Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրանային 8-օրյա հանրահավաքներից շահեց ոչ թե ՀԱԿ-ը, այլ միայն նրա առանցքը կազմող ՀՀՇ-ն եւ նախկին նախագահ Տեր-Պետրոսյանը:
Այդ օրերից միակ բանը, որ նստվածք տվեց Ազատության հրապարակ եկած բազմության եւ իրադարձություններին հետեւող քաղաքականապես ակտիվ հանրության մեջ, Տեր-Պետրոսյանի ինքնարդարացման, իր պաշտոնավարման շրջանն իրական ժողովրդավարության բացառիկ հանգրվան ներկայացնելու, իր կատարած քայլերի, որոշումների անսխալականության «ապացուցման»` երկու օր տեւած ասուլիսային ագիտացիոն արշավն էր:
ՀՀՇ-ն եւ Տեր-Պետրոսյանը շուրջօրյա հանրահավաքները լավագույնս օգտագործեցին իրենց վրա մնացած անցյալի կեղտերից ազատվելու, սխալները սրբագրելու հույժ կարեւոր խնդիրը լուծելու համար: Այս իմաստով Կոնգրեսը, որպես քաղաքական տասնյակ մանր ու միջին ուժերի ամբողջություն, փաստացի վերածվում է այդ «ինքնամաքրման» լվացարանի: Բայց դա մեծ հաշվով Կոնգրեսի եւ ՀՀՇ-ի խնդիրն է: Եթե նրանց փոխադարձաբար ձեռք են տալիս նման փոխառնչությունները, մնացած ուժերը դրանից չեն նեղսրտում, ապա իր անունը մաքրելու ՀՀՇ-ի ցանկությունն ու դրանից բխող գործողությունները նույնիսկ արդարացված կարելի է համարել:
Հասարակությանն այս ամենում ուրիշ բան պետք է հետաքրքրի. օրինակ` իշխանության վերադառնալու ձգտում ունեցող Տեր-Պետրոսյանի ունեցած անսխալականության բարդույթը: Ոչ 1998թ. փետրվարին հրաժարական տալիս, ոչ 2007թ. մեծ քաղաքականություն վերադառնալիս եւ ոչ էլ հիմա որեւէ անգամ նա այդպես էլ չխոստովանեց իր կամ իր թիմի թույլ տված որեւէ սխալ, չնայած դրանք այնքան ակնառու էին, որ ուղղակի հնարավոր չէ մոռացության մատնել: Գուցե նման հնարքներն ազդում են Տեր-Պետրոսյանի ֆանատների, կոնգրեսամերձ մոլեռանդների գիտակցության վրա, սակայն հասարակական լայն շրջանակների մոտ նման փորձերը ոչ միայն որեւէ ազդեցություն չեն թողնում, այլեւ զգուշացնում են, որ վերադառնալու դեպքում ստանալու են այն նույն «իդեալական ժողովրդավարությունը», որն իր պաշտոնավարման տարիներին կերտում էր Տեր-Պետրոսյանը եւ որն ատամներով պաշտպանում է հիմա:
Ահա այդ անսխալականության ֆոնին է Տեր-Պետրոսյանը հիմա մերիտոկրատիկ, այսինքն` արժանիների իշխանություն խոստանում: Մինչդեռ դրանից առաջ թերեւս հարկավոր էր նայել իր շուրջը եւ անկեղծ բացատրել, թե իշխանության եղած, ինչ-որ բան փոխելու լծակներ ունեցած ժամանակ որեւէ կողմով իրենց չարդարացրած մարդկանցից կազմված իր շրջապատում այդ ովքեր են այն արժանիները, որոնք գալու են կառավարելու երկիրը: Ակնհայտ է` եթե նա համոզված է, որ ոչ տնտեսական, ոչ սոցիալական եւ ոչ էլ կադրային քաղաքականության մեջ սխալներ թույլ չի տվել, մեծ է հավանականությունը, որ իշխանության գալու դեպքում հասարակության պարանոցին կրկին փաթաթելու է իր պատկերացրած արժանիքներ ունեցողներին:
Բայց ողջ խնդիրն այն է, որ նախկին նախագահների վերադարձից զատ կարծես օրինաչափություն է դառնում նաեւ նման հավակնություններն անսխալականությամբ հիմնավորելու, պատճառաբանելու հակումները: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երբեք չի հայտարարել, թե մեծ քաղաքականություն չի վերադառնալու ու չի փորձելու վերստին նախագահ դառնալ: Ինքնին վերադառնալու մեջ չէ խնդիրը: Այլ այն հիմնավոր մտավախության, որ նախկին սխալները կրկնվելու պարագայում հետագայում եւս երկիրը, հասարակությունը հայտնվելու են տեղապտույտի մեջ: Երկու անգամ` 2010-ին եւ 2011-ին, նա ոչ միայն ակնարկել է նման հնարավորության մասին, այլեւ դա բացատրել ոչ ավելի, ոչ պակաս… ներկայիս նախագահի տնտեսական, քաղաքական սխալներով եւ իր պաշտոնավարման ժամանակների հետ մշտապես զուգահեռներ անցկացնելով:
Այսինքն` գրեթե նույն կերպ, ինչպես Տեր-Պետրոսյանն է վարվում իր իշխանությունը կոմունիստների եւ իրենից հետո եկածների հետ համեմատելիս: Այդ համեմատություններում, հենց իր` Քչարյանի ղեկավարման շրջանն է ներկայացվում որպես զարգացման, առաջընթացի, մարդկանց սոցիալ-կենցաղային պայմանների ապահովման լավագույն ժամանակահատված: Անընդհատ շեշտադրումները կատարելով եղած ու չեղած ձեռբերումների վրա, շրջանցվում են այդ նույն տարիներին թույլ տրված սխալները` կապված, օրինակ, տնտեսական ու քաղաքական համակարգերի` նախկինից ժառանգություն ստացած մոնոպոլիզացման խորացման, դիվեսիֆիկացման հնարավորությունները շարունակաբար սահմանափակելու, խորացած անպատժելիության մթնոլորտը հանդուրժելու եւ այլնի հետ:
Եթե նախկին նախագահները վերադառնալու ամբիցիաներ չունենային, ինչ-որ տեղ գուցե հասկանալի լիներ ինքնարդարացման նրանց համառությունը: Բոլորն են ուզում անբիծ կենսագրություն ունենալ: Բայց ներկա պահին անսխալականության այս բարդույթը վերածվում է սինդրոմի, որը հղի է ծանր հետեւանքներով: Որովհետեւ երբ դա վերածվում է օրինաչափության, հիմնավոր մտավախություն է առաջանում, որ գնալու ենք ոչ թե նախկին սխալներից դասեր քաղելու, սովորելու, այլ կրկին ու կրկին դրանք թույլ տալու ճանապարհով:
Գեւորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ