կարևոր
2743 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-29 22:12
Քաղաքական

Իշխանությունները արդարադատության մայրը լացացրել են, իսկ ուսանողությունն էլի ասելիք չունի. Հովհաննես Ավետիսյան

Իշխանությունները արդարադատության մայրը լացացրել են, իսկ ուսանողությունն էլի ասելիք չունի. Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.

«Սերբիայում ուսանողները կրկին փողոց են հանել տասնյակ հազարների: Պատճառը նույնը՝ կոռուպցիան, որի հետևանքով կայարանի շինություն էր փլուզվել և մահացել էին 16 մարդ: Այս պատահարը դարձրել են պետության ձախողման ցուցիչ և պահանջում են երկրի ղեկավարի հրաժարականը: Սրանք ծեծ ու ջարդ են անում, անցնում է մի քանի ամիս, ավելի շատով են դուրս գալիս փողոց, չեն հանձնվում:

Հայաստանում կոռուպցիայի (ներառում է նաև իշխանությունների անգործությունը) հետևանքով Սուրմալու պայթեց, նույնքան մարդ զոհվեց, ուսանողությունը ասելիք չունի:

Իշխանությունները հազարների տարան պատերազմ, հետո ասացին, որ այն ինչի համար ձեզ պատերազմ էինք տարել, մերը չենք համարում: Ուսանողությունը էլի ասելիք չունի:

Իշխանությունները բարձրաստիճան հոգևորականների են ապօրինի դատում ու բանտարկում: Ուսանողությունը էլի ասելիք չունի:

Իշխանությունները արդարադատության մայրը լացացրել են (մեղմ ասած): Ուսանողությունը էլի ասելիք չունի:

Հետաքննող լրագրողները իշանության ներկայացուցիչների տասնյակ միլիոնների կոռուպցիոն գործեր են մեջտեղ հանում: Ուսանողությունը էլի ասելիք չունի:

Այո, Նիկոլը ճիշտ է, կրթական համակարգը ոտքից գլուխ ձախողված է, այլապես ինքը երկրի ղեկավար չէր դառնա: Իսկ ուսանողությունն էլ մտածել կիմանար, սեփական կյանքին տեր լինելուց չէր փախչի, պատասխանատվության գիտակցություն կունենար:

Ցավոք, նրանք մեկտեղ են գալիս, միայն և առայժմ, հուսով որ առայժմ, այն դեպքերում, երբ խրախճանքի առիթ կա»: