Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոչ իշխանական երեք ուժերի` «Ժառանգության», ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի նախաձեռնած մարզային հանրահավաքներից «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը եկել է այն եզրակացության, որ «ժողովուրդը ռեալ իշխանափոխության հարց է դնում»: Նույն տպավորությունն է ստացել նաև ՀԱԿ-ը: Մինչդեռ հանրահավաքներից ԲՀԿ-ի կազմած կարծիքն այլ է: Այս կուսակցության ներկայացուցիչների մեկնաբանություններից կարելի է հասկանալ` չնայած կան նման տրամադրություններ, սակայն ժողովուրդը դեռ չի ամբողջացրել և հստակեցրել այդ պահանջը:
«Եթե այս հանդիպումների ընթացքում, ի վերջո, հասունանա, և հասարակական կարծիքը լինի այնպիսին, որ դրվեն կոնկրետ պահանջներ, ապա համոզված եղեք, որ ԲՀԿ-ն առաջնորդվելու է մարզային հանրահավաքների ընթացքում ձևավորված հանրային կարծիքով»,- ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Եթե նկատի ունենանք, որ մինչև հոկտենբերի 10-ին կայանալիք համապետական հանրահավաքը մնացել է ընդամենը չորս օր, ապա ԲՀԿ-ին, փաստորեն, ճիշտ այդքան է մնացել վերջապես հասկանալու` դնո՞ւմ է «ժողովուրդը» նման պահանջ, թե՞ ոչ: Ուշադրություն դարձնենք` երեք ուժերի մոտ այս հակասական կածիքը ձևավորվել է մարզային հանրահավաքներին մասնակցող առայժմ ընդամենը մոտ 10 հազար քաղաքացիների ռեակցիայից:
Եթե այդքանը բավարար է համարելու, որ դա ամբողջ ժողովրդի կարծիքն է, ապա թերևս շատ ավելի հիմնավոր են թվում ԱԺ` իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի պնդումները, թե ժողովրդի 70 տոկոսը դեմ է իշխանափոխությանը, քանի որ դրանք հիմնված են ոչ թե օդում հնչած բացականչությունների, այլ փաստերի, կոնկրետ գործողությունների կամ անգործության վրա: Եթե ժողովուրդը գոհ ու շնորհակալ չլիներ իշխանություններից, այսքան հանգիստ չէր տանի Սյունիքի մարզպետի պաշտոնում այնպիսի օդիոզ կերպարի վերանշանակումը, ինչպիսին Լիսկան է, դեռ մի բան էլ` անհուն անտարբերությամբ հետևի մարզի սահմանին նրան զուռնա-դհոլով դիմավորելու «հուզիչ» արարողությանը:
Մյուս կողմից` մոտավորապես ժողովրդի հենց 70 տոկոսի ձայների հաշվին է արդեն մոտ տասնվեց տարի ՀՀԿ-ի վրա խարսխված իշխանությունը շարունակ վերարտադրվում: Հետևաբար, դեռ պետք է հասկանալ` ո՞րն է, ի վերջո, ժողովուրդը` եռյակի հանրահավաքներին գնացող և իշխանափոխության պահանջ դնող բազմությո՞ւնը, ֆեյսբուքահայությո՞ւնը, Լիսկային աղուհացով դիմավորողնե՞րը, տարատեսակ հասարակական ու քաղաքացիական նախաձեռնություննե՞րը, որոնք իրենց մտահոգող մասնավոր հարցերից դուրս այլ խնդիրներ չեն ուզում ունենալ իշխանության հետ, թե՞, օրինակ, 5 կամ 10 հազար դրամով սեփական քվեն վաճառող լյումպենը, որի նրկայացուցիչները ընտրությունների հաջորդ օրն իսկ սկսում են անիծել իրենց բաժին բախտը, հայհոյել իրենց «բիրիքով գնած» իշխանությանը և նրան հեռացնելու պահանջներ դնել:
«Ժողովուրդ» հասկացությունը, այսպիսով, դարձել է յուրօրինակ մի «բատուտ», որի վրա քաղաքական ուժերը ցատկոտում են` ով ինչպես կարող է, և ով ինչքան կարող է, ցուցադրելով իրենց քաղաքական ակրոբատիկ հնարքներն ու ճկունության սահմանները: Օրինակ` ՀԱԿ-ին ու «Ժառանգությանը» պետք է հենց հիմա ժողովրդի մեջ իշխանափոխության տրամադրություներ տեսնել, որպեսզի ԲՀԿ-ին և նրա առաջնորդին դրդեն արտահերթ պրոցեսների: Նրանք հրաշալի հասկանում են, որ եթե Գագիկ Ծառուկյանը խաղը ձգեց մինչև գալիք հերթական ընտրաշրջան, ինչին, կարծես, տանում է պրոցեսը, ապա իրենք կարող են հայտնվել օգտագործված, մաշեցված և դեն նետելու ենթակա գործիքի դերում: Իսկ ահա ԲՀԿ-ին ձեռնտու չէ տեսնել ժողովրդի մեջ հասունացած իշխանափոխության պահանջը, քանի տեղ է թողնում, հանրահավաքներն իբրև գործող իշխանության վրա որպես ճնշամիջոց օգտագործելով, ստիպել գործող նախագահին իշխանությունը սահուն կերպով փոխանցել իրեն կամ մտնել սեպարատ բանակցությունների մեջ ապագա իշխանության ձևավորման հարցով: Ընդ որում` նույն ժողովրդի թիկունքում, ինչպես նախկինում եղել է միշտ: Հետևաբար, շատ հնարավոր է, որ ԲՀԿ-ն այդպես էլ ժողովրդի մոտ չնկատի իշխանափոխության պահանջի հստակ ձևակերպում:
Ժողովրդին պարսատիկի քար դարձնելու այս միտումը նոր չէ: Անցած տարի Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում, այդ նույն ժողովրդի ներկայությամբ իրեն օծելով լեգիտիմ նախագահ և մինչև վերջ գնալու պատրաստակամություն հայտնելով, ի վերջո, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ հայտնվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և իշխանափոխության` ժողովրդի պահանջը տրանսֆորմացրեց հանուն խաղաղության` առ Աստված ուղղված աղոթքի: Դրանով այդ պատմությունն ավարտվեց:
Իսկ ավելի վաղ` 2011թ., ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը անհաջող փորձ կատարեց քաղաքական հիմնական որոշումները հանրահավաքի ձևաչափով կայացնելու, իբր` տեսեք, պահանջներ ներկայացնողն ու ձևակերպողը ոչ թե ես եմ, այլ ժողովուրդը: Իսկ երբ նույն այդ ժողովուրդը, ավելի ճիշտ` հրապարակային որոշումների կայացման այդ թատրոնին եկողներն ու անկեղծ հավատացողները հենց հանրահավաքի ժամանակ իշխանափոխության պահանջ ձևակերպեցին, Տեր-Պետրոսյանը հանկարծ հայտարարեց, թե դա նշանակում է իշխանությունների հետ ըմբշամարտի մեջ մտնել, ինչն առնվազն քաղաքական տհասության դրսևորում է:
Դրանից հետո, համոզելով, թե որոշել է ըմբշամարտի փոխարեն իբր շախմատով նվաստացնել իշխանությանը, վերջինիս հետ նստեց ի սկզբանե ձախողման դատապարտված երկխոսության սեղանին` ստիպելով ժողովրդին կա'մ հավերժական շախի տրամաբանությամբ ընթացող այդ խաղի հանդիսատեսը դառնալ, կա'մ ցրվել տներով, ինչը, ի վերջո, ձանձրացած ու հիասթափված ժողովուրդն արեց: Այնպես որ` ժողովրդին հղումներ կատարելու` ներկայիս իշխանական ու ոչ իշխանական ուժերի այս վարքագիծը ոչ միայն ոչ օրիգինալ, այլև վաղուց իրեն սպառած տեխնոլոգիա է: Այդ «կուտը» մարդիկ այլևս չեն ուտում:
Հասարակությունը բավարար չափով քաղաքականապես հասունացել է` նման դրսևորումների տակ միշտ իրենց թիկունից հարվածելու վտանգը տեսնելու համար: Մյուս կողմից` ժողովրդի անունը նման կերպ շահագործելը, կամա թե ակամա, ինքնախոստովանություն է առ այն, որ նոր բան առաջարկելու, քաղաքական պրոցեսները հունավորելու և պատասխանատվություն վերցնելու պոտենցիալ քաղաքական ուժերը չունեն: Ոչ մի նորմալ քաղաքական ուժ չի սպասում, թե ինչ կասի իրեն հասարակությունը` ինչ-որ պրոցես սկսելու համար, առավել ևս, երբ հնարավոր չէ դա վերագրել ողջ հասարակությանը:
Քաղաքականության ողջ իմաստն այն է, որ իրենց կուսակցություններ համարողները հանդես են գալիս որոշակի առաջարկություններով, սխեմաներով, տարբերակներով և փորձում հասարակության մեծամասնությանը համոզել սեփական ճշմարտացիության մեջ: Եթե լիներ հակառակը, այսինքն` թելադրողը լիներ հասարակությունը, ապա ներկայիս քաղաքական ուժերի մոտ 99 տոկոսը պետք է գնար ինքնալուծարման այն պարզ պատճառով, որ դա նույնպիսի, եթե ոչ ավելի հրատապ հանրային պահանջ է` քաղաքական նորմալ մշակույթ ձևավորելու և դաշտը քաղաքական դիակներից ու թափթփուկներից մաքրելու համար:
Գևորգ Աղաբաբյան