կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-11-13 13:18
Քաղաքական

«Կառավարության անդամները զբաղված են կոռուպցիոն ստրիպտիզով»

«Կառավարության անդամները զբաղված են կոռուպցիոն ստրիպտիզով»

Այսօր սուր ելույթով 2015 թ. բյուջեն քննադատեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա այն անվանեց «անողնաշար բյուջե»` «երևի Աստված մի դուռ կբացի» տրամաբանությամբ կազմված: Ըստ պատգամավորի` փաստաթղթում ոչ մի խոսք չկա աղքատության հաղթահարման նպատակային ցուցանիշների մասին, չի երևում` այդ բյուջեի արդյունքում աղքատությունն ավելանալո՞ւ է, թե՞ ոչ:

 

«Պետությունը հայտնվել է տոկոսի տակ ընկած գյուղացու կարգավիճակում, երբ մի բանկից վերցնում, մյուս բանկի պարտքն է փակում: Այս բյուջեով կառավարությունը վերցնելու է 114 մլրդ դրամի պարտք, որ փակի 115 մլրդ դրամի պարտք, սա ի՞նչ է, եթե ոչ տոկոսի տակ ընկած պետություն: Սահմանամերձ համայնքներին տրվող դոտացիաները երեք համայքների մասով պակասել են, մյուս սահմանամերձ համայնքներինը ավելացել աննշան ձևով: Իսկ Երևանինը 2 մլրդ դրամով ավելացել է, որովհետև Երևանում կարող են նույն փողոցը քերել ու ասֆալտ անել: Դե, արի, մարդկանց բացատրի, որ դրանք ատկատներ չեն: Երկու անգամ վարչապետը միջնորդավորված ինձ հավաստիացրել է, որ սահմանամերձ համայնքում գործողություններ են ձեռնարկվելու, բայց, արի ու տես, որ ոչինչ էլ չի արվում, խոսքը ոչ թե մի քանի արտոնություններ տալու, այլ Հայոց բանակի թիկունքային առաջին գիծը ամրապնդելու մասին է»,- ասաց Փաշինյանը:

 

Պատգամավորը խոսեց նաև եռյակի մասին: «Սա ոչ իշխանական եռյակի դեպքը չէ, որ ամառը ասեն աշուն, աշունը ասեն ձմեռ և այդպես շարունակ: ԲՀԿ խմբակցության անդամներն ասում են` դե, գիտե՞ք, էս կառավարությունը ծանր ժառանգություն է ստացել: Բայց ես էի՞ նստած այստեղ ու արագորեն անցկացնում էի Տիգրան Սարգսյանի կառավարության օրինագծերը: Չէ, այդ ես չէի, դա նույն Հովիկ Աբրահամյանն էր:Կարող է՞, մի օր էլ ասեք, որ Սերժ Սարգսյանը ծանր ժառանգություն է ստացել»,- ասաց նա:

 

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ օրեր առաջ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հետ հարցուպատասխանին, որը հիշվեց «թանկանոց կոստյումի» վերաբերյալ թեժ բանավեճով: Ըստ նրա` Գագիկ Խաչատրյանի պատասխանը «գողական» էր, և ինքը թույլ չի տա այդպես խոսել ո'չ իր, ո'չ էլ իրեն ընտրած քաղաքացիների հետ:

 

Վերջում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառավարության անդամներն իրենց կաբինետներում զբաղված են «կոռուպցիոն ստիպտիզով, որից ժողովուրդն ահագին գրգռվել է»: