կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-18 18:00
Առանց Կատեգորիա

Ով հրահանգեց իջեցնել ավտոգազի գինը, կամ գազային անպատիժ սպեկուլյացիաներ

Ով հրահանգեց իջեցնել ավտոգազի գինը, կամ գազային անպատիժ սպեկուլյացիաներ

Երևանյան երթուղային տրանսպորտը և դրանից օգտվող քաղաքացիները հայտնվել է ցայտնոտային վիճակում: Վաղ առավոտյան մեծ թվով երթուղիներ չէին սպասարկվում: Երթուղային տաքսիների որոշ գծեր՝ 71, 75, 63, սպասարկող վարորդները կազմակերպված կերպով հրաժարվել են դուրս գալ երթուղի, իսկ Նոր Նորքը սպասարկող երթուղիների վարորդներն ավտոմեքենաները կենդանաբանական այգու մոտ երկայնքով կանգնեցրել են ճանապարհին՝ հրաժարվելով սպասարկել բնակչությանը՝ մինչև չկատարվեն լիցքավորվող գազի սակագինն իջեցնելու կամ ուղեվարձը բարձրացնելու` դեռ երեկվանից ներկայացվող իրենց պահանջները:

 

Ակնհայտ է, որ եթե այս իրավիճակը որևէ հանգուցալուծում չստանար, ամենամոտ ժամանակահատվածում բողոքի այս ակցիան կարող էր վերածվել համատրանսպորտային գործադուլի՝ կաթվածահար անելով ողջ տրանսպորտային համակարգը, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ քաղաքային տաքսիների վարորդների մի մասն արդեն բարձրացրել է ուղեվարձը՝ մինիմալը 600-ից դարձնելով 1000 դրամ:

 

Վարորդների պահանջն առաջին հայացքից թվում էր տրամաբանական և արդարացի: Դրամի արժեզրկման և առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճի պայմաններում նույն սակագնով ծառայությունների մատուցումը շահավետ չի կարող լինել: Առավել քան սպասելի էր, որ, ամենահարմար առիթն օգտագործելով, գծատետերը և վարորդները կրկին բարձրացնելու էին այս հարցը, որից իրականում երբեք չեն հրաժարվել անցած մեկուկես տարվա ընթացքում: Եվ ահա ներկայումս արձանագրվող գնաճի տեմպերն այս ոլորտում խաղացողների համար ստեղծեցին այդ հնարավորությունը, թեև իրականում սա շատ նման է պղտոր ջրում ձուկ որսալուն: Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը հայտարարել է, թե տրանսպորտի սակագինը պետք է կազմի 300 դրամ, և ճիշտ կլինի, եթե կառավարությունը, քաղաքացիների համար սակագինը չփոխելու նկատառումով, իր վրա վերցնի ավելացող 200 դրամը սուբսիդավորելու խնդիրը: Այսինքն` թեեւ գազը լցակայաններում թանկացել է 30 տոկոսով, սակայն փոխադրողները Եղիազարյանի բերանով պահանջում են ուղեվարձի սակագինը բարձրացնել ուղիղ 200 տոկոսով: Պարզ է, որ դոլարի արժևորման պարագայում պահեստամասերի և սարքավորումների թանկացումը լրջագույն ճնշումներ է գործադրելու ինքնարժեքի վրա: Սակայն փոխադրողների կողմից պահանջվող ուղեվարձի անհամաչափ բարձրացումը նույնիսկ այդ պարագայում տրամաբանական չի թվում:

 

Բայց շատ ավելի էական է, թե որքանով է հիմնավոր սեղմված գազի գնի բարձրացումը, որը տեղի ունեցավ մեկ շաբաթ առաջ` միանգամից, և որն էլ, ըստ էության, ընկած է փոխադրողների, գծատերերի և վարորդների ներկայիս բողոքի ակցիաների առանցքում: Գազալցակայաններում հավաստիացնում են, որ թանկացումը պայմանավորված է ավտոգազը «Գազպրոմ Արմենիա»-ից ավելի թանկ գնով ձեռք բերելու հանգամանքով: Այսինքն` իբր, պատճառը հենց ռուսական այդ ընկերության վարած գնային քաղաքականության վերանայումն է: Մինչդեռ նախորդ օրերին «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանը, անդրադառնալով այդ պատճառաբանություններին, նշել է, որ գազալցակայաններում գազի թանկացման հետ իրենք որևէ առնչություն չունեն, քանի որ շարունակում է գործել այն բանաձևը, որով լցակայաններըն իրենց սպառած գազի դիմաց վճարում են յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին ՀՀ ԿԲ-ի կողմից հրապարակված փոխարժեքով: Սա նշանակում է, որ առնվազն դեկտեմբերի համար գազալցակայաններն իրենց գնած գազի համար ընկերությանը պետք է վճարեին 1 ԱՄՆ դոլարի դիմաց 433 դրամ փոխարժեքով, քանի որ նոյեմբերի 25-ին հենց այդպիսի փոխարժեք է հրապարակված եղել ԿԲ-ի կողմից: Սա էլ, իր հերթին, նշանակում է, որ այս ամսվա ընթացքում գազի գնի բարձրացում պետք է որ չլիներ: Այսինքն` պարզ է, որ ոչ միայն գազալցակայաններն ինքնուրույն են որոշել փոխել գինը, այլև փաստը, որ բարձրացումը տեղի ունեցավ մեկ շաբաթ առաջ նույն օրը, միանգամից, թույլ է տալիս պնդել, որ հնարավոր է՝ գործ ունենք այս ոլորտում խաղացողների միջև հակամրցակցային պայմանավորվածությունների երևույթի հետ, ինչը մեխանիկորեն դառնում է պետության, մասնավորապես`  Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի միջամտության խնդիր:

 

Սակայն որքան էլ տարօրինակ է, ՏՄՊՊՀ-ն հայտարարում է, թե այդ շուկայում ուսումնասիրություններ կատարելու լիազորություն չունի, քանի որ, իբր, այնտեղ գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություն չկա, իսկ հանձնաժողովը կարող է ուսումնասիրություններ իրականացնել միայն տվյալ շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններում: Խնդիրն այն է, սակայն, որ այս ոլորտում գերիշխող դիրք ունեցող ընկերությունների բացակայությունը հանձնաժողովին նախկինում երբեք չի խանգարել մոնիթորինգի ենթարկել գազալցակայանների գործունեությունը: Նման մոնիթորինգներ ՏՄՊՊՀ-ն անցկացրել է առնվազն 2008-ին և 2013-ին, եւ բոլոր դեպքերում պատճառը եղել են գազալցակայանների կողմից ձեռք բերվող եւ իրացվող գազի գնի անհամարժեք բարձրացման հարցում ունեցած կասկածները, որոնցից հետո նույնիսկ առանձին սուբյեկտների նկատմամբ վարույթներ են հարուցվել: Ի դեպ, նախորդ տարի ՏՄՊՊՀ-ն մտել է այս շուկա հենց այն պատճառով, որ կրկին արձանագրվել էր գազի սակագնի անհիմն թանկացում մինչև 240 դրամ, և միայն այդ միջամտության արդյունքում հաջողվեց գները վերադարձնել նախկին մակարդակին:

 

Եվ առավել քան տարօրինակ է, որ ՏՄՊՊՀ-ն համառորեն չցանկացավ միջամտել գազալցակայաններում կատարված հերթական սպեկուլյատիվ գործընթացներին: Այս անգամ էլ գները, կարծես, իջեցվեցին: Համենայն դեպս, այդ մասին այսօր հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Սակայն ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմով՝ ոչ ոք այդպես էլ չիմացավ, և ոչ ոք չբարեհաճեց որևէ բացատրություն տալ: Վարչապետն ընդամենը ասաց, որ ամեն ինչ արդեն կարգավորվել է, որ գազալցակայանները սկսել են հին գնով գազ վաճառել, և բոլոր հարցերը, փաստորեն, հանվեցին: Ոչինչ, որ մեկ շաբաթ գազալցակայանները, փաստորեն, անհիմն թանկացման պատճառով մոտ 30 տոկոսով ավելի շահույթ ապահովեցին և այդ չափով թալանեցին վարորդներին: Այդ խնդիրը, կարծես, որևէ մեկին չի մտահոգում: Մինչդեռ այսօր գործադիրի նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարում էր, թե կառավարությունն անհիմն թանկացումները չի հանդուրժելու: Ահա, թե ինչպես է դրսևորվում այդ անհանդուրժողականությունը:

 

Գեւորգ Աղաբաբյան