Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը վաղը ժամանում է Հայաստան։ Նախատեսված էր, որ հաջորդ օրը՝ ապրիլի 8-ին, Երևանում պետք է կայանար ԵՏՄ երկրների վարչապետերի հանդիպումը։ Այն, սակայն, չի կայանալու։ Որոշվել է, որ վարչապետերը կհանդիպեն ապրիլի 12-ին Մոսկվայում։ Հետաձգման պատճառն այն է, որ ապրիլի 8-ին Մեդվեդևը մեկնելու է Ադրբեջան, ինչի մասին հայտնի դարձավ երեկ։ Բաքու մեկնելը բացատրվում է նրանով, որ ղարաբաղյան չորսօրյա պատերազմի ֆոնին ՌԴ վարչապետի` Հայաստան այցելությունը կարող է ընկալվել որպես Երևանին Ռուսաստանի միակողմանի քաղաքական օժանդակում։ Փաստորեն, նրա` Ադրբեջան մեկնելու հանպատրաստից որոշումը կայացվել է զուտ այն պատճառով, որպեսզի հանկարծ Բաքվում չնեղանան, որպեսզի Մոսկվան ապացուցի, որ Հայաստանին և Ադրբեջանին հավասար աչքով է նայում։
Մեդվեդևի այցը պլանավորվել էր ղարաբաղյան քառօրյա պատերազմից մոտ մեկ ամիս առաջ։ Եվ անգամ մեծագույն ցանկության դեպքում ոչ ոք չէր կարող այդ այցին նման երանգավորում տալ, դրանում նման ենթատեքստեր փնտրել։ Ոչ ոք, բացի… հենց Ռուսաստանից։
Հարցը բացարձակապես Մեդվեդևի այցի նպատակները կամ բովանդակություն չէ։ Եվ ոչ էլ այն, որ Բաքու նրա այցը, չլինելով պլանավորված, որևէ գործնական նշանակություն չունի։ Իսկ չունի այդպիսի նշանակություն, որովհետև մինչև նրա Բաքու մեկնելը այնտեղ է գնալու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Հիմնական հարցն այն է, որ նույնիսկ այցերի կազմակերպման արարողակարգային դետալն է դարձվում Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշան դնելու դիվանագիտական գործիք։ Դա այն դեպքում, երբ Մոսկվան սկզբունքորեն չպետք է իրեն թույլ տար անգամ մտքի ծայրով անցկացնել Երևանին և Բաքվին դնել նույն հարթության վրա, այն պարզ պատճառով, որ Հայաստանը երկկողմ պայմանագրերով նրա ռազմավարական դաշնակիցն է, իսկ Ադրբեջանը՝ ոչ։ Նաև՝ այն պարզ պատճառով, որ Հայաստանը Ռուսաստանի հետ գտնվում է նույն ռազմաքաղաքական դաշինքում՝ ՀԱՊԿ-ում, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Եվ վերջապես այն պարզ պատճառով, որ Ռուսաստանը Հայաստանում ստրատեգիական նշանակության երկու ռազմակայան ունի, իսկ Ադրբեջանում՝ ոչ. Մոսկվայում մոռացել են, թե ինչպես ադրբեջանցիներն իրենց մի քանի տարի առաջ ուղղակի վռնդեցին Գաբալայի ռադիոլոկացիոն կայանից։
Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ իր նման վերաբերմունքով պարզապես ցույց է տալիս, որ բացարձակապես հարգանք չունի նրա շահերի նկատմամբ, և որ Հայաստանի համար չի կարող լինել վստահելի դաշնակից։ Երբ ադրբեջանական հրոսակախմբերը հարձակվեցին ԼՂՀ առաջնագծի պաշտպանական դիրքերի վրա և երկու ուղղություններով կարողացան որոշակի առաջխաղացում ունենալ, Թուրքիայի նախագահը, ելնելով Ադրբեջանի հետ իր դաշնակցային հարաբերություններից, ողջունեց պատերազմ սանձազերծելու` Բաքվի գործողությունները և դրա համար շնորհավորեց «եղբայր» Ալիևին։ Իսկ ի՞նչ արեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույց ունեցավ ռազմական գործողությունների ծավալման միայն չորրորդ օրը, ինչից հետո Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբների պետերի միջև կայացած բանակցություններից հետո կողմերը գնացին կրակը դադարեցնելու պայմանավորվածություններին։
Արտաքուստ խիստ դրական այս նախաձեռնությունն իրականում, բառի բուն իմաստով, հարված էր «դաշնակից» Հայաստանի թիկունքին: Կրակի դադարեցման պայմանավորվածությունը Մոսկվայում ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետերի միջև։ Մինչդեռ ռազմական գործողությունները բոլորովին էլ ՀՀ-ի սահմաններին չէին ծավալվում։ Իսկ 1994թ․ հրադադարի համաձայնագրով, որի «կնքահայրը» եղել է Ռուսաստանը, ԼՂՀ-ն հակամարտության հիմնական կողմն էր։ Հետևաբար, մոսկովյան բանակցություններին պետք է մասնակցեր նաև ԼՂՀ ՊԲ գլխավոր շտաբի պետը, և Բաքուն այդ պայմանավորվբածությունը պետք է ձեռք բերեր հենց Ստեփանակերտի, այլ ոչ թե Երևանի հետ։ Պարզ է, որ ղարաբաղյան կողմի բացակայությունը եղել է Բաքվի պահանջը։ Բայց ակնհայտ է նաև, որ այն, փաստորեն, բավարարվել է։ Այն հանգամանքը, որ ընդամենը նախօրեին Սերժ Սարգսյանը պահանջում էր, որ պաշտոնական Բաքուն իրավիճակի կայունացման և հիմնահարցը կարգավորելու նպատակով ուղղակի բանակցություններ սկսի Ստեփանակերտի հետ, նշանակում է, որ ռուսական կողմն է կրակի դադարեցման խնդիրը լուծել այս երկու հարցում էր Երևանի վրա ճնշումներ գործադրելու միջոցով։ Եվ դա արել է ցանկացած գնով հարավկովկասյան կրակը մարելու` սեփական հետաքրքրություններից և շահերից ելնելով։ Եվ քանի որ Մոսկվայի համար ամենահեշտ տարբերակը Երևանին ծնկի բերելն էր, գործի է դրել իր ողջ լծակները։
Ահա, թե ինչու էր «Եռաբլուր»-ում ԼՂ-ի հետ շփման գծում ծավալված մարտերում զոհված հետախույզ-գնդացրորդ, պայմանագրային զինծառայող Սասուն Մկրտչյանի հուղարկավորության ժամանակ նախագահ Սարգսյանը, թերևս, նկատի ունենալով հենց Ռուսաստանին, հայտարարում. «Ես պարտավոր եմ հայտարարել, որ մենք պատրանքներ չունենք, մենք չունենք հզոր հովանավորներ…»։ Այն, որ ստեղծված իրավիճակի հիմնական պատասխանատուն Երևանն իսկապես համարում է Մոսկվային, նախագահը շատ թափանցիկ ակնարկեց նաև ԵԱՀԿ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ: Խոսելով 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման եռակողմ անժամկետ համաձայնագրերի շրջանակում մնալու անհրաժեշտության մասին` նա բառացիորեն ասում է․ «Կարծում եմ՝ այստեղ մեծ դեր ունեն այն ժամանակվա միջնորդները, ովքեր, իմ կարծիքով, հանդիսանում են նաև զինադադարի ռեժիմի պահպանման երաշխավորներ…»: Իսկ, ինչպես հայտնի է, 1994-95թթ․ հիմնական միջնորդները նախ Իրանն էր, ապա՝ Ղազախստանն ու Ռուսաստանը։
Ահա ռուսական դաշնակցության ողջ «պերճանքն» ու թշվառությունը։ Մնում է հասկանալ՝ գոնե սա ստիպելո՞ւ է սրբագրումների ենթարկել արտաքին քաղաքականության ռուսական վեկտորը։ Իսկ, որպես առաջին քայլ, գուցե արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան ապրիլի 8-ին չգնա Մոսկվա…
Գևորգ Աղաբաբյան