Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախում իրականում փորձում են բաժակում փոթորիկ ստեղծել, իսկ կազմակերպողն էլ նախագահ Արայիկ Հարությունյանն է։
Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցություն քարտուղար Մետաքսե Հակոբյանը՝ խոսելով վերջին օրերին արցախյան ներքաղաքական անհանգիստ մթնոլորտից։
Ընդդիմադիր պատգամավորն ասում է, եթե, ինքը քաղաքականության մեջ չլիներ, միգուցե հավատար Արցախում որոշ մարդկանց ինքնաբուխ դրսևորումներին, բայց հավաստիացնում է՝ այն, ինչ տեղի է ունենում, լավ կազմակերպված գործընթաց է, նախադեպն էլ կա։
Հակոբյանը հիշեցնում է՝ նմանատիպ իրավիճակ նաև հունվարին էր։
«Այդ ժամանակ երկրի նախագահի կողմնակիցների միջոցով լուր տարածվեց նրա հրաժարականի մասին։ Երիտասարդական պալատում, իբրև թե, ինքնաբուխ ակցիա էր, բայց իրականում՝ շոու։ Նկատեմ, որ այդ լուրերից հետո պարզապես պաշտոնների փոխանակում տեղի ունեցավ, դրանից հետո կրքերը հանդարտվեցին։ Հունվարից մինչև այսօր Արայիկ Հարությունյանը դեռևս նախագահ է»,- նշեց պատգամավորը։
Նրա կարծիքով՝ տեսնելով, որ նման տեխնոլոգիաներն աշխատում է, Հարությունյանը նորից է նույն սցենարը կրկնում։ Ընդդիմադիր գործչի համոզմամբ՝ տարբեր տեխնոլոգիաներ կիրառելով՝ Հարությունյանն անում է ամեն ինչ, որ իր աթոռը պահպանի։
«Հիմա էլ նույն սցենարն է պարզապես դերակատարներն են փոխվել։ Գլխավոր դերակատարը նույնն է մնացել, մյուսներն են փոխվել, այս դեպքում աշխարհազորայինների` Կարեն Մաթևոսյանի գլխավորությամբ։ Մեկ անձ էր այդ քաոսը ստեղծել։ Իրականում որևէ քաոս չկա այն քաղաքական ուժերի համար, որոնք սթափ են և 2018 թվականից սկսած իրենց դիրքորոշումը չեն փոխել, 3 տարի է փորձում են նաև Արցախի նախագահին համոզել, որ խնդիրն անձերի մեջ չէ, որ դերակատարները պետք է փոխվեն, որպեսզի հնարավոր լինի բեկում մտցնել Արցախի հարցում»,- հավելեց մեր զրուցակիցը։
«Արդարություն» խմբակցություն քարտուղարի դիտարկմամբ՝ վերջին օրերին այն, ինչ տեղի է ունենում Արցախում, Ադրբեջանի պահանջների կատարման բացարձակ ցուցադրություն է, և իշխանության պահպանում։
Անդրադառնալով հարցին, որ Արայիկ Հարությունյանի մտերիմ, աշխարհազորայիների խմբի ղեկավար Կարեն Մաթևոսյանը Հայաստանից է ուղղորդվում, արցախցի քաղաքական գործիչն արձագանքեց․
«Մի բան հստակ է, որ Հարությունյանն առանց Հայաստանի վարչապետի հետ համաձայնեցնելու որևէ քայլ չի անում։ Այստեղ կա համաձայնեցված պլան, որն իրականացնում են։ Եվ նոր չէ, որ Հայաստանի իշխանություններն այստեղ քայլեր են անում, դեռևս 2018 թվականից Արցախում ստեղծել են պրոյեկտներ, դրանք հիմա շատ լավ ակտիվացել են։ Սա ևս բացառություն չէ»։
Մետաքսե Հակոբյանը կիսում է այն տեսակետը, որ Փաշինյանը փորձում է Արցախի հանձնումը փաթեթավորել այնպես, որ իր մեղքի բաժինը չլինի։ Նրա համար զարմանալի է, որ իրենց մոտ էլ կան ուժեր, որոնք Արցախի հանձնման ճանապարհով են գնում։
«Ակնհայտ է, որ Արցախում հեղաշրջման փորձ է արվում, բայց առաջին անգամ նախադեպը կլինի այնպիսին, որ հեղաշրջում անում են երկրի նախագահին պաշտոնում պահելու համար, որևէ այլ խնդիր չեն փորձում լուծել, այլ նպատակ չունեն։ Փորձում են նաև սթափ ուժերին դաշտից դուրս բերել»,- համոզմունք հայտնեց նա։
Ինչ վերաբերվում է Արցախից հնչող ահազանգին, որ առաջիկայում Արայիկ Հարությունյանը պատրաստվում է Աղդամից սննդամթերք ներմուծել, Հակոբյանն ասաց, որ առաջին հերթին ներքին կառավարումն է տապալված․ կա խավ, որն որևէ խնդիր չունի, իսկ մյուսներն էլ օրերով զրկված են հացից։
«Արայիկ Հարությունյանի բարձրախոսներից մեկն ակնարկներ արեց, որ շուտով այս ամենը վերջանալու է։ Երբ վերլուծում ես, պարզ է դառնում, որ ոչինչ չի արվել, որ Արցախում օրինական ճանապարհով սնունդ մտնի, բեռները Կոռնիձորի ճանապարհին են դեռ։ Արդեն տեսնում են ժողովրդի արձագանքները։ Ես չեմ պատկերացնում՝ ինչ կկատարվի, եթե որևէ մեկը փորձի Աղդամից բեռներ ներկրել Արցախ»,- եզրափակեց ընդդիմադիր պատգամավորը։