կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-27 17:13
Առանց Կատեգորիա

Հե՜յ, ո՞վ կա այդտեղ

Հե՜յ, ո՞վ կա այդտեղ

ԲՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր Tert.am-ի հետ զրույցում ասել է. «Ինձ այլեւս իրավասու չեմ համարում հանդես գալ ԲՀԿ-ի անունից»: Եթե այս հայտարարությամբ հանդես գար, ենթադրենք, նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանը, մենք միանգամայն կհասկանայինք, բայց խնդիրն այն է, որ Ուրիխանյանն ի պաշտոնե իրավասու է, ինչ-որ առումով անգամ պարտավոր է հանդես գալ ԲՀԿ-ի անունից, համենայն դեպս, քանի դեռ ԲՀԿ-ի մամուլի քարտուղարն է:

 

Ի դեպ, այս պաշտոնից նա հրաժարական չի տվել, համենայն դեպս, Ուրիխանյանն այսպես է պատասխանել հիշյալ կայքի ճշտող հարցին, թե նշանակո՞ւմ է, արդյոք, դա, որ Ուրիխանյանն այլեւս ԲՀԿ-ի մամուլի քարտուղարը չէ:

 

Տիգրան Ուրիխանյանի այս հայտարարությունն իրականում ամենեւին էլ զարմանալի չէ, եթե մենք խոսում ենք ԲՀԿ-ի մասին: Բանն այն է, որ այս կուսակցությունում, բացի Գագիկ Ծառուկյանից, մնացած բոլորը, որպես կանոն, խոսելիս նշում են, որ ներկայացնում են իրենց անձնական կարծիքը եւ խնդրում են լրագրողներին, որ այդ մասին չմոռանան: Ավելին` Գագիկ Ծառուկյանն` ինքը, ենթադրենք, կուսակցության խորհրդի նիստերում գերադասում է ոչ թե հրապարակային ելույթներ ունենալ, այլ նիստերից հետո գրավոր տեքստեր բաժանել, և այս համատեքստում մինչեւ վերջ պարզ չէ, թե Ծառուկյանն անձամբ մասնակցո՞ւմ է այդ նիստերին, թե՞ իր գրավոր խոսքն է ուղարկում:

 

Եթե ԲՀԿ-ն մասնակցեր հայաստանյան ամենատարօրինակ կուսակցություն մրցույթին, ապա հաստատ կհաղթեր: Թեկուզ միայն այն պատճառով, որ մինչ օրս պարզ չէ, թե այս կուսակցությունը քաղաքական ո՞ր հոսանքին է հարում, ասենք` սոցիալի՞ստ է, ազատակա՞ն, գուցե մեկ այլ` այլընտրանքայի՞նը: Կամ` ի՞նչ արժեքների վրա է հիմնված ԲՀԿ-ի քաղաքական փիլիսոփայությունը, ոչ ոք չգիտի, իսկ իմացողներից Տիգրան Ուրիխանյանը փաստացի հասկացրել է, որ իրեն գոնե որոշ ժամանակով այլեւս չանհանգստացնեն ԲՀԿ-ի հետ կապված ցանկացած հարցով: Ազնվությո՞ւն է  սա`, ոչ այնքան Ուրիխանյանի արածը, այլ ԲՀԿ-ի գործելակերպը: Ե'վ այո, ե'ւ ոչ:

՜

Այո, որովհետեւ ԲՀԿ-ն այս պահին ոչինչ չունի ասելու, քանի որ փլուզման եզրին է եւ փորձում է վերջին ուժերով հասկանալ իրադրությունն ու վերակենդանանալ, հետեւաբար, մարդիկ ազնիվ են, երբ ոչինչ չեն խոսում մի բանի մասին, ինչն իրենք էլ չգիտեն: Իսկ ազնիվ չէ, որովհետեւ ԲՀԿ-ն, ինչպես գիտենք, լուրջ, ասում են` 500 հազար ընտրազանգված ունի, գուցե` ավելի, եւ այդ մարդկանց` ՀՀ սովորական քաղաքացիներին, ԲՀԿ-ն պարտավոր է ժամ առաջ բացատրել, թե ի՞նչ կատարվեց, ինչո՞ւ կատարվեց, ի՞նչ պետք է լինի սրանից հետո: Մինչդեռ ԲՀԿ-ն լռում է, պաշտոնապես խոսող էլ չկա: Վիլյամ Սարոյանը մի հրաշք պիես ունի` «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ»:

 

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ