|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը նորմալ է համարում Կոտայքի մարզպետի պաշտոնում Գագիկ Ծառուկյանի փեսայի` Կարապետ Գուլոյանի նշանակումը: Yerkir.am-ի հետ զրույցում նա ասաց. «Հարմար են գտել նրան նշանակել այդ պաշտոնում: Գործող քաղաքապետ է, նպատակահարմար են գտել նրան նշանակել»:
Մեր այն հարցին, թե ինչո՞ւ հենց այս պահին որոշեցին նրան նշանակել Կոտայքի մարզպետ, ՀՀԿ-ական պատգամավորը հստակ պատասխան չուներ: «Թեկնածուները շատ են եղել, նախկին մարզպետին` Արամ Հարությունյանին, որոշել են տեղափոխել այլ աշխատանքի, հարմար են գտել մարզպետի պաշտոնում Կարապետ Գուլոյանին նշանակել»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե զուգադիպություններ չի՞ նկատում ինչ-ինչ իրադարձությունների հետ, Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Հա ի՞նչ վատ է որ: Թող լինեն զուգադիպություններ: Զուգադիպությունը վատ բան չէ... Այն խոշոր քաղաքներում, որտեղ քաղաքապետերը լավ են աշխատում, չի խանգարում, որ հետագայում նրանք իրենց ուժերը փորձեն մարզպետի պաշտոնում»:
Փաստորեն, իսկապե՞ս բարձր պաշտոնների նշանակման ճանապարհն անցնում է Մելիք-Ադամյան փողոցով, ինչպես վստահեցնում էր ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Սուքիաս Ավետիսյանին հարցը դուր եկավ: «Նու, ընդհանրապես ամեն ինչը հիմա անցնում է Մելիք-Ադամյան փողոցով»,- ասաց պատգամավորը: