կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-24 13:50
Քաղաքական

Ինչո՞ւ պետք է ոմանք երևանցուց «նալոգ» վերցնեն. Ռուբեն Հակոբյան

Ինչո՞ւ պետք է ոմանք երևանցուց «նալոգ» վերցնեն. Ռուբեն Հակոբյան

ԱԺ նիստում քննարկվում է ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից համատեղ ներկայացված` կառավարության և Երևանի քաղաքապետարանի կողմից 2012–13թթ. ընթացքում ազգաբնակչության և տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ լրացուցիչ վճարներ, տուրքեր և տուգանքներ, արագաչափեր, նկարահանող սարքեր, վճարովի ավտոկայանատեղիներ, Երևանի մարդատար ուղևորափոխադրումների ուղեվարձի բարձրացում, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքներ սահմանելու միջոցով թաքնված հարկային բեռի ավելացման հիմնավորվածությունն ու հետևանքներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը:

 

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ Երևանի քաղաքապետարանը քաղաքացիների հաշվին կառուցում, ասֆալտապատում ու մաքրում է փողոցներն ու բակերը, որից հետո ինչ-որ մասնավոր ընկերության տալիս է հնարավորություն, որ առանց սպասարկման, ընդամենը կարմիր գծեր քաշելով, տուրքեր գանձի կայանվող մեքենաների վարորդներից:

 

«Չկա բացարձակ որևէ սպասարկում, որի դիմաց տուրքեր ու տուգանքներ են գանձնվում: Այդ մասնավոր ընկերությունն անգամ պատասխանատվություն չի կրում այդ ավտոմքենաների անվտանգության համար: Ի՞նչ տրամաբանությամբ կարելի է նման օրենք սահմանել, ինչքա՞ն կարելի է արհամարհել երևանցու շահը, որ հնարավոր լինի նման օրենք սահմանել»,- ասաց Ռուբեն Հակոբյանը՝ առաջադրելով բոլոր այն հարցերը օրենքի վերաբերյալ, որոնք չունեն պատասխաններ և զավեշտալի են թվում ընդդիմության կողմից:

 

Նա կոչ արեց քաղաքական մեծամասնությանը` անվավեր ճանաչել այդ օրենքները:

 

«Երևանը պետք չէ դարձնել սեփականություն կամ տնամերձ: Մենք ուզում ենք ճշտել` ինչո՞ւ պետք է ոմանք երևանցուց «նալոգ» վերցնեն»,- ասաց Ռուբեն Հակոբյանը՝ արձագանքելով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանի հարցին, թե ինչո՞ւ է անհրաժեշտ ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, եթե հնարավոր է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ: