կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-02 18:48
Առանց Կատեգորիա

Երբ երկիրը վերածվում է ռուսական պոլիգոնի

Երբ երկիրը վերածվում է ռուսական պոլիգոնի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այց կատարեց ոչ թե Հայաստանի Հանրապետություն, այլ սեփական ռազմակայան: Դժվար է ասել` միջազգային պրակտիկայում եղե՞լ է, արդյոք, դեպք, երբ որևէ երկրի ղեկավար մեկ այլ երկիր ամենաբարձր մակարդակով այցը սկսի ոչ այդ երկրի մայրաքաղաքից: Այն փաստը, որ Պուտինը Սերժ Սագսյանի հետ մասնակցեց հայ-ռուսական միջտարածաշրջանային ինչ-որ ֆորումի, ապա ծաղկեպսակ դրեց 1988թ. երկրաշարժի զոհերի հուշակոթողին, հետո էլ օնլայն ռեժիմով բացեց Հարզդանի ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, ընդամենը խղճուկ ձևեր էին` այցի մակարդակը պետականին հավասարեցնելու կամ նման տպավորություն թողնելու:

 

Պուտինը ձևականությունների հետևից արդեն վաղուց չի ընկնում: Նա Հայաստան չէր ժամանել` Սերժ Սարգսյանի հետ միջպետական հարաբերություններին առնչվող ինչ-որ հարցեր քննարկելու: Դրա համար նախ անհրաժեշտ է տվյալ երկրին մոտենալ որպես պետության: Իսկ Պուտինը արդեն տևական ժամանակ է` ոչ միայն Հայաստանը որպես այդպիսին չի ընդունում` առհասարակ, այլև ամեն ինչ անում է Հայաստանի ինքնիշխանությունը մսխելու, նվաստացնելու համար: Դրա վերջին ակորդն, իհարկե, «Հայռուսգազարդ» ընկերության` Հայաստանի կառավարությանը պատկանող վերջին 20 տոկոս բաժնեմասը ևս ռուսական «Գազպրոմին» հանձնելու մասին պայմանագրի ստորագրումն է, որը հերթական անգամ տեղի է ունենում հասարակության թիկունքում: Փաստորեն, ստացվում է, որ Հայաստան ներկրվող գազի սակագինը չի բարձրանում ոչ թե Մաքսային միություն մտնելու պատճառով, ինչում փորձում էր համոզել ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարը, այլ հենց «Հայռուսգազարդն» ամբողջությամբ Ռուսաստանին հանձնելու դիմաց: Եվ թերևս հենց դա էր պատճառը, որ կառավարությունն այդպես էլ մինչև վերջ չէր պարզաբանում, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել գազի գնի շուրջ ու ինչ փաստաթղթում են դրանք ամրագրվել:

 

Երկրորդ` պետական այցը Գյումրիից սկսելով` Պուտինը հստակ ցույց տվեց, որ 102-րդ ռազմակայանն իր համար ավելի կարևոր քաղաքական ու ստրատեգիական արժեք ունի, քան Հայաստանն` ինքնին, որն ընդամենը ընկալվում է որպես այդ ռազմակայանի պահպանման ծախսերը հոգացող, ռուս զինվորների անվտանգության համար պատասխանատվություն կրող ինչ-որ սուբյեկտ: Նա եկել էր Հարավային Կովկասում գտնվող իր միակ ռազմակայանը` դրա ռազմաքաղաքական նշանակությունն ընդգծելու և հենց այս հենակետից անհրաժեշտ ուղերձները միջազգային հանրությանը հղելու համար: Պատահական չէ, որ հենց Գյումրիում, ռազմակայան այցելությանն ընդառաջ, նա կատարեց իր այցի առաջին մասի, ըստ էության, միակ բովանդակալից հայտարարությունը. «Ռուսաստանը փորձելու է ուժեղացնել իր դիրքերը տարածաշրջանում՝ հիմնվելով տվյալ երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների վրա»:

 

Որքան էլ Պուտինն այս խոսքերը հնչեցրեց կատակի տալով, այն առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերում հատկապես վիլնյուսյան` կիսով չափ տապալված գագաթաժողովի ֆոնին: Նա Գյումրի մտավ` համենայն դեպս, Հայաստանի մասով ԵՄ-ի հանդեպ տարած իր հաղթանակը վավերացնելու և դրա դափնեպսակը ստանալու նպատակով: Նա ցույց տվեց, որ ոչ միայն չի պատրաստվում զիջել իր անմիջական շահերն ընդգրկող աշխարհագրական գոտիները, այլև ձգտելու է պաշտպանել դրանք ու նույնիսկ ընդլայնել: Նա Հայաստանն արդեն վերջնականապես համարում է իր գրպանում դրված` թե' քաղաքական, թե' տնտեսական առումներով:

 

Մյուս կողմից նաև Հայաստանի հասարակությանը հասկացնելով, որ որևէ ընտրության հնարավորություն վերջինս չունի, նա իր վրա վերցրեց Մաքսային միությանն անդամակցելուց Հայաստանի օգուտները Հայաստանի հասարակությանը ցույց տալու պարտականությունը: Իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներից և ոչ մեկը Սերժ Սարգսյանի կողմից ՄՄ-ին միանալու սեպտեմբերյան հայտարարությունն անելուց հետո չէր կարողանում անգամ մոտավոր ներկայացնել այն առավելությունները, որոնք Հայաստանի համար ակնկալվում են ՄՄ-ից: Պուտինը, փաստորեն, այդ պատասխանատու գործը վերցրեց իր վրա: Նա պարզաբանեց, որ Սերժ Սարգսյանը դրանք հարկ է համարում քննարկել ոչ թե իր երկրի հասարակության, այլ անձամբ իր` Պուտինի հետ, ու ինքն էլ իր պարտքն է համարում լուսավորելու Հայաստանի բողոքավոր հասարակությանը, որ հայ մասնագետներն ու փորձագետներն արդեն արել են համապատասխան վերլուծությունները և Հայաստանի համար տնտեսական զարգացման ուղղակի փայլուն ապագա կանխատեսել: Թե որքանով է հասարակությունը հավատում դրան, ցույց տվեցին Երևանի կենտրոնում հակապուտինյան ակցիաները:

 

Սակայն խնդիրը միայն դա չէ: Այցի հիմնական մասի ընթացքում, Պուտինը ոչ մի խոսք չասաց Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ ռազմաստրատեգիական հարաբերությունների և տարածաշրջանային անվտանգության, այդ համատեքստում Մոսկվայի ստանձնած պարտավորությունների մասին: Ավելին, ըստ որոշ լրատվամիջոցների` ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատար Անդրեյ Ռուզիցկին, ով շաբաթներ առաջ հայտարարել էր, թե ռազմակայանը ստիպված կլինի ՀԱՊԿ-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունների համատեքստում միջամտել, եթե Ադրբեջանը ռազմական ճանապարհով փորձի վերահսկողություն սահմանել ԼՂ-ի և հարակից շրջաննների նկատմամբ, չի մասնակցել Պուտինի դիմավորման արարողությանը, ինչը ոչ միայն խիստ տարօրինակ է, այլև չափազանց խոսուն: Ըստ էությա`ն պրոտոկոլային այս մանրուքը վկայում է այն մասին, որ Ռուզիցկու հայտարարությունները Կրեմլում կարող էին ընկալել որպես ինքնագործունեություն:

 

Պուտինը, իհարկե, Սերժ Սարգսյանի հետ, ամենայն հավանականությամբ, ասուլիս կտա ու թերևս ստիպված կլինի պատասխանել նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում և երկկողմ հարաբերություններում Հայաստանի անվտանգության ապահովմանն ու իրենց ստանձնած պարտավորությունների թեմային: Սակայն չի կարելի չտեսնել այս խնդիրը չկարևորելու, անտեսելու ձգտումը:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ