կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-06 11:32
Քաղաքական

Իշխանությունը պետք է վերջ տա իր ինքնասիրահարվածությանը. Ռուբեն Հակոբյան

Իշխանությունը պետք է վերջ տա իր ինքնասիրահարվածությանը. Ռուբեն Հակոբյան

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ամփոփելով քառօրյան, նշեց, որ այն հագեցած էր` քննարկվեցին ՎՊ հաշվետվության և «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցերը:

 

ՎՊ հաշվետվության հետ կապված` նա նշեց, որ բացահայտորեն անտեսվեց, խախտվեց ԱԺ կանոնակարգ-օրենքը: Ըստ Ռուբեն Հակոբյանի` անգամ ՎՊ ծրագիրը չներկայացվեց, այսինքն` դա նշանակում է, որ ինչ-որ խաղեր են ընթանում, և դրանով անտեսում են ԱԺ-ն, խաղում ԱԺ-ի հեղինակության հետ: «ԱԺ-ն գործիք դարձավ քաղաքական խմբերի ձեռքին»,- ասաց պատգամավորը:

 

Խոսելով «Շրջանառության հարկի մասին» օրենքում լրացումներ անելու հարցի հետաձգման մասին` նա նշեց, որ դա աննախադեպ բան է, որ ընդունվում է օրենք, որը մեկ տարի չպետք է գործի: Սակայն Հակոբյանը դրական գնահատեց, որ իշխանությունն ու ընդդիմությունը կարողացան ընդհանուր հայտարարի գալ այդ օրենքի հարցով:

 

Լրագրողները հետաքրքվեցին, թե ի՞նչ արդյունքներ տվեց երեկվա` ԲՀԿ նախաձեռնությամբ կազմակերպված խորհրդաժողովը: Պատգամավորը նշեց, որ գոհ է արդյունքներից: Առաջիկայում ի մի կբերվեն մոտեցումները, և միասնական ծրագրով կներկայանան:

 

«Լավագույն տարբերակը մեր պետության համար, որ իշխանությունը վերջ տա իր ինքնասիրահարվածությանը` որ ամեն ինչ լավ է ընթանում, այլ համարժեք գնահատական տա ստեղծված ծանր վիճակին: Իշխանությունները պետք է պատրաստ լինեն արտահերթ ընտրություններին, որոնց պետք է նախորդեն ընտրական օրենսգրքում փոփոխությունները: Միայն այդ ձևով հնարավոր կլինի խուսափել ցնցումներից»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:

 

Հարցին, թե, այնուամենայնիվ, ոչ իշխանականները ցանկանում են գնալ հերթակա՞ն, թե՞ արտահերթ ընտրությունների, պատգամավորը պատասխանեց, որ խոսքն արտահերթ ընտրությունների մասին է: