կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-20 13:53
Քաղաքական

Եթե փախչեմ, քեզ հետ եմ փախչելու. ՀՀԿ-ականը՝ Փոստանջյանին

Եթե փախչեմ, քեզ հետ եմ փախչելու. ՀՀԿ-ականը՝ Փոստանջյանին

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում, ուր ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հիմքերը, հարակից զեկուցող՝ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը նշեց, որ ինքը մանրակրկիտ ստուգել և ուսումնասիրել է այդ փաստաթուղթը ու փորձել հասկանալ դրա տրամաբանությունը:

 

«Առաջին անգամ, երբ կարդացի, ինձ մոտ ստեղծվեց տպավորություն, որ Նիկոլ Փաշինյանն իր պատկերացումների ամփոփ ժողովածուն է ներկայացրել ԱԺ-ում: Ես չեմ ցանկանում և նպատակահարմար չեմ համարում այս փաստաթուղթը քննարկել իրավական հարթությունում, որովհետև այն քաղաքակական է: Եթե կլինի ցանկություն զուտ իրավական հարթությունում բանավիճելու, համոզելու, սիրով կհրավիրեմ ինձ մոտ կամ այլ հրապարակային հարթակ՝ քննարկելու այն: Բայց այս պարագայում ու այս ձևով և այս իրավական հարթությունում այն զուրկ է հիմնավորումներից: Մենք գտնում ենք, որ այն չի կարելի դնել շրջանառության մեջ»,- ասաց Հովհաննես Սահակյանը:

 

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշեց. «Հասկանալի է, որ այս գործընթացն այստեղ չի կարող հաջողություն ունենալ, որովհետև չկա համապատասխան աջակցություն այլ քաղաքական ուժերի կողմից, բայց Սերժ Սարգսյանին ուղղված այդ մեղադրանքները առկա են հասարակության մեջ, և Սերժ Սարգսյանը վաղ, թե ուշ պետք է նստի մեղադրյալի աթոռին և արժանանա մեղադրական դատավճռի: Հավանաբար,  նման մի միջոցառում կկազմակերպվի Ազատության հրապարակում և տեղի կունենա դատավարություն: Ուզում եմ իմանալ, պարո'ն Սահակյան, եթե Դուք չլինեք իշխանություն, Դուք կգա՞ք այդ դատավարությանը  և վկայություն կտա՞ք, թե՞ փախչելու եք»: Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Եթե փախչեմ, քեզ հետ եմ փախչելու՝ ձեռք ձեռքի բռնած»:

 

Զարուհի Փոստանջյանը արձագանքեց. «Ես չեմ փախչի»: «Ուրեմն ես էլ փախչողը չեմ: Դուք փայլում եք ոչ կոռեկտ մտքեր շարադրելու մեջ, բայց կոռեկտ չէ ինձ մեղադրել փախուստի մեջ»,- ասաց Հովհաննես Սահակյանը:

 

Զարուհի Փոստանջյանը ասաց. «Մեր ելքն այն պետք է լինի, պարո'ն Փաշինյան, որ այս փաստաթուղթը տանենք Ազատության հրապարակ և կազմակերպենք դատավարություն և դատավճիռ՝ հանուն հայ ժողովրդի: Սերժ Սարգսյանը պետք է նստի «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում»: