կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-11 12:48
Քաղաքական

Ստուկաչության խնդիր կա, մարդիկ նամակ են գրում ռուսաց թագավորին. ՀՀԿ-ականը՝ ՀԱԿ-ականին

Ստուկաչության խնդիր կա, մարդիկ նամակ են գրում ռուսաց թագավորին. ՀՀԿ-ականը՝ ՀԱԿ-ականին

Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ԱԺ պատգամավորները` ՀՀԿ-ից Վարդան Այվազյանը, ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը, ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը և ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը, ներկայացրեցին իրենց տեսակետները վերջերս կառավարության կողմից ներկայացված հարկման մասին`աղմկահարույց օրենքի վերաբերյալ:

 

Խոսքը «Եկամտահարկի մասին» և «Շահութահարկի մասին» օրենքներում փոփոխություններ անելու մասին է, ըստ որոնց` հարկ է սահմանվում  ՀՀ ռեզիդենտ այն կազմակերպությունների համար, որոնք աշխատուժ են արտահանում արտերկիր շինարարության ոլորտի աշխատանքների համար:

 

Հարցին, թե արդյո՞ք կան հաշվարկներ, թե որքան ՀՀ ռեզիդենտ կազմակերպություն է նման աշխատանքով զբաղվելու, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը պատասխանեց, որ նման հաշվարկ չկա, բայց հույս ունի, որ մոտ ժամանակներս կհաշվեն ու կներկայացնեն այդ կազմակերպությունների թիվը:

 

ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը նշեց, որ այդ օրենքը համապարփակ չներկայացվեց, ահա` ինչու իրարամերժ կարծիքներ ձևավորվեցին: «Սա արտագնա աշխատանքի մեկնող անհատ քաղաքացիներին չի վերաբերում, բայց օրենքը օդից չի գալիս, հարցականի տակ է սպասումների հարցը»,- ասաց նա:

 

Պատգամավորը մտահոգ էր, թե արդյո՞ք օրենքը կխթանի արտագաղթը: «Միևնույն է, այսպես, թե այնպես ՀՀ քաղաքացիները գնալու են արտերկիր` աշատանքի, որովհետև Հայաստանում շինարարության ոլորտը անկում է ապրում, ու եթե դա կնպաստի արտագաղթին, կառավարությունը պետք է  ներկայացնի ռիսկերը, որովհետև դա կոմպլեքս խնդիր է, այլ ոչ միայն բիզնես խնդիր: Իսկ կառավարությունը օրենքը ներկայացնելիս թվեր, ռիսկեր ու սպասումներ չներկայացրեց»,- ասաց Միքայել Մելքումյանը:

 

Հարցին, թե ինչո՞ւ օրենքը հապճեպ բերվեց ԱԺ, Վարդան Այվազյանը պատասխանեց, որ կառավարությունն է որոշում, թե ինչ կարգով է ներկայացնում օրենքը: «Ոմանք արդեն ռուսաց թագավորին էին նամակ գրում: Բարեբախտաբար, թե դժբախտաբար, այսօր խոսքի ազատություն կա, ու չուզողությունը մեկը մյուսի հանդեպ մեծ չափերի է հասել»,- ասաց նա:

 

Հիշեցնենք, որ ԱԺ-ում օրինագծի քննարկման ժամանակ Հրանտ Բագրատյանն էր, որ տարակուսեց, թե` «բա որ մեզանից մեկը նամակ գրի Պուտինի՞ն»` շեշտելով, որ այդ օրենքը կարող է հարուցել Ռուսաստանի դժգոհությունը:

 

Արամ Մանուկյանը մտահոգություն հայտնեց, որ օրենքը նպաստելու է արտագաղթին, իսկ Վարդան Այվազյանը, կրկին ակնարկելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանին, նշեց. «Ստուկաչության խնդիր կա, մարդիկ նամակ են գրում ռուսաց թագավորին»: