Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանի խնդիրները պետք է լուծվեն ոչ թե երեւանցիների հաշվին, այլ երեւանցիների համար. հանրապետության նախագահն էր ասել դեռեւս 2008 թվականին: Շեշտել էր նաեւ կանաչ տարածքների, պուրակների, մայթեզրերի հաշվին իրականացվող շինարարության իսպառ դադարեցման խնդիրը:
Երեւույթը, սակայն, ոչ թե կանխվել, այլ շատ դեպքերում նույնիսկ խրախուսվում է: Մհեր Մկրտչյան փողոցում եմ, փորձում եմ այնտեղ մայթեզր գտնել, բայց ապարդյուն: Հետիոտներն ու ավտոմեքենաներն իրար են խառնվել. օրվա պիկ ժամերին երթեւեկությունը թե' հետիոտների, թե' վարորդների համար այստեղ պարզապես անհնարին է, քանի որ պարզ չէ` որտեղ է ավարտվում մայթեզրը, որտեղ է սկսվում փողոցը:
Էկոնոմիկայի նախարարության կողքին արդեն տարիներ շարունակ ինչ-որ բան է կատարվում, որը չգիտես` ապամոնտաժո՞ւմ, թե՞ կառուցապատում անվանես: Հսկայական քարերով պարսպապատել են մայթեզրի մի զգալի հատված` անցորդներին զրկել մայթեզրով քայլելու հնարավորությունից, եւ տարիներ շարունակ սայլը տեղից չի շարժվում: «Ինչի՞, այդտեղ շինարարություն չկա՞»,- մեզ հետ ոչ պաշտոնական զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության տարածքային առաջին բաժնի պետ Մեսրոպ Հարությունյանը, ով ի պաշտոնե չցանկացավ որեւէ մեկնաբանություն տալ ստեղծված իրավիճակին, քանի դեռ քաղաքապետարանի մամուլի ծառայությունից իրենց ոչինչ չեն ասել:
«Ինձ ճիշտ հասկացեք, ես չեմ հրաժարվում պատասխանել ձեր հարցերին, բայց մենք պետք է համապատասխան հրահանգ ստանանք համապատասխան բաժնից»,- ասաց Մ. Հարությունյանը: Մայթեզրերի հաշվին իրականացվող կառուցապատումներ Երեւանում հանդիպում են ամեն քայլափոխի: Հետիոտները, օրինակ, ստիպված են մայթեզրի փոխարեն ավտոճանապարհով անցնել նաեւ Արամի փողոցի մի զգալի հատվածը: Փաստորեն, շինարարություն իրականացնողները ոչ միայն անտեսում են մարդկանց անվտանգության խնդիրը, այլեւ բացահայտ արհամարհում սահմանված կարգը:
«Ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է. եթե շինարարություն է գնում, տարածքը պետք է ցանկապատվի, անցորդների համար էլ ժամանակավոր մայթեր կառուցվեն` թեկուզ փայտից,- մեզ հետ զրույցում նշեց ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:- Յուրաքանչյուր կառուցապատող պետք է իր բյուջեում գումար նախատեսի նաեւ այդ նպատակների համար, որ քաղաքացին պաշտպանված լինի հնարավոր դժբախտ դեպքերից: Սակայն, ինչպես շատ օրենքներ ու կարգեր, որ մեզ մոտ պարզապես չեն պահպանվում, ավելին` խախտվում են, այդ օրինակները եւս բացառություն չեն, եւ դա խոսում է մեր ազգի շինարարական կուլտուրայի պակասի մասին»:
Երեւանն արդեն նոր գլխավոր ճարտարապետ ունի, գուցե նրա՞ն հաջողվի փրկել քաղաքը:
Շուշան ՇԱՀՎԵՐԴՅԱՆ