Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գյումրիում տեղի ունեցած սպանդի գործով միակ մեղադրյալ Վալերի Պերմյակովի նկատմամբ հոգեբանա-հոգեբուժական փորձաքննություն կանցկացվի: Դա կտա շատերին հուզող այն գլխավոր հարցի պատասխանը, թե Պերմյակովը հոգեկան խնդիրներ ունի՞, հանցանքը կատարելիս հոգեպես հավասարակշռվա՞ծ է եղել, թե՞ ոչ:
Նշենք, որ մարդու բնավորության, վարքի և հոգեվիճակի մասին կարող են վկայել նրա շարժումները, միմիկան, ժեստերը, ձայնը և այլն: Դրան yerkir.am-ն իր հրապարակումներից մեկում մանրամասն անդրադարձել է:
Երեկ ՀՀ քննչական կոմիտեն տեսանյութ տարածեց, որում դրվագ էր ներկայացված Վալերի Պերմյակովի հարցաքննությունից: Տեսանյութում անջատված էր ձայնը, հասկանալի պատճառներով ծածկված էին հարցաքննության սենյակում նստած անձանց դեմքերը: Տեսանյութում թեև կարճ, սակայն պարզ երեւում էր Պերմյակովի դեմքի միմիկան: Հենց դրա միջոցով էլ հանրապետության փորձառու հոգեբաններից մեկի օգնությամբ փորձեցինք հասկանալ, թե ինչ տպավորություն է թողնում նա առաջին հայացքից:
Ներկայացնում ենք Պերմյակովի հարցաքննության տեսանյութի վերաբերյալ մեր զրույցը հոգեբան, գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա Ստեփանյանի հետ:
-Տեսանյութում երևում է Պերմյակովի դեմքը, հնարավո՞ր է դրանից ինչ-որ չափով պատկերացում կազմել նրա հոգեվիճակի մասին:
-Անձի մասին հնարավոր է կարծիք կազմել` զրուցելով, հայացքին, միմիկային ու շարժումներին հետևելով: Քանի որ հնարավորություն չկա նրան կենդանի տեսնելու և շարժուձևը գնահատելու, իսկ տեսանյութն էլ շատ կարճ է, հնարավոր է` կարծիքս ոչ այնքան օբյեկտիվ լինի: Սակայն, դատելով ներկայացվածից, ասեմ, որ ես սպասում էի, թե նրան կտեսնեմ ավելի շփոթված, խառնված, ընկճված, բայց, ի զարմանս ինձ, նա շատ հանգիստ էր, մեր լեզվով ասած` շատ արխային:
-Տեսանյութը դիտելուց հետո Ձեր առաջին տպավորությունը նրա մասին:
-Նա շատ ադեկվատ մարդու տպավորություն է թողնում, պարզապես կա'մ ինքը չի գիտակցում, թե ինչ հրեշագործ արարք է կատարել, կա'մ հանգիստ է, որ հարցաքննությունն ինչ-որ փուլ է, որը պետք է հաղթահարի:Այնպիսի տպավորություն է, թե նա մտքում ասում է. «Երբ է վերջապես այս ամենն ավարտվելու»:
-Այտերի կարմրածությունն ինչի՞ մասին է վկայում:
-Մի փոքր հուզված է:
-Ի՞նչ հոգեվիճակում կարող էր 20-ամյա տղան նման հանցագործություն կատարել:
-Նա կարող էր այդ հրեշագործությունը կատարել, եթե նրան, օրինակ, ներշնչեին, որ դա կարևոր հանձնարարություն է, որի հետևանքները ծանր չեն լինելու, այսինքն` նա հանգիստ է, քանի որ գիտակցում է, որ ամեն ինչ նորմալ հունով է ընթանալու, կամ էլ նա բացարձակ չի գիտակցում հետևանքների մասին:
-Պատկերացնենք, որ նա աֆեկտի ազդեցության տակ է դուրս եկել զորամասից և հանցագործությունը կատարել:
-Աֆեկտը կարճատև հուզական վիճակ է: Երբ մարդը տարածություն է անցնում, նա այդ ընթացքում պետք է դուրս եկած լինի աֆեկտից, եթե ոտքով է գնացել, քայլելու ընթացքում, օդի ազդեցության տակ նա հաստատ պետք է ազատված լիներ աֆեկտիվ վիճակից: Եթե մարդն աֆեկտի մեջ է լինում և ոչինչ չի անում, մի քանի րոպե հետո դա պետք է անցնի, հնարավոր չէ, որ աֆեկտն այդքան երկար տևի: Երկար կարող են տևել սթրեսային կամ վախի վիճակները:
-Առանձնակի դաժանությամբ երեխայի սպանելու համար ի՞նչ հոգեվիճակում կարող է լինել մարդը:
- Ենթադրենք նա բոլորին գնդակահարեց, այդ պրոցեսում հնարավոր է, որ նրա մոտ աֆեկտիվ վիճակ առաջանա, և նրա վերջին հրեշությունը` այսինքն` փոքրիկին սվինով սպանելը, լինի աֆեկտիվ վարքի ազդեցության տակ: Նման կերպ երեխային սպանելու համար կա'մ պետք է ունենալ հոգեկան շատ ուժեղ խանգարում, հոգեպես անհավասարակշռված լինել, կա'մ հոգեբանորեն պատրաստված լինել դրան: Օրինակ` ահաբեկիչները կամ մահապարտները պատրաստվում են դրան, այսինքն` կարծես անջատում են գիտակցական ոլորտը և պահի ազդեցության տակ նման արարք կատարում:
-Պերմյակովի դեմքին մեղքի զգացում նշմարվո՞ւմ էր:
-Ես նրա դեմքին մեղքի զգացում չնկատեցի, հանգիստ էր, մի տեսակ` շատ հանգիստ, նրա դեմքին մեղքի զգացում չկարողացա նկատել:
Զրուցեց` Թագուհի Մելքոնյանը