կարևոր
9577 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-28 13:19
Հասարակություն

Կոռուպցիոն սկանդալ՝ Երևանի թիվ 130 դպրոցում. երեք փոխտնօրենները տնօրենի չարաշահումների պատճառով ազատման դիմում են գրել

Կոռուպցիոն սկանդալ՝ Երևանի թիվ 130 դպրոցում. երեք փոխտնօրենները տնօրենի չարաշահումների պատճառով ազատման դիմում են գրել

Արդեն մի քանի օր է՝ Երևանի Նարիր Զարյանի անվան թիվ 130 դպրոցում գերլարված իրավիճակ է։ 

Դպրոցի կառավարման խորհրդից Aysor.am-ին հայտնել են, որ նախորդ շաբաթ դպրոցում տեսչական ստուգումների արդյունքում հարուցված վարչական վարույթի շրջանակներում բացահայտվել են տնօրեն Նվարդ Հովսեփյանի կողմից միլիոնավոր դրամների չարաշահումների աղմկեցուցիչ փաստեր, ինչից հետո տնօրեն Ն. Հովսեփյանը փոխտնօրեններից պահանջել է մտնել դասարաններ և աշակերտներին «վարժեցնել», որպեսզի ստեն ստուգող մարմնի ներկայացուցիչներին՝ ասելով, թե անցկացվել են խմբակային պարապմունքներ, ինչպես նաև պահանջել է փոխտնօրեններից խոսել ծնողների հետ, որպեսզի բողոք չներկայացնեն չանցկացված դասերի համար, որոնց գումարը ինքը դուրս է գրել և յուրացրել։

Տեսչական ստուգումների արդյունքում պարզ է դարձել, որ դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանը յուրացրել է  40 և ավելի խմբակների համար հատկացված գումարը, սակայն որևէ խմբակ չի գործել։ Բացի այդ,  9-րդ դասարաններում «Եկեղեցու պատմության» դասաժամերը գրանցել է իր վրա, սակայն  դաս չի անցկացրել։ Առաջին դասարաններում անգլերենի խմբակի համար դուրս է գրել երկու դասաժամի գումար, իրականում անկացվել է մեկը։ Ավելին՝ ամբողջ հոկտեմբեր ամիսը նույնիսկ մեկ դասաժամ չի անցկացրել։ «Տեխնոլոգիա» առարկան ևս չի դասավանդվել։

Սակայն, չարաշահումերն այսքանով չեն ավարտվում։ Պարզվել է նաև, որ Ն.Հովսեփյանը ուսուցիչների անունով գրանցել է լրացուցիչ դասաժամեր, որոնց դիմաց ստացած վարձատրությունը վերջիններս կանխիկացրել են և առձեռն տվել Նվարդ Հովսեփյանին։

Տնօրենի  ճնշման արդյունքում ուսուցիչներից երկուսը՝ Մետաքսյա Բաբաջանյանն ու Նարինե Դունամայանը, զանգահարել են իրենց աշակերտներից մի քանիսի ծնողներին և խնդրել են ստել, թե խմբակները գործել են, սա ևս արձանագրված է վարույթում։

Տնօրենի կողմից յուրացման փաստի ի հայտ գալուց հետո, դպրոցի երեք փոխտնօրեններ Գայանե Գևորգյանը, Ալիսա Մանուկյանն ու Դիանա Գևորգյանը  ազատման դիմում են գրել՝ հրաժարվելով կոծկել Նվարդ Հովսեփյանի հանցագործությունները։

Երեկ դպրոցի մի քանի հարյուր ծնողներ հավաքվել էին դպրոցում՝ իրենց աջակցությունը հայտնելու ազատման դիմում գրած փոխտնօրեններին, ինչից հետո տնօրեն Նվարդ Հովսեփյանը ոստիկանություն է կանչել։ Ոստիկանական ուժերը վաղ առավոտից նույնպես դպրոցում են՝ Ն.Հովսեփյանի պահանջով։