Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դուռը շրխկացնելով փակելն ամենահեշտ ճանապարհն է. «Ելք» խմբակցության կողմից նախաձեռնված` ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մասին ԱԺ լսումների ժամանակ կարծիք հայտնեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա հարցեց` ինչո՞ւ չենք կարողանում օգտվել ԵԱՏՄ-ի հնարավորություններից. երբ ԵՄ-ն էմբարգո է կիրառում Ռուսաստանի նկատմամբ, մենք ունենք ռացիոնալ կերպով մեր գյուղատնտեսությունը զարգացնելու հեռանկար:
«Բայց երբ մեր երկրում ծիրանի արտահանումը քվոտավորված է, մի քանի մարդիկ իրավունք ունեն արտահանելու միայն, հիմա այստեղ այդ ինտեգրացիոն գործընթա՞ցն է մեղավոր, թե՞ իշխանությունը: Երբ Հայաստանը, շատերի գնահատմամբ, դարձել է «Գազպրոմ»-ի դուստր ձեռնարկությունը, ո՞վ է մեղավոր. նախորդ խորհրդարանում, այս խորհրդարանում ստորագրվեց պայմանագիր, որ որևէ այլ երկրի հետ 40 տարի իրավունք չունենք գազային պայմանագիր կնքել, ԵԱՏՄ-ն՞ է մեղավոր»,- նետեց պատգամավորը:
Զոհրաբյանի կարծիքով` ինտեգրացիոն ցանկացած բլոկից կարելի է օգուտ քաղել` ի շահ սեփական երկրի, եթե ունես ադեկվատ իշխանություն: «Եթե ԵԱՏՄ մնացած երկրները կարողանում են ԵԱՏՄ-ի խաղի կանոնները հարմարեցնել իրենց երկրի շահերին, մենք չենք կարողանում, հիմա պետք է բողոքենք Նազարբաևից ու Լոււկաշենկոյի՞ց, իհարկե` ոչ»,- ասաց պատգամավորը, ապա նշեց, որ խնդրին այլ տեսակետից պետք է նայել:
Նա ընդգծեց, որ դուրս գալը մի քվեարկության խնդիր է:
Ըստ Զոհրաբյանի` 600 հազար աշխատանքային միգրանտներ ունենք ՌԴ-ում, և այլ հարց է, թե ինչու այդ մարդիկ իրենց երկրում աշխատանք չունեն ու այնտեղ են: Ապա նշեց, որ ունենք մի քանի միլիոն բնակիչ, ովքեր ամեն ամիս 150 մլն դոլարի տրանսֆերտ են ուղարկում իրենց ընտանիքներին: Պատգամավորը կարծիք հայտնեց, որ եթե այդ գումարները չլինեին Հայաստանում, աղքատությունը չէր լինի 30 %, այլ կլիներ 98%:
Զոհրաբյանը կարծում է, որ այս ամենի ակունքներն այստեղ պետք է փնտրել: «Փորձել եմ թղթի վրա դնել պլյուս և մինուս նշանները: Այո, սխալ վարած քաղաքականության արդյունքում դառնում ես ոչ թե իրական բաժնետեր, այլ դառնում ես մասովկա, այստեղ է, որ մենք պետք է հասկանանք` ինչպես պետք է ճիշտ գնալ այս ուղիով, խաղի կանոններն ինչպիսին պետք է լինեին, որ մենք չհայտնվեինք այս վիճակում»,- ասաց նա:
Պատգամավորը ևս մեկ անգամ շեշտեց, որ դուռը շրխկացնելով փակելը սխալ է, և որ խնդիրները մեզ մոտ են: «Եթե քո երկրում 20 հազար ապրանքատեսակ ներկրում է 7 օլիգարխ, և տնտեսության թոքերը փակված են, տնտեսությունը ամբողջությամբ խեղդված է մոնոպոլիայի սարդոստայնում, ապա բոլոր պրոբլեմները մենք պետք է փնտրենք մեր երկրում: Միշտ էլ կարելի է առավելագույն ճիշտ քաղաքականության դեպքում ունենալ առավելագույն արդյունք, եթե քո իշխանությունն առաջնորդվում է քո պետության շահերով, ոչ թե ինչ-որ նեղ թիմի` նեղ անձնական շահերով»,- եզրափակեց Զոհրաբյանը: