Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ դատախազությունից վերջապես ստացվել է պատասխան` Պերմյակովի գործի հետ կապված, սակայն պատասխանել են ոչ թե ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, այլ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, ով հարցում էր ուղարկել ՌԴ դատախազություն, թե կհանձնե՞ն, արդյոք, Պերմյակովին Հայաստանի իրավապահներին:
Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Yerkir.am-ի հարցին, թե արդյո՞ք դա նվաստացուցիչ չէ ՀՀ գլխավոր դատախազության համար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գյումրեցի Սուքիաս Ավետիսյանը նշեց. «Զարմանում եմ, որ դատախազությունը չի պատասխանել գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նամակին, այլ նախընտրել է առաջինը պատասխանել Զարուհի Փոստանջյանի նամակին: Ինձ համար դա անհասկանելի է: Կարծում եմ, որ առաջին հերթին պետք է պատասխաներ Գևորգ Կոստանյանի դիմումին, գուցե դեռ քննարկման փուլում է: Իսկ Փոստանջյանին փորձել են արագ պատասխանել, որ ամեն անգամ նորից նամակ չգրի»:
Սուքիաս Ավետիսյանը հավելեց. «Որևէ նվաստացուցիչ հանգամանք չկա, որ դատախազությունը առաջինը Փոստանջյանին է պատասխանել: Չգիտես` ինչու ամենքն իրենց կողմից փորձում են ասել, որ գործը պետք է արագ քննվի, բայց կարող է այնպիսի հարցեր կան, որ պետք է շատ մանրակրկիտ ձևով քննվի: Ես կարծում եմ, որ ամեն մեկը չպիտի փորձի իր հերթին ամեն ինչ արագացնել, կան փաստաբաններ, ես կարծում եմ, որ այստեղ ավելի շատ փաստաբանները հստակ իրենց կարծիքները արտահայտեն, և չեմ կարծում, որ ամեն մեկը պետք է միջամտի, իր հերթին նամակներ գրի»:
Պատգամավորը ՌԴ դատախազությունից Զարուհի Փոստանջյանին ուղարկված պատասխանը վերջնական պատասխան չի համարում. «Ինձ համար շատ կարևոր են գործի մանրամասների բացահայտումը և դրա մասին հասարակության տեղեկացվածությունը: Ինձ համար կարևոր է, որ վճիռը կայացվի հանուն Հայաստանի Հանրապետության»: