Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 17-ին կայացած` Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման արդյունքում, որից հետո Ծառուկյանը հրաժարվեց իշխանափոխության իր հայտարարություն-մտադրությունից ու փաստացի դուրս եկավ քաղաքականությունից, քաղաքական դաշտի հետ միասին նաև պետական կառավարման համակարգն ընկավ անհեթեթ վիճակի մեջ, որից ոչ մի կերպ դուրս գալ չի կարողանում:
Ինչպես հայտնի է, նախագահ Սերժ Սարգսյանի հրահանգով ԱԺ նախագահը սկսել էր Ծառուկյանին անհարգելի բացակայությունների հիմքով պատգամավորի մանդատից զրկելու գործընթացը: Գալուստ Սահակյանը, կատարելու համար նախագահի հրահանգը, ստիպված եղավ վերանայել Ծառուկյանի բացակայությունները՝ դրանք հարգելի ճանաչելու վերաբերյալ ավելի վաղ` իր իսկ կայացրած որոշումը փաստացի չեղարկելով՝ ԲՀԿ ղեկավարից լրացուցիչ հիմքեր պահանջելու պատճառաբանությամբ:
Իր հերթին, վարչապետը կրկին, բացառապես նախագահի կամքը կատարելու նպատակով, արդեն հրահանգել էր տոտալ ստուգումներ սկսել Ծառուկյանին պատկանող բիզնեսներում ու ձեռնարկություններում՝ հարկային պարտավորությունների կատարման վիճակն ստուգելու պատճառաբանությամբ:
Արդեն իսկ այն, որ այս գործընթացները ԱԺ նախագահն ու վարչապետը սկսել էին նախագահի հրահանգով, ինքնին արդեն անլրջացնում էր պետական համակարգը, որովհետև դրանով իշխանությունը վերահաստատում էր օրենքի և իրավունքի նկատմամբ նախագահի կամքի ունեցած անվերապահ գերակայությունը: Բայց այս հետապնդումները գոնե սանձազերծվեցին որոշակի իդեալների, մասնավորապես՝ բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու խիստ բարձրագոչ գաղափարի խաղարկմամբ: Ու թեեւ պարզ էր, որ դա ոչ թե բիզնեսը տարանջատելու, այլ Ծառուկյանին «վնասազերծելու» օպերացիա էր, հասարակության որոշ, երևի անհուսալի լավատես շրջանակների մոտ հույսեր էր արթնացնում, որ նախագահն իսկապես գործի է անցել, որ Ծառուկյանին պարզապես այդ շարքում առաջինը լինելու «պատիվն» է վերապահվել, և որ հաջորդ քայլը լինելու է սեփական «ավգյան ախոռները» մաքրելուն անցնելը: ՀՀԿ գործադիր մարմնի հայտնի նիստում Սերժ Սարգսյանի գնահատականներն այնքան կոշտ էին, որ թվում էր, թե որևէ զիջում անհնար է, և Ծառուկյանին ճզմելն ուղղակի այլընտրանք չունի:
Բայց փետրվարի 17-ին կայացած հանդիպումից հետո իրավիճակը կտրուկ փոխվեց: Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանն ինչ-որ պայմանավորվածությունների եկան: Բայց խնդիրները, որոնք բարձրացրել էր նախագահը, և որոնց արդյունքում սկսվել էին վարչա-իրավական գործընթացներ, մնացին օդում կախված: ԱԺ նախագահն այսօր ոչ մի կերպ չի կարողանում կապակցված ու տրամաբանական բացատրություն տալ, թե ի՞նչ է լինելու, ի վերջո, Ծառուկյանի բացակայությունների հետ: Ի՞նչ է անելու, եթե Ծառուկյանն, օրինակ, իր բացակայությունների հարգելի լինելու փաստը հիմնավորող նոր տեղեկանքները չտրամադրի կամ տրամադրած հիմնավորումներն բավարար լինեն: Կազմելո՞ւ է, արդյոք, նրա բացակայությունները անհարգելի ճանաչելու մասին արձանագրությունը, եթե նախագահ-Ծառուկյան բանակցությունների ընթացքում արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել գործարարին մանդատից չզրկելու վերաբերյալ: Կամ` արդյո՞ք վարչապետի համար այդ հանդիպումից հետո վերացան բոլոր կասկածները Ծառուկյանի կողմից հարկերը թաքցնելու վերաբերյալ: Եթե` ոչ, և եթե ստուգումները ներկայումս շարունակվում են, ինչպես պնդում է ֆինանսների փոխնախարարը, ապա արդյո՞ք խախտումներ, հարկերից խուսափելու փաստեր հայտնաբերելու դեպքում Ծառուկյանի նկատմամբ քրեական գործ կհարուցվի, եթե նախագահի հետ հանդիպման արդյունքում որոշվել է կրկին «համաներում» կիրառել գործարարի նկատմամբ:
Երկու ուղղություններով էլ, ըստ էության, պետական ապարատը, հայտնվել է կուլիսային պայմանավորվածությունների գերու, ավելի ճիշտ` սպասարկուի կարգավիճակում և ենթարկվել կաթվածի: Որովհետև, ի վիճակի չլինելով բարձրացված և իրավական ռելսերի վրա դրված խնդիրը հասցնել տրամաբանական ավարտին, պետական համակարգը սկսում է հարմարվել այդ սեպարատ պայմանավորվածություններին, մարդկանց տրամադրություններին: Մինչդեռ` իրավական պետությունում կա'մ հարկերից խուսափողը պետք է ենթարկվեր պատասխանատվության, կա'մ նրան զրպարտողը: Ուզի իշխանությունը, թե` ոչ, այս ամենը յուրօրինակ ուղերձն է առ այն, որ եթե ուզում ես պաշտպանված լինել, նույնիսկ ակնհայտ հանցագործ լինելու պարագայում, բավարար է միայն վայելել իշխանության համակրանքը կամ առնվազն նրա դեմ դուրս չգալ:
Գուցե սրանք բազմիցս ծեծված ճշմարտություններ են, որոնցով արդեն ոչ ոքի զարմացնել չես կարող: Բայց խոսքը վերաբերում է պետության հեղինակությանը: Ի՞նչ է լինելու, օրինակ, եթե մինչև մարտի 5-ը, այսինքն` մինչև ԲՀԿ-ի արտահերթ համագումարի անցկացումը, կառավարությունը հայտարարի, որ Ծառուկյանը բարեխիղճ հարկատու է, իսկ ԱԺ նախագահն էլ «պարզի», որ Ծառուկյանի բացակայությունները միանշանակ հարգելի են, իսկ համագումարն էլ որոշի, որ Ծառուկյանը ոչ միայն շարունակում է մնալ կուսակցության ղեկավարը, այլև կրկին պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը: Պրակտիկորեն, իհարկե, նման սցենարը անիրական է ու նույնիսկ ֆանտաստիկ: Եվ հավանաբար մինչև այդ համագումարի ավարտն էլ այս հարցերը կմնան անորոշության մեջ:
Բայց տեսականորեն ոչինչ բացառել չի կարելի, առավել ևս` Հայաստանի նման երկրում, որտեղ քաղաքական պրոցեսները, որոշումները ոչ մի տրամաբանության, ոչ մի օրինաչափության չեն ենթարկվում, որտեղ բոլորովին այլ, քաղաքագիտության սահմաններից դուրս չգրված օրենքներ են աշխատում: Ի՞նչ է՝ այդ դեպքում ԱԺ նախագահը նորի՞ց է Ծառուկյանի բացակայությունները հարգելի ճանաչելու համար նրանից նոր տեղեկանքներ պահանջելու: Վարչապետը նորի՞ց է հարկային տեսուչներին Ծառուկյանի օբյեկտներ ստուգումների ուղարկելու՝ անպայման խախտումներ գտնելու հրահանգով: Կարելի է չկասկածել, որ այդպես էլ կլինի: Որովհետև, երբ պետական համակարգը սկսում է հարմարվել կուսակցական, անձնական նախասիրություններին, վերածվում է ծաղրածուի՝ մեծ կրկեսում:
Գևորգ Աղաբաբյան