կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-23 19:58
Տնտեսական

Սպանդանոցներ. կառավարության չստացված ծրագրի ապագան

Սպանդանոցներ. կառավարության չստացված ծրագրի ապագան

Գաղափարը ողջունելի է

 

Կառավարության որոշմամբ 2019թ. օգոստոսի 1-ից հանրային սննդի օբյեկտների, իսկ այս տարվա արդեն հուլիսի 1-ից սննդի բոլոր կետերի համար պարտադիր է թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը՝ հայտնում է Yerkir.am-ը: Հետևաբար, համաձայն կառավարության հերթական ռեստարտ արված որոշման, հուլիսի 1-ից սպառման բոլոր օղակների համար մորթն իրականացվելու է բացառապես սպանդանոցային մորթով: «Էս էլ ու պրծ, էլ զիջել չկա» ասաց վարչապետ Փաշինյանը:  Մոտեցումն առաջին հայացքից ողջունելի  է հենց միայն պարենային անվտանգության հիմնախնդրից ելնելով: Բայց, գանք մի քիչ հեռվից…

 

Նախապատմությունը

 

Սպանդանոցների անհրաժեշտության հարցին կառավարության մակարդակով անդրադաձել են դեռ  2006թ.-ին, ընդունելով որոշում  գյուղատնտեսական կենդանիների սպանդի կարգի մասին: Այդքանը մինչև 2015թ.-ը, երբ  ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ-FAO), ելնելով մեր երկրում կենդանիների վարակիչ հիվանդությունների տարածումը կանխարգելելու, մսի և մսամթերքի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունից, Հունաստանի կառավարության օժանդակությամբ 622 հազար դոլարով ֆինասավորեց 5 մասնավոր ընկերությունների սեփական սպանդանոցների կառուցումն ու վերազինումը, որոնք բոլորն էլ ծառայեցին ու ծառայում են որպես մուսուլմանական աշխարհին մատակարարվող գառան «հալալ» մսի սպանդանոց:

 

Կարեն Կարապետյանը փորձեց եվրոպական քաղաքակրթություն բերել Հայաստան, ստացվեց մի քիչ «մուսուլմանական»

 

2016թ-ին, նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ձեռնամուխ եղավ «սպանդանոցային քաղաքակրթության զարգացմանը»: Ընդ որում ոչ թավշյա տարբերակով, այլ բավականին հիմնավոր հաշվարկներով: 2018թ. համար այն ժամանակ ԱՎԾ-ն (հիմա ԱՎԿ) հաշվարկել էր 233.150 խոշոր եջերավոր կենդանու, 499.600 մանր եղջերավորի և 111.140 խոզի մորթ (ընդհանուրը՝ 843 890 գլուխ): Ելնելով էլ միջինացած այդ թվերից Սննդի անվտանգության պետական ծառայությունը  հաշվարկել էր 40 սպանդանոցի անհրաժեշտություն: Գործող 18 սպանդանոցներից բացի  պետք է շտապ կառուցվեր ևս  22-23-ը ՀՀ-ում, 3-ը ԱՀ-ում, ինչը կբավարարեր իրենց գնահատմամբ ընդհանուր նվազագույն պահանջը: ՍԱՊԾ-ի հաշվարկներով 2018թ-ի հուլիսի 1-ին պետք է հանրապետությունում գործեր 40 սպանդանոց:  Այն օրերի հաշվարկներով այս օրերին արդեն դրանց թիվը պետք է կազմեր ավելի քան 70: Սպանդանոցներն ըստ խոշոր եղջերավորի մորթի հնարավորությունների լինելու էին (և են) օրական 3-5, 8-10,  10-15 և 15-20 հատ խոշոր եղջերավորի մորթի  հզորության: Կրկնենք, որ մինչ այդ գործող 18 սպանդանոցներից  մի քանիսը մնացել էին սովետ միությունից, մյուսներն էլ բացվել ու գործում էին (ու են) մուսուլմանական աշխարհի մեր հարևաններին «հալալ միս» ապահովելու նպատակով:

 

Մասնագետներն էլ անփարատելի «մտավախություն» ունեն

 

Չնայած որ վերջին օրերին համապատասխան մարմինները ցուցադրաբար հեռախոսի էկրանին համապատասխան ծրագրի միջոցով ներկայացնում են այս կամ այն տաղավարում իրացվող մսի կենդանու ու վերջինիս տիրոջ պատմությունը, ցույց տալով, որ գիտության և տեխնոլոգիաների վերջին նվաճումները («թվայնացված ձևաթուղթ»), չեն շրջանցել  Հայաստանը, այդուհանդերձ մասնագետները պնդում են, որ «ոչ հալալ» սպանդանոցները իրականում զբաղվելու են հիմնականում կնիքած թուղթ վաճառելով: Այստեղ նշենք, որ մուսուլման մեր բարեկամները բոլորովին էլ չեն ողջունում հալալի մորթով զբաղվող սպանդանոցներում ոչ հալալ մսի մորթը: Մյուս կողմից. Արարատի մարզի Զանգակատուն գյուղի բնակիչ, գյուղացուն տվյալ պահին չնախատեսված, շտապ փող է պետք և հարցը լուծելու միակ տարբերակը ունեցած ցլիկի վաճառելն է: Եթե հարևաններից համանման ցանկություն ունեցող չկա, կհետևի որ վերջինս ստիպված է մենակ իր տեղափոխել 75 կմ հեռու, ( ներկայացվում էր, որ մինչև 30կմ-ն ձրի է) Մասիսում գտնվող «Ոսկե կացին» (սա ամենամոտն է) սպանդանոց, մորթելու: Դրա տեղափոխումը կարժենա առնվազն 40-50 հազար դրամ: Տեղափոխման ընթացքում կենդանին սթրեսի ենթարկվելով առնվազն 3-5 կգ և ավել քաշ է կորցնելու: Սա պնդում են մասնագետները:  Սպանդանոցային մորթն արժե 10 հազար դրամ: Մորթվող իմ կենդանու ներքին օրգանները, կաշին, ոտները և գլուխը  անվճար մնալու են սպանդանոցին: Համաձայն մասնագետների ներքին օրգանների (սիրտ, թոք, ոտքերը, գլուխը, որում մինչև 7-8 կգ միս կա, պոչը, որը դելիկատես է համարվում) գինը  կազմում է տվյալ կենդանու մորթված վիճակում վաճառքից գոյացած ընդհանուր գնի ավելի քան 10%-ը: Հետևաբար, ամենապարզ հաշվարկներով սպանդանոցային մորթի արդյունքում գյուղացին մեկ խոշորից կորցնում է 50-ից մինչև 80 հազար դրամ: Չի բացառվում, որ սպանդից հետո սպանդանոցի տերը կպնդի, որ մորթված միասը ոչ թե բարձրակարգ է, այլ երկրորդ կարգի: Հայաստանում ենք ապրում, ի վերջո: Զարմանալի է, բայց տասնյակ հազարավոր մարդկանց շահրը շոշափող որոշում կայացնելիս նման պարզագույն խնդիրները աչքաթող էին արվել: Մինչդեռ այն, ինչ ներկայացվեց այստեղ, ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ ներկայացնում էր վարչապետ Փաշինյանը, բայց ծուռ հայելու մեջ. գյուղացի մսագործ հարաբերությունների առումով, ինչը իրականության բացահայտ խեղաթյուրում է: Ամեն գյուղում առնվազն մի քանի մորթ արող կա: Լեռնային, անասնապահական գյուղերում յուրաքանչյուր երկրորդը անասուն է մորթում: Այնպես որ եթե տվյալ անասնատերը չի էլ մորթում, ապա բոլոր դեպքերում մորթը կազմակերպում է հաստատ իրեն բավարարող տարբերակով: Մի բան, որ նույնիսկ շրջիկ սպանդանոցների դեպքում բացառվում է:  Շրջիկ սպանդանոցների պարագայում պարզ չի նաև, թե սպանդի ենթարկված կենդանում վճարը երբ կտրվի: Արարքում շաբաթ-կիրակի է, տոններ են, այս պահին հաշվի վրա փող չկա (դրա փորձը կա): Ի վերջո գյուղացու դիմացինը ԵԿԳ չի ու համաշխարհային բրենդ չի ներկայացնում: Արդյունքում թե՝ ոչ շրջիկ և թե՝ շրջիկ սպանդանոցների պարագայում գրեթե ամբողջ շահույթը, որ մնալու էր գյուղացուն պահած կենդանուց, անցնելու է սպանդանոցին այն պարզ պատճառով, որ սրանց թիվն այնքան շատ չի լինելու, որքան մսագործներինը, որ գյուղացին սակարկելու դաշտ ունենա: Մյուս կողմից էլ մի քանի տասնյակ շրջիկ սպանդանոցատերերին դժվար չի լինի ներքին համաձայնության գալը, հատկապես, եթե տվյալ մարզը սպասարկելու են առավելագույնը 3-4-ը:

 

Լավագույն պայմաններ ներդրումների խրախուսման համար

 

Անցած տարեվերջին ՍԱՊԾ-ն տարածած հաղորդագրությունից երևում էր, որ հանրապետությունում գործում է 16 սպանդանոց: Այս օրերին հապշտապ կերպով կառուցվել է ևս այդքան: Ու հանկած կառավարությունը հիմնովին փոխում է խաղի կանոնները: Մարդիկ առնվազն մի քանի, եթե ոչ մի քանի տասնյակ հազար դոլարի ներդրում էին կատարել, ու փաստորեն բոլորովին անիմաստ, կառավարության հերթական ոչ պրոֆեսիոնալ մոտեցման արդյունքում:  Ոլորտի մասնագետները պնդում են, որ անկախ ամեն ինչից, անգամ եթե իդեալական նախապատրաստված լինեին, այս փուլի համար ծրագիրը չէր գործելու, որովհետև գործընթացը, որը շոշափում է տասնյակ հազարավոր գյուղացիների շահեր, սկսում ենք բացարձակ անպատրաստ վիճակում ոչ միայն հնարավորությունների, տեխնոլոգիաների առկայության, մարդկանց հոգեբանորեն պատրաստելու այլև անհրաժեշտ քանակության սպանդանոցների, դրանց զինվածության,  տեղի ու քանակի առումով: Հուլիսին ևս խնդիրները քիչ չեն լինելու: Իհարկե, այն ժամանակ ծրագիրը շատ արագ զոռով անց են կացնելու, շրջիկ սպանդանոցներն էլ առաջին մի քանի ամիսներին մեղմ վերաբերմունք են դրսևորելու, որից հետո, երբ հարցը «կսառի», սրանք գին են թելադրելու և չի բացառվում, որ արդեն տարեվերջին մի քիչ այլ սցենարով կրկնվեն այս օրերի հուզումները: Ի վերջո շրջիկ սպանդանոցի տերը փող աշխատելու նպատակ է հետապնդում և չի բացառվում, գերիշխող դիրքեր ունեցողների հայտնվելը, որ գին են թելադրելու: Դա ցույց կտա ժամանակը, բայցև դրա հավանականությունը շատ մեծ է:

 

Առաջարկված տարբերակը հարցի լուծում չէ

 

Եթե յուրաքանչյուր գյուղում հնարավոր չէ, աա յուրաքանչյուր երրորդ գյուղում պետք է գյուղական փոքր սպանդանոց հիմնվի: Կլինի գյուղերի միջոցներով թե ինչ որ այլ տարբերակով, էական չէ: Սպանդանոց, որ հիմքում մեծ առումով կոոպերացիայի գաղափարը կլինի և ինչ որ մեկի բիզնես նպատակ չի հետապնդի: Այս դեպքում է, որ գյուղացու ունեցած անվստահությունը կմեղմվի ու ժամանակի ընթացքում կհասնի նվազագույնի: Իսկ այն, ինչ արվեց այս օրերին գյուղացու նկատմամբ, հեռուն գնացող հետևանքներ է ունենալու վերջինիս կողմից կառավարության նկատմամբ ունեցած վստահության առումով: Կառավարությունը հերթական անգամ խայտառակ ձևով ձախողվեց: Այս հարթությունում հաջորդը լինելու է շրջիկ սպանդանոցների ձախողումը, որից հետո, նաև այդ ընթացքում գյուղացիները ինչպես որ հիմա, մորթն իրականացնելու են գաղտնի ու միսը բաժանելու նախապես հերթագրվածներին: Նույնիսկ առանց փաստաթղթի: Այնպես որ ինչքան էլ քաղաքակրթությունից ու համաշխարհային մշակույթից խոսեն, միևնույնն է մարդուն իր շահույթն է հետաքրքրում, ոչ թե  կառավարության չստացված ծրագրի ապագան: Անգամ «հալալ» սպանդանոցների համար, որ վաղուց գործող են, մինչ օրս բազմաթիվ հարցեր պարզ չեն: Մասնագետները պնդում են, որ տևական ժամանակ մթերումների, գների, ընդհանրապես կենդանիներ վաճառողների հետ կապված լուրջ խնդիրներ են լինում և լինելու են, մինչև ժամանակի ընթացքում, որ կարող է  տևել մի քանի տարի, մեխանիզմները կհղկվեն, մի շարք դրույթներ կփոխվեն դառնալով երկկողմանի ընդունելի, որից հետո միայն, հստակություն կլինի:  Բայց տեղի ունեցածը խթան էր, որ առաջիկայում բարձրանա մսամթերքի գինը: Հասկանալի է, որ կառավարությունը չի ցանկանա անտեղի խնդիրներ ստեղծել, որ կարող է կտրուկ իջեցնել առանց այդ էլ նվազող մսամթերքի արտադրությունը հանրապետությունում, լուրջ լարվածություն առաջացնել բնակչության բավականին լայն շերտերի շրջանակներում, բայց չցանկանալը մի բան է, կառավարական մակարդակով դրսևորվող ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը՝այլ, որն էլ ավելի է սրելու սոցիալական առանց այդ էլ լարված իրավիճակը:

Աշոտ Խաչատրյան