կարևոր
4744 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-10 16:22
Քաղաքական

Կոռուպցիոն գնումների հիմքով է ԱԱԾ-ն խուզարկում փոխքաղաքապետի աշխատասենյակը

Կոռուպցիոն գնումների հիմքով է ԱԱԾ-ն խուզարկում փոխքաղաքապետի աշխատասենյակը

MediaHub-ի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետի տեղակալ Գեւորգ Սիմոնյանի աշխատասենյակը ԱԱԾ-ն խուզարկում է առողջապահության փոխնախարար եղած ժամանակ նրա կողմից ենթադրյալ կոռուպցիոն գործարքների համար։ 

Խուզարկության հիմք է հանդիսացել նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական գործը՝ կապված կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում կատարված ծախսերի հետ։ Հիշեցնենք, որ քրգործ հարուցվեց ֆինանսների նախարարության համապատասխան ստուգումների ու Հաշվեքննիչ պալատի հաշվեքննության արդյունքների հիման վրա։ 2022թ․-ի մայիսին, երբ Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը ԱԺ-ում հանդես եկավ կորոնավիրուսի համար հատկացված ծախսերի հաշվետվությամբ, պարզվեց, որ կորոնավիրուսի կանխարգելման շրջանակում առանց ծախսային հիմնավորումների ու հաշվետվությունների գումարների վերաբաշխումներ են եղել, որոշ դեպքերում պացիենտի բուժման ծախսերը եղել են ուռճացված, գնումները հիմնականում իրականացվել են մեկ անձից գնման ընթացակարգով եւ այլն, տարբեր բժշկական կենտրոններում էլ ծախսերը իրականացվել են խեղաթյուրումներով:

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր շրջանառվում, որ Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պայքարի ծրագրի շրջանակում 606 մլն դրամի գնումներ է կատարել ընկերությունից, որը պատկանում է առողջապահության փոխնախարար Գեւորգ Սիմոնյանին: 

Ի դեպ, Սիմոնյանը փոխնախարարի պաշտոնին նշանակվել է ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի Աոռղջապահության նախարար եղած ժամանակ, իսկ սա ենթադրում է, որ նույն հիմքով Դատախազությունը կարող է մտնել Ազգային ժողով՝ Թորոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով։ 

Առավել մանրամասն՝ շուտով։