Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ամփոփելով քառօրյան, նշեց, որ այն հագեցած էր:
Խոսելով մարտի 1-ի հանրահավաքին իրենց մասնակցության մասին` ասաց, որ մարտի 1-ին վարչության անդամները մեկնելու են Հայաստանի հյուսիսարևելյան շրջաններ, մնացած անդամները ազատ են` մասնակցելու այդ հանրահավաքին:
Հարցին, թե արդյո՞ք կա հրավեր` ԲՀԿ արտահերթ համագումարին մասնակցելու, Ռուբիկ Հակոբյանը պատասխանեց, որ առայժմ հրավեր չկա, և չգիտեն՝ կլինի՞, թե՞ ոչ:
«ԲՀԿ արտահերթ համագումարին դեռ մեկ շաբաթ կա, եկեք` սպասենք: Ի դեպ, երեկ չշտապելու համաշխարհային օրն էր»,- ասաց նա:
Yerkir.am-ի հարցին, թե ինչպես է «Ժառանգությունը» պատկերացնում քաղաքական իրավիճակում ստեղծված անհեթեթ վիճակի հանգուցալուծումը, Ռուբիկ Հակոբյանը պատասխանեց, որ ներկա պահին Հայաստանը լուրջ համակարգային ճգնաժամ է ապրում, և ճգնաժամը վերաբերում է Հայաստանի ողջ քաղաքական սպեկտրին:
Ռուբիկ Հակոբյանը տգիտություն ու անհեթեթություն է համարում այն, որ իշխանությունը շուտասելուկի նման կրկնում է, թե ստեղծված վիճակի համար, անգամ`արտագաղթի, մեղավոր է ընդդիմությունը, այնինչ` հանրահավաքներին հավաքվող ժողովրդի 90 տոկոսն է դժգոհ իշխանություններից: «Հայաստանում այսօր քաղաքական դաշտն ամլացել է: Ես չեմ կարծում, որ այդ վիճակը երկար կշարունակվի: Թվացյալ լռության մեջ լիքը ճիչ կա, որը, ի վերջո, կմտնի Ազատության հրապարակ, և ժողովուրդն իր խոսքը կասի»,- ասաց պատգամավորը:
Նրա համոզմամբ՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումն այն կլինի, որ իշխանությունն ու ընդդիմությունը ճիշտ օրակարգով նստեն ու քննարկեն վիճակը, սակայն պատգամավորը չի տեսնում, որ իշխանությունը դա ցանկանում է: «Իրենք քայլում ու խոսում են, ասես` պատերազմում հաղթանակ են տարել, բայց դա պյուրոսյան հաղթանակ է, եթե պարտվել է որևէ քաղաքական ուժ, դա նշանակում է, որ ամբողջ ժողովուրդն ու պետությունն է պարտվել»,- ասաց Հակոբյանը:
Պատգամավորը օրինակ բերեց Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ քաղաքական գործիչները պետք է զբաղվեն քաղաքականությամբ և օրենսդիր գործունեությամբ, սակայն այդ հայտարարությունից հետո իշխանությունը չի նստում ու անուն առ անուն չի քննարկում, թե ինչպես պետք է լուծվի այդ հարցը: