացնելու, որ այդ ուժերը ոչ թե չեն ուզում, այլ իրենց ռեսուրսներով պարզապես ի վիճակի չեն նման խնդիր առաջադրել և լուծել: Հետևաբար, հանրաքվեից կառչելն ավելին չէ, քան սեփական անզորության ակամա ինքնախոստովանությունը:
2, Քաղաքացիական անհնազանդությանը դիմելու կողմնակիցներն այդ քայլի օրինականությունը կամ սահմանադրականությունը հիմնավորելու համար հղում են կատարում Սահմանադրական դատարանի ինչ-որ որոշման: Գուցեև նման որոշում կա, թեև ճիշտ կլիներ, որ այն դրվեր սեղանին: Տվյալ դեպքում, սակայն, էականը դա չէ: Այլ այն, որ եթե հղում են անում ՍԴ այդ որոշմանը, ապա, ուզեն, թե չուզեն, լեգիտիմացնում են ոչ միայն այդ որոշումը, այլև ՍԴ-ի կայացրած բոլոր որոշումները, այդ թվում՝ նաև համապետական նախորդ ընտրությունների արդյունքներով գործող իշխանության հաղթանակը վավերացնող այն որոշումները, որոնք ժամանակին «Ոչ»-ի ճամբարում հանգրվանած ուժերից շատերը չէին ընդունում ՍԴ-ի անկախությունն ու լեգիտմությունը վիճարկելու պատճառով: Իսկ եթե ընդունում են այդ որոշումների օրինականությունը, ապա ընդունում են նաև գործող իշխանության օրինականությունը: Այդ դեպքում ինչի՞ կամ ո՞ւմ դեմ են իրենք դուրս եկել պայքարի` օրինական իշխանությունների՞: Տրամաբանակա՞ն է, արդյոք, իշխանափոխության նպատակով ընտրված մարտավարության օրինականությունը հիմնավորելու համար հղումներ կատարել նույն այդ իշխանության սպասարկուն լինելու մեջ մեղադրվող պետական օրգանի կայացրած որոշումներին: Գուցե «Նոր Հայաստանը» տա՞ այս հանելուկի պատասխանը: Թե՞, իշխանությունից բացի, նաև ընդդիմության համար է կենսակերպ դառնում իրավական ակտերն ըստ հայեցողության ու քիմքին հարմար մեկնաբանելը:
3. Որոշ դեպքերում ոչ սիրողական մակարդակով հիմնավորված քաղաքացիական անհնազանդությունը կարող է լինել արդյունավետ միջոց, եթե ապօրինի իշխանությունից ազատվելու այլ տարբերակներ չկան: Բայց դրա համար անհրաժեշտ է երկու պարտադիր նախապայման: Առաջինն անհնազանդության հետևանքների համար լիարժեք և ամբողջական պատասխանատվությունն է: Պետության հանդեպ որոշակի պարտավորությունների չկատարումը ենթադրում է քաղաքացիա-իրավական կամ քրեական պատասխանատվություն: Ո՞վ և ինչպե՞ս է այդ քայլին դիմող քաղաքացիներին երաշխավորելու պաշտպանություն անհնազանդության հետևանքներից: Արդյո՞ք մարդկանց անհնազանդության տանող ուժերն ունեն գործընթացը ցանկալի արդյունքին հասցնելու վստահությունը հանրությանը ներշնչելու ռեսուրս: Այդ երաշխիքները ՀԱ՞Կ-ն է տալու, որի լիդերը 2011թ. Մատենադարանի մոտ անցկացված հանրահավաքում անհնազանդության պատրաստակամություն հայտնող հասարակությանը սաստում էր,թե ինքը ոչ թե ըմբշամարտով է զբաղվում, այլ՝ իշխանության հետ շախմատ խաղալով: Գուցե այդ երաշխիքը «Ժառանգությո՞ւնն»> է տալու, որը մսխեց 2013թ. հանրային վստահությունը և լիարժեքորեն քաղաքացիական անհնազանդության դիմող հասարակությանը տարավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ աղոթելու: Թե՞ «Հիմնադիր խորհրդարանը», որն արհամարհում էր ապրիլի 24-ը ներքաղաքական խնդիրների լուծման խաղադաշտ սարքելուց խուսափել հորդորող այն քաղաքացիների կոչերը, որոնցից հիմա անհնազանդություն է ակնկալում:
Երկրորդ նախապայմանն այն է, որ, առանձին վերցրած, յուրաքանչյուր քաղաքացու համար պարզ լինի, թե հանուն ինչի՞ պետք է դիմի այնպիսի ծայրահեղ և վտանգավոր քայլի, ինչպիսին քաղաքացիական անհնազանդությունն է. ի՞նչ է ստանալու դրանից, ինչպե՞ս ու ինչքանո՞ է այդ քայլը փոխելու իր կյանքը, ի՞նչ ավելի լավ, լուսավոր այլընտրանք է առաջարկվում իրեն: Արդյոք կարողացե՞լ են անհնազանդության կոչ անողները բացատրել իրենց պոտենցիալ «բանակին», որ հանրաքվեի տապալումն ավելի լավ է, քան չտապալումը: Կամ` արդյո՞ք իշխանությունից Սերժ Սարգսյանին հեռացնելն ապահովագրում է իշխանությունը նոր սերժսարգսյաններից, իշխանության նոր մենաշնորհայնացումից կամ նոր մոնոլիտացումից: Եթե՝ այո, ապա թող բացատրեն` ինչպե՞ս: Մինչև այս տարվա փետրվարի 12-ը նրանց առաջարկած «լուսավոր» այլընտրանքը Գագիկ Ծառուկյանն էր: Հիմա՞ ով է...
Գևորգ Դարբինյան