կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-08 13:07
Սպորտ

Չստացված ռեկորդ

Չստացված ռեկորդ

Ռիոյի` արդեն պատմության գիրկն անցած ամառային օլիմպիական խաղերը Հայաստանի համար կարելի է համարել հաջողված: Իհարկե, զուտ մեդալային հաշվարկով, այն չի կարելի համարել լավագույնը Հայաստանի պատմության մեջ, սակայն 20 տարի անց մենք կրկին ունեցանք օլիմպիական չեմպիոն` շնորհիվ  հունահռոմեական ոճի գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի: Ռիոյում Հայաստանի օրհներգը կարող էր հնչել ևս մեկ անգամ, սակայն մրցավարական բացահայտ կողմնակալության պատճառով մեր ըմբիշներից մյուսը` Միհրան Հարությունյանը, զրկվեց ոսկե մեդալից: Այս թեմային մենք մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք:

Ամփոփելով ամառային օլիմպիական խաղերը հայ մարզիկների համար` թերևս կարելի է հպարտանալ միայն օլիմպիական ոսկու համար: Մինչ Հայաստանի պատվիրակության` Ռիո մեկնելը ուրախանալու ևս մեկ առիթ կար` այն, որ Հայաստանն իր պատմության մեջ առաջին անգամ ռեկորդային թվով` 33 մարզիկով կներկայանա օլիմպիական խաղերին: Սակայն, ինչպես պարզ դարձավ մրցումների ընթացքում, այդ թիվն ամենևին էլ չէր համապատասխանում իրականությանը. օլիմպիական խաղերի պաշտոնական կայքում բացակայում էր մեր աթլետներից մեկի` Գոռ Ներկարարյանի անունը:  Yerkir.am-ն  անդրադարձել էր այս թեմային: Մինչ Հայաստան վերադառնալը` ՀԱՕԿ պատվիրակությունը որևէ տեղեկություն չէր հաղորդում այս մասին, իսկ մրցումների վերջին օրերին, երբ մեծ ոգևորություն առաջացավ Արթուր Ալեքսանյանի և Միհրան Հարությունյանի գոտեմարտերից հետո, թվաց, թե այս հարցը մոռացության կմատնվի: 

ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը 2 օր առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսում, անդրադառնալով աթլետ Գոռ Ներկարարյանի թեմային, նշեց, որ մարզիկը վնասվածք է ստացել, այդ պատճառով չի մասնակցել օլիմպիական խաղերին: Բայց մի բան է` ունենալ օլիմպիական ուղեգիր և վնասվածքի պատճառով չմասնակցել, մեկ այլ բան` պարզապես չմասնակցել օլիմպիական խաղերին, այսինքն` չունենալ օլիմպիական ուղեգիր, ավելի պարզ` իրավունք չունենալ մասնակցելու օլիմպիական խաղերին: Ի դեպ, խաղերին չի մասնակցել նաև մեր  լողորդ Մոնիկա Վասիլյանը, սակայն նա վնասվածք է ունեցել: Փաստացի` օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնելու իրավունք է ունեցել 32 մարզիկ, սակայն նրանցից միայն 31-ն է մասնակցել:

Իհարկե, մեր առաջին հոդվածում հայտնել էինք, որ Գոռ Ներկարարյանը օլիմպիական ուղեգիր չնվաճելով էր հայտնվել Ռիոյում: ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը երեկ հյուրընկալվել էր Հանրային հեռուստանընկերության «Հարցազրույց» հաղորդաշարին և հայտնել, թե Գոռ Ներկարարյանը օլիմպիական ուղեգիր չէր ունեցել, և այդ հարցով ավելի լավ կլինի դիմել Ռոբերտ Էմմիյանին (Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ- խմբ.):

Ստացվում է, որ Հայաստանն, այնուամենայնիվ, օլիմպիական խաղերին մասնակցել է ոչ թե 33, այլ 32 մարզիկով,  իսկ այդ թիվն անկախ Հայաստանի պատմության մեջ ամենամեծը չէ, ինչի մասին մեծ հպարտությամբ խոսվում էր մինչ Ռիո մեկնելը, և այժմ Հայաստանի օլիմպիական կոմիտեն փորձում է ծածուկ պահել այս ամենը` հաստատելով, որ Ներկարարյանը վնասվածքի պատճառով չի մասնակցել մրցումներին: Այսպես շարունակելու դեպքում մեզ մոտ կարող է  կրկնվել 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ Հյուսիսային Կորեայում տեղի ունեցած դեպքը, երբ  YouTube-ում հայտնվել էր տեսանյութ` իբր Հյուսիսային Կորեայի պետական հեռուստատեսությունը տեղեկացրել է բնակչությանը, որ երկրի  ֆուտբոլի ազգային հավաքականը Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում դարձել է աշխարհի չեմպիոն, ինչը մեծ ոգևորությամբ էր ընդունվել երկրի բնակչության կողմից:

Հ.Գ.  Հրաչյա Ռոստոմյանի ասուլիսի  ընթացքում Yerkir.am-ի այն հարցին, թե կարո՞ղ ենք պնդել, որ Հայաստանն օլիմպիական խաղերին մասնակցել  է ոչ թե 33, այլ 32 մարզիկով,  ՀԱՕԿ քարտուղարը պատասխանել էր. «Ինչ ուզում ես գրի, լավ ա՞»:  

Հիմա գրում ենք, որ Հայաստանն օլիմպիական խաղերին մասնակցել է 32 մարզիկով, բայց ոչ թե գրում ենք, քանի որ այդպես ենք ուզում, այլ այն պատճառով, որ այդպես է եղել` Ռիոյում Հայաստանը ներկայացնող մարզիկներից 32-ն են ունեցել խաղերին մասնակցելու իրավունք:

Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ