կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-20 14:59
Արցախ

Արցախում դատախազ կամ քննիչ նշանակվելու համար պահանջվող տարիքի նվազագույն շեմը առաջարկում են իջեցնել մինչև 22 տարեկանը

Արցախում դատախազ կամ քննիչ նշանակվելու համար պահանջվող տարիքի նվազագույն շեմը առաջարկում են իջեցնել մինչև 22 տարեկանը

Մայիսի 19-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է նիստ: Այն վարում էր հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը: Նիստին ներկա էր Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:

Արցախի ԱԺ-ից  հայտնում են, որ քննարկվել է «Դատախազության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը: Այն ներկայացրել է  Արցախի Հանրապետության  գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը:

Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է «Դատախազության մասին» օրենքում նախատեսել «գլխավոր դատախազությանն կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ» եզրույթը:

Դատախազ կամ քննիչ նշանակվելու համար պահանջվող տարիքի նվազագույն  շեմը առաջարկվում է իջեցնել մինչև 22 տարեկանը:

Հաջորդ դրույթը դատախազների և քննիչների աշխատանքային փորձի  վերաբերյալ է: Առաջարկվում է հրաժարվել դատախազության համակարգ աշխատանքի ընդունվելու համար պարտադիր ուսումնառություն անցնելու օրենսդրական պայմանից, այն փոխարինելով նոր ընդունված դատախազին կամ քննիչին պարբերաբար վերապատրաստելու ու մեկ տարվա աշխատանքից հետո նրա՝ պաշտոնին համապատասխանությունը ստուգելու եղանակով:

Առաջարկվում է պարտադիր ատեստավորում սահմանել նաև դատախազության կառուցվածքային և  տարածքային ստորաբաժանումների ղեկավարների համար:

Պատգամավորները հանդես են եկել առաջարկություններով: Քննարկումների արդյունքում պարտադիր ատեստավորման մասին դրույթը հանվել է օրինագծից:

3 կողմ, մեկ ձեռնպահ ձայների համամասնությամբ օրենքի նախագիծը ստացել է  խորհրդարանի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Նիստում ներկայացվել է նաև «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին հարցը: Այն վերաբերում է բարձրաստիճան պաշտոնատար անձ չհանդիսացող հայեցողական և քաղաքացիական պաշտոն զբաղեցնորղ անձանց, քննչական կոմիտեի ծառայողների, հանրապետական գործադիր մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցներին:

Հաջորդիվ քննարկվել է «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» նոր օրենքը, որով սահմանվում են պետական պարգևները և պատվավոր կոչումները, դրանց տեսակները, ինչպես նաև կարգավորվում են Արցախի Հանրապետության պետական պարգևներ հիմնելու, պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու կարգի, դեպքերի և պետական պարգևները կրելու կանոնների հետ կապված հարաբերությունները։

«Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» նոր օրենքի նախագծի ներկայացումը պայմանավորված է մի շարք իրավահարաբերությունների, մասնավորապես՝ ներկայումս գործող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևների մասին» օրենքում և նշված ոլորտը կարգավորող այլ օրենքներում առկա օրենսդրական բացերի, հակասությունների և թերի կարգավորումների հստակեցման անհրաժեշտությամբ :

Նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ առաջին ընթերցմամբ կներկայացվի առաջիկա լիագումար նիստի քննարկմանը: