կարևոր
5710 դիտում, 2 տարի առաջ - 2022-09-20 20:57
Հասարակություն

Ակնհայտ է՝ Ջերմուկ տուրիստական հոսք չի լինելու, միաժամանակ այդտեղ անշարժ գույքի գների անկում է լինելու․ Սուրեն Պարսյան

Ակնհայտ է՝ Ջերմուկ տուրիստական հոսք չի լինելու, միաժամանակ այդտեղ անշարժ գույքի գների անկում է լինելու․ Սուրեն Պարսյան

Ակնհայտ է, որ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետեւանքով դեպի Ջերմուկ տուրիստական հոսք չի լինելու։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

«Ջերմուկը Հայաստանի ամենախոշոր հանգստյան գոտիներից է, առողջարանային քաղաք։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետեւանքով դեպի Ջերմուկ տուրիստական հոսք չի լինելու։ Միաժամանակ այդտեղ անշարժ գույքի շրջանում գների անկում է լինելու։ Այստեղ է գտնվում նաեւ Ամուլսարը, որտեղ մոտ 350 մլն դոլարի ներդրում է կատարվել։ Ամերիկյան եւ կանադական ներդրում կատարողները եւ հայկական կողմը պետք է դիմեն բոլոր միջազգային ատյաններին փոխհատուցման պահանջով, եթե ռազմական գործողությունները հետեւանք ունենան նաեւ Ամուլսարի համար»,- ասաց Պարսյանը։

Պարսյանի խոսքով՝ հարձակման հետեւանքով վնասվել են տնտեսական մեծ նշանակություն ունեցող ենթակառուցվածքներ, ճանապարհներ, բիզնես օբյեկտներ։

«Կորցրել ենք բավական շատ հողակտորներ, որոնց մեծ մասն ունեին գյուղատնտեսական մեծ նշանակություն։ Վնասվել են խոտհարքներ։ Խոտհարքներն անասնապահության համար այս պահին դարձել են թիվ մեկ խնդիրը»,- նշեց նա։

Սուրեն Պարսյանի խոսքով՝ մարդիկ սովորաբար պատերազմական գործողությունների ընթացքում կամ նախօրյակին զգալի չափով կանխիկ գումար են պահում իրենց մոտ, որպեսզի իրենց համար տնտեսական բարձիկ ստեղծեն ռազմական գործողությունների ընթացքում։

«Նաեւ սրանով է պայմանավորված, որ մեր բնակչությունն այս օրերին դոլար է պահում իր մոտ։ Հիշեցնեմ՝ 2020 թվականի նոյեմբերին առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ երկրից դուրս եկող գումարներն ավելի մեծ էին, քան մտնողները։ Այս պահին դրամական հոսքի մասին տեղեկություններ չկան, սակայն ռազմական գործողությունները կարող են հանգեցնել դրան։  Բացի դրանից, մարդիկ, որոնք համաձայնություն ունեին այստեղ ներդրում կատարելու, հաշիվ բացելու, սառեցնում են գործընթացները, քանի որ չգիտեն՝ ապագայում ինչ է սպասվում։ Այսինքն՝ մենք զրկվում ենք նաեւ մեր հնարավոր օգուտներից»,- ընդգծեց տնտեսագետը։

Սուրեն Պարսյանի դիտարկմամբ՝ իրավիճակը հնարավոր կլինի փրկել Կենտրոնական բանկի եւ Կառավարությամբ համատեղ աշխատանքի միջոցով։

«Բիզնեսին պետք է երաշխիքներ տրամադրվեն իրենց գույքի մասով։ Պետությունը պետք է խոսի ու հանգստացնի հանրությանը, սակայն, ցավոք, նման աշխատանք չի տարվում։ Նրանց թվում է, թե չխոսելով խուճապ չեն առաջացնի, սակայն դա է ավելի շատ խուճապ առաջացնում»,- նշեց Սուրեն Պարսյանը։

Աղբյուրը՝ NEWS.am