Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, քաղաքագետ-մշակութաբան Անուշ Սեդրակյանը հայտարարել է կուսակցությունից դուրս գալու մասին: Իր այդ որոշումը նա բացատրել է կուսակցության որդեգրած կուրսի հետ սկզբունքորեն համաձայն չլինելով: Խնդիրն այն է, որ «Ազատ դեմոկրատներ»-ը ներկայումս նախընտրական դաշինք ձևավորելու շուրջ բանակցություններ են սկսել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ղեկավարած` աջակողմյան «Ազատություն» կուսակցության հետ միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու շուրջ: Սեդրակյանը համոզված է, որ ներկայիս քաղաքական համակարգում դաշինքային ձևաչափը դատապարտված է՝ վկայակոչելով 2012թ. խորհրդարանական ընտրություններին «Ազատ դեմոկրատներ»-ի և «Ժառանգություն» կուսակցության ստեղծած դաշինքի անփառունակ վախճանը:
Սեդրակյանի քայլը հայաստանյան միջին վիճակագրական կուսակցականի համար նոնսենս է. ինչպե՞ս կարելի է դուրս գալ ընտրություններին մասնակցել պատրաստվող կուսակցությունից հենց ընտրությունների նախաշեմին, երբ մարդիկ խմբերով են կուսակցություններին անդամագրվում՝ սկսած երկրի վարչապետից:
Անուշ Սեդրակյանը լիբերալ հայացքների կրող է և, այսպես ասած, երդվյալ եվրոպամետ: Կարելի է նրա հայացքների հետ համաձայնել, կարելի է չհամաձայնել, բայց փաստ է, որ այդ «աննորմալ» որոշման հիմքում ընկած են քաղաքական սկզբունքները, քաղաքականության մասին առողջ պատկերացումը: Այսինքն` այն, ինչի պակասը շատերին դրդում է հատկապես նախընտրական շրջանում հնարավորինս արագ սողոսկել որևէ կուսակցություն, իսկ եթե հնարավոր է՝ նաև դրա ընտրական ցուցակի անցողիկ հատված, իսկ կուսակցություններին ստիպում է տենդագին կերպով փնտրել պոտենցիալ դաշնակիցներ: Դրա պակասն է, որ նախարար հանդիսացող անձին ստիպում է բաց տեքստով հայտարարել, թե իրեն ծանոթ չէ այն կուսակցության գաղափարախոսությունը, որին անդամագրվելու դիմում է գրում, և որ ինքը միայն գիտի, որ այդ պահին անդամակցելն անհրաժեշտ է: Այսինքն` միևնույն է՝ կուսակցությունը ֆաշիստական է, ծայրահեղական կամ պահպանողական, կարևորը՝ անդամակցության «մոմենտը» չկորցնելն է: Դրա պակասն է, որ ընտրություններից առաջ` մեկ գիշերում, միանգամից 7000 հոգի հանկարծ իր մեջ նժդեհականության և պահպանողականության ոգի ու ՀՀԿ-ին անդամակցելու անհագ ցանկություն է հայտնաբերում:
Նախընտրական շրջանի մեկնարկին խորհրդարանական և արտախորհրդարանական բոլոր` քիչ, թե շատ ակտիվ ուժերն իրենց ռազմավարությունն են որոշում՝ ընտրություններին մասնակցելու և առավելագույն արդյունքի հասնելու համար: ՀՀԿ-ն իր ղեկավար կազմն է թարմացնում՝ առաջին պլան մղելով վարչապետ Կարեն Կարապետյանին և նրա բարեփոխիչ կերպարը: ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանին է գրեթե աղաչում վերադառնալ կուսակցություն և կրկին գլխավորել այն՝ նրա կողմից որևէ արձագանքի չարժանանալով: Ծառուկյանի խոսքին է սպասում նաև նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հիմնած «Համախմբում» կուսակցությունը՝ շատ լավ հասկանալով, որ սեփական համեստ ռեսուրսներով և քաղաքական կասկածելի կապիտալով անիմաստ է մտածել ընտրություններին մասնակցելու մասին: ՕԵԿ-ը փորձում է ուտել իր իսկ եփած «Հայկական վերածնունդ»-ի ճաշը և չի գտնում ընտրական ցուցակի ձևավորման այնպիսի բանաձև, որ հատուկ ՀՎ-ի ցուցակում հայտնվելու համար իրեն միացած բոլոր մարգինալների ախորժակը բավարարի: «Ժառանգություն», «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություններն ակտիվ քննարկումների մեջ են` ոչ միայն դաշինքով ընտրություններին մասնակցելու, այլև հետագայում մեկ կուսակցության մեջ համաձուլվելու շուրջ: Ինչպես նշեցինք՝ դաշինք ձևավորելու բանակցություններն են ընթանում նաև «Ազատություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միջև: Դրան զուգահեռ` ընտրություններից «5 պակաս» ասպարեզ մտնելու փորձեր են անում նոր նախաձեռնություններ, օրինակ` հիմնականում նախկին ԲՀԿ-ականների բազայի վրա ստեղծվող «Միասնություն» շարժումը:
Մի խոսքով` քաղաքական դաշտը սկսել է եռալ և շնչել ու արտաշնչել միայն նախընտրական կրքեր: Դա միանգամայն բնական կլիներ, եթե ամեն ինչ չսկսվեր ու չավարտվեր բացառապես ընտրություններով և ընտրություններին մասնակցության հարցը լուծելու կարճաժամկետ պլանավորմամբ: Դեռ մի կողմ թողնենք այն իրողությունը, որ վերոնշյալ բոլոր ուժերն էլ այս եռուզեռն սկսել են ոչ թե ընտրություններին հաղթանակ տանելու և մեծամասնություն ձևավորելու, այլ ընդամենը խորհրդարան անցնելու, գոնե դրա նվազագույն շեմը հաղթահարելու համար: Դրա մասին է խոսում փաստը, որ շատերը նախընտրում են ոչ թե դաշինքներ կազմել, այլ հանդես գալ մեկ կուսակցության ցուցակով: Որովհետև դաշինքով ընտրություններին գնալու դեպքում ստիպված են հաղթահարել ԱԺ մտնելու 7 տոկոսանոց շեմը, մինչդեռ` կուսակցության պարագայում այդ շեմը 5 տոկոս է: Պարզ է՝ եթե նպատակը հաղթելը լիներ, և եթե այդ ուժերը վստահ լինեին իրենց` եթե ոչ հաղթելու, ապա գոնե երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու հնարավորության մեջ, տակտիկական նման մանրուքների 2 տոկոսի տարբերությունը չեզոքացնելու ետևից չէին ընկնի:
Այդ ուժերին հիմա բացարձակապես չի մտահոգում՝ ի՞նչ է լինելու դրանից հետո, որքանո՞վ կարող է իրենց ձևավորած ֆորմալ կամ ոչ ֆորմալ դաշինքը լինել կենսունակ, հեռանկարային, որքանով է այն վայելում հասարակական պահանջարկ: Տեղի է ունենում բառացիորեն այն, ինչ արձանագրվեց «Ժառանգության» և ՀԱԿ-ի պարագայում 2012թ. ընտրությունների ժամանակ: Բացառապես խորհրդարան անցնելու խնդիր լուծելու նպատակով դաշինքների ու միասնական ցուցակների ձևավորումը հանգեցրեց նրան, որ ընտրություններից գրեթե անմիջապես հետո այս երկու խմբակցություններն էլ սկսեցին փուչիկի նման պայթել՝ ի վերջո, ստեղծելով մի իրավիճակ, երբ, օրինակ, յոթ պատգամավոր ունեցող խմբակցությունում անգամ երեք հոգի չէր կարողանում միասնական դիրքորոշում հայտնել և քվեարկել: Իսկ պատճառն այն է, որ կուսակցություն հասկացությանը դադարել են մոտենալ որպես գաղափարական-արժեքային ինստիտուտի, և միավորմանն ուղղված քաղաքական պրոցեսները կառուցվում են ոչ թե գաղափարական, ծրագրային ընդհանուր առանցքի, պլատֆորմի շուրջ, այլ կարճաժամկետ ամբիցիաների: Օրինակ՝ դեռ այնքան էլ հասկանալի չէ՝ ինչպե՞ս է ձևավորվելու հայաստանակենտրոնության դիրքերից հանդես եկող ՔՊ-ի, Հայաստանը բացառապես ԵՄ-ի մեջ տեսնող «Լուսավոր Հայաստանի», քաղաքական պայքարի նաև ծայրահեղ միջոցների կիրառման կողմնակից և անգամ իր ներսում լուրջ խնդիրներ ունեցող «Ժառանգության» միջև:
Եվ ստեղծվում է անհեթեթ մի իրավիճակ: Սահմանադրական փոփոխություններով խորհրդարանական համակարգին և խորհրդարանական ընտրությունների համամասնական ընտրակարգին անցնելը հիմնավորվեց նրանով, որ դա կհանգեցնի կուսակցական համակարգի առողջացման: Դատելով առանձին անհատների կուսակցական դառնալու անկեղծ բացատրություններից և այն «տրամաբանությունից», որը դրվում է նախընտրական միավորումներ ստեղծելու հիմքում, թվում է, թե շատ բան չի փոխվել. քաղաքական հասունացման առումով` շարունակում ենք դոփել ունեցած ցեխի մեջ:
Գևորգ Դարբինյան