Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վերահսկիչ պալատի բացահայտումներն այս տարի դարձյալ այնքան շատ էին, որ ոչ բոլորի մասին է խոսելու ժամանակ եղել: Խոսվել է այնքան, ինչ չափով տեղեկացրել է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը ԱԺ-ում կամ լրատվամիջոցների հետ զրույցում: ՎՊ պաշտոնական կայքում մեր աչքից չվրիպեց տեղեկատվությունը մի ստուգման մասին, որն իրականացվել է ֆինանսների նախարարության արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնում: Այսպես` ծրագրին հատկացվել է 4 միլիոն դոլար, բայց այն կատարվել է բազմաթիվ սխալներով: Գուցե զավեշտալի է, բայց այդ ծրագրի միակ դրական կողմը կամ միակ հստակ պահանջը, որ կատարվել է, այն է, որ ամբողջ գումարը ծախսվել է:
Ծրագրի նպատակն է եղել ինտեգրել սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային կենտրոնները մեկ վարչարարական կառուցվածքում և դարձնել դրանք «մեկ պատուհանի» սկզբունքով` ծառայությունների մատուցման համակարգ: Ինտեգրված սոցիալական ծառայությունները տրամադրվում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի օրինական շահերի պաշտպանության համար: Սոցիալական ծառայություններ տրամադրող մարմինները դիտվում են որպես միջոց` սոցիալական ծառայությունը դրա կարիքն ունեցողին, արագ և որակով մատուցելու համար: Անհրաժեշտ է եղել նաև սոցիալական պաշտպանության տարածքային ծառայությունների շենքերի նորոգում, տեղեկատվական հոսքերի միասնական ցանցի ստեղծում: Հատկացված 4 մլն դոլարից ծախսվել է 3,8 մլն դոլարը, ծրագիրն ավարտվել է 2013 թվականի մայիսի 30-ին, վճարումները կատարվել են ամբողջությամբ: Իսկ թե ի՞նչ է ստացվել արդյունքում, պարզել է Վերահսկիչ պալատը:
Պատվիրատուի կողմից, որը Արտեմ Ասատրյանի կառույցն է, սոցիալական ծառայությունների տրամադրման ինտեգրումը նախատեսվել է իրականացնել մեթոդական-գործառութային, իրավակառավարչական, տեղեկատվական և ֆիզիկական կենտրոնացում եղանակներով, սակայն նախատեսված ուղղություններից և եղանակներից իրականացվել է միայն ֆիզիկական կենտրոնացումը: Այլ կերպ ասած` ընտրվել է ամենահեշտ տարբերակը. բոլորին հավաքել են մեկ վայրում և ստացվել է, որ երեք կազմակերպություն ուղղակի աշխատում է մեկ հարկի տակ: Այսինքն` «մեկ պատուհան» սկզբունքի փոխարեն 4 միլիոնով ներդրվել է «մեկ ընդհանուրով երեք պատուհան»-ի սկզբունք:
Հետևաբար` սոցիալական ծառայություն մատուցող բաժիններից յուրաքանչյուրը գործերը վարում է նույն ձևով, ինչպես նախկինում` առանց ինտեգրված սոցիալական ծառայության: Ծրագրով նախատեսված` սոցիալական պաշտպանության ոլորտի տեղեկատվական համակարգերի միջև տեղեկատվության ինքնաշխատ եղանակով փոխանակությունը պետական կառավարման մարմինների հետ (կադաստր, ՊԵԿ, ճանապարհային ոստիկանության ռեգիստր, ձեռնարկությունների գրանցման պետական ռեգիստր և այլն) իրականացված չէ: Այսինքն` նույն խորհրդային համակարգը շարունակում է տիրել, թեև միլիոններն արդեն ծախսված են:
Այնուամենայնիվ, նախարարությունը, հաշվի չառնելով փաստը, առաջարկված տարբերակում պահպանել է կառավարման նմանատիպ ձևը: Առաջարկված նոր մոդելը, ըստ էության, պահանջում է ավելորդ ծախսեր, քանի որ բոլոր կառույցները, որոնք այժմ աշխատում են մեկ հարկի տակ, իրականում պահպանել են բոլոր բաժինները` ֆինանսական, տեղեկատվական, կառավարման ապարատ, քարտուղարություն և այլն:
Այս ծրագրի շրջանակում ձեռք բերված` 195 հազար դոլար արժեքով 25 հատ թվային հերթագրող սարքերից և 25 հատ էլեկտրոնային տեղեկատվական տերմինալներից ոչ մեկը ՎՊ ներկայացուցիչների` տվյալ կենտրոններ այցելությունների ընթացքում չեն օգտագործվել և ինտեգրված չեն եղել ցանցին: Տարածքային կենտրոններին հատկացված` 16 միլիոն դրամ արժեքով 50 հատ հեռուստացույցները միացված չեն եղել ցանցին և չեն ծառայել նպատակին: Բազմաթիվ կենտրոններում տեսախցիկները մոնտաժված են, սակայն միացված չեն ու չեն գործում: Ստացվում է, որ թանկանոց տեխնիկան 4 միլիոն դոլարով գնել են, բայց այն իրականում այս պահին որպես գույք է ծառայում, ասենք` հեռուստացույցը հարմար է վրան ծաղկաման կամ ժամացույց դնելու ...կամ տուն տանելու համար:
Գևորգ Խաչատրյան