կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-12 16:17
Առանց Կատեգորիա

Երբ պետությունը վերածվում է իշխանության փաստաբանի

Երբ պետությունը վերածվում է իշխանության փաստաբանի

Սահմանադրական դատարանում ընթացող` նախագահական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումների քննությանը Սերժ Սարգսյանի, որպես երրորդ կողմի շահերը, ինչպես հայտնի է, պաշտպանում է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

 

Երբ Անդրիաս Ղուկասյանը միջնորդություն է ներկայացրել Թովմասյանին հեռացնել ընթացող պրոցեսից` հաշվի առնելով, որ նա պետական պաշտոնյա է, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը մերժել է միջնորդությունը և հայտարարել, որ Թովմասյանը պրոցեսին մասնակցում է ոչ թե որպես նախարար, այլ փաստաբան: Թե' այս բացատրությունը և թե' դրա հիմքով միջնորդության մերժումը ցույց է տալիս, որ ՍԴ նախագահը, ՀՀ արդարադատության նախարարը և հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը բացահայտ խախտում են Սահմանադրությունը և օրենքը: Ուշադրություն դարձնենք` խոսքը վերաբերում է հենց այն կառույցների ղեկավարներին ու պաշտոնատար անձանց, ովքեր ի պաշտոնե կոչված են երաշխավորելու և ապահովելու արդարադատությունը և սահմանադրականությունը երկրում:

 

Հրայր Թովմասյանը, սակայն, որևէ պարագայում չէր կարող լինել փաստաբան: Նախ` «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանվում է, որ նախարարը պետական բարձրաստիճան պաշտոնյա է: Նույն օրենքի 24-րդ հոդվածը հստակ ամրագրում է. «Հանրային ծառայողը եւ բարձրաստիճան պաշտոնատար անձը չեն կարող անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական կամ ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից»։ Փաստաբանությունն, իհարկե, ձեռնարկատիրական գործունեություն չէ: Բայց այն ուղղակի իմաստով «վճարովի աշխատանք» է, և այդ մասին սևով սպիտակի վրա գրված է «Փաստաբանական գործունեության մասին» ՀՀ օրենքի 5-րդ և 6-րդ հոդվածներում: Համաձայն դրանց` նախ` փաստաբանական գործոնեություն է համարվում դատարանում ներկայացուցչական գործունեության ծավալումը, և երկրորդ` փաստաբանի գործունեությունը վճարովի է: Նույն օրենքը միանգամայն պարզ ու հասկանալի նաև ձևակերպում է, որ դատարանում պաշտպանություն կարող է ապահովել միայն փաստաբանը, որն ունի համապատասխան գործունեություն ծավալելու լիցենզիա: Փաստաբանական գործոնեությունը չի մտնում նաև արվող բացառությունների մեջ. այն ո'չ ստեղծագործական, ո'չ գիտական և ո'չ էլ, առավել ևս, մանկավարժական աշխատանք է:

 

Մի կողմ թողնենք այն հարցը` արդյո՞ք Հրայր Թովմասյանն ընդհանրապես ունի փաստաբանի լիցենզիա, թե՞ ոչ: Եթե չունի, առավել ևս չէր կարող ՍԴ-ում պաշտպանել Սերժ Սարգսյանի շահերը: Խնդիրն այն է, սակայն, որ, լինելով գործադիր իշխանության ներկայացուցիչ և բարձրաստիճան պետական պաշտոնյա, նա դատարանում շահեր պաշտպանելու իրավունք չուներ: Եթե անգամ սա չի արվում վճարովի հիմունքներով, և Սերժ Սարգսյանը նրան չի «վարձել» որպես փաստաբան, միևնույն է, ինքնին նրան ՍԴ գործուղելը հակասում է Սահմանադրության 5-րդ հոդվածի տրամաբանությանը, ըստ որի` պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Հետևաբար, որպեսզի արդարադատության նախարարն իրավունք ունենար ՍԴ-ում ներկայացնելու թեկնածու Սերժ Սարգսյանի շահերը, դա պետք է ամրագրված լիներ արդարադատության նախարարի լիազորություններում:

 

Եթե անգամ ընդունենք, որ Թովմասյանի այս նոր գործառույթն իրավական որևէ խնդիր չունի, ապա այն ընկալելի չէ բարոյական ու էթիկական տեսանկյունից: Նրան ՍԴ գործուղելը նշանակում է, որ կա'մ գործող նախագահը նոմենկլատուրայից դուրս որևէ մեկի հանդեպ վստահություն չունի, կա'մ համարում է, որ հայաստանյան փաստաբանական դպրոցն ու հանրույթը այնքան պրոֆեսիոնալ չեն, որ ի վիճակի լինեն ստանձնելու իր շահերի պաշտպանությունը: Երկուսն էլ, սակայն, պետության կարողականության ցուցիչներ են: Բայց սա ոչ թե քմահաճույքի կամ էլ անձնական պատկերացումների հարց է, այլ պետության և իշխանության նույնականացման` դրանից բխող ողբալի բոլոր հետևանքներով: Երբ նախագահի փաստաբանի գործառույթն սկսում է կատարել պետական բարձրաստիճան պաշտոնյան, իսկ Սահմանադրական դատարանի նախագահը դա համարում է միանգամայն օրինաչափ բան, նշանակում է գործ ունենք ոչ թե արդարադատության և օրինապահության, այլ այս կատեգորիաների բռնաբարության հետ: Նման մոտեցման պարագայում արդարադատության համակարգի նկատմամբ վստահության վերականգնման մասին հավաստիացումները կամ խոստումները, դեմքի լուրջ արտահայտությամբ ու խիստ տոնայնությամբ վարվող խորհրդակցությունները վերածվում են նոմենկլատուրայի շահերը պաշտպանող փաստաբանների ծառայություններից օգտվել չկարողացող շարքային քաղաքացիներին ուղղված հայհոյանքի:

 

Եթե անգամ գործող նախագահը չի էլ ցանկանում, նման պրակտիկայի ձևավորմամբ և արմատավորմամբ ուղղակի հասկացնում է հասարակությանը, որ ինչպես ողջ արդարադատության համակարգը, այնպես էլ Սահմանադրական դատարանը իր համար ավելին չեն, քան իր հագի կոստյումի գրպանում խնամքով դրված թաշկինակը, որը համեստորեն սպասում է իրեն գործի դնելուն: Մյուս կողմից` որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում ինքնին Հրայր Թովմասյանին այս ներկայացման մեջ ներքաշելը: Սերժ Սարգսյանը նրան կառավարություն հրավիրեց` ցույց տալու համար, որ ուզում է փոխել պետական պաշտոնյայի կերպարը և դաշտը համալրել պրոֆեսիոնալ, մարդկային ու բարոյական արժեքներ դավանող անձնավորություններով: Մինչդեռ ահա ստացվում է, որ իշխանությունը և «մաքուր օձիքներ» ունեցողները Հայաստանում անհամատեղելի բաներ են, և բոլորը, ովքեր մտնում են համակարգ, պետք է ընդունեն այնտեղ գործող խաղի կեղտոտ ու նվաստացուցիչ պայմանները: Հրայր Թովմասյանի պարագայում, ըստ էության, այս վերափոխումը տեղի է ունենում թե' դրսից` ստիպողաբար, թե' ներսից` ինքնաբերաբար:

 

Գուցե իսկապես նախագահը խորամուխ չի եղել այս նրբությունների մեջ, եթե, իհարկե, առհասարակ դա միտումնավոր չի արվել: Բայց արդարադատության նախարարի գործերից մեկն էլ նմանատիպ պարագաներում հենց այդ նրբությունները բացատրելն է ու նման քայլեր կատարելուց նրան ապահովագրելը:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ