կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-14 19:18
Իրավական

Ինքը հղիացած կին ա, ի՞նչ տղամարդ. Յուվեցի Կարոյի ցուցմունքը` դատարանում

Ինքը հղիացած կին ա, ի՞նչ տղամարդ. Յուվեցի Կարոյի ցուցմունքը` դատարանում

Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ, շարունակվեց ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի մասնակցությամբ 2009-ին տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցված քրեական գործի քննությունը:

 

Այսօրվա նիստում դատախազը հրապարակեց ամբաստանյալ Արթուր Զադոյանին առաջադրված մեղադրանքը` ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածի հատկանիշներով` ՔՕ 235 -րդ հոդվածի 1-ին մասի` ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը, ՔՕ 113-ի 1-ին մասի` դիտավորությամբ ուրիշի առողջությանը վնաս պատճառելը, և ՔՕ 137-րս հոդվածի 1-ին մասի` սպանության սպառնալիք տալը հատկանիշներով: Ըստ մեղադրանքի` Զադոյանն ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, կրել հրազեն և ռազմամթերք: 2009 թվականի հոկտեմբերի 5-ին` ժամը 11-ի սահմաններում, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի հատվածում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Կարո Կարապետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս և տվել սպանության սպառնալիքներ:

 

Այսօրվա նիստում ամբաստանյալը հայտարարեց, որ ապօրինի կերպով զենք ձեռք բերելու և Կարապետյանին սպանության սպառնալիքներ տալու համար իրեն մեղավոր չի ճանաչում, իսկ Կարապետյանի առողջությանը միջին ծանրության վնասվածք պատճառելու մասով` իրեն մեղավոր է ճանաչում մասնակի:

 

Այսօր դատարանում ցուցմունք տվեց գործով տուժող Կարապետյանը: Նա նշեց, որ նախաքննությունը սխալ է իրականացվել, և որ Զադոյանին պետք է մեղադրանք առաջադրվի ՔՕ 104-րդ հոդվածի հատկանիշներով (սպանության): «Էդ հոդվածները լրիվ իրա վրա սխալ ա դրված, իրանը 100% պետք ա 104-րդ լիներ»,- հայտարարեց տուժողը:

 

Կարապետյանն ասաց, որ Զադոյանին ճանաչել է որպես Ներքին Դվին գյուղի բնակիչ, նրան հազար անգամ լավություն է արել: Ըստ նրա` Արթուրն իրեն պարտք է եղել 57.600 դոլար եւ իրեն պարտքի դիմաց փորձել է մեքենաներ առաջարկել:

 

«Հոկտեմբերի 5-ին պետք ա գնայի Ազգային ժողով` ֆրակցիայի նիստ էր: Պայմանավորվեցինք` այդ օրը շուտ հանդիպենք, մի քանի անգամ տեղը փոխեց, վերջը հանդիպեցինք ԳԱԻ-ի պոստի մոտ: Գնացինք, տեսանք իրա մեքենայով կանգնած ա: Օնիկը (վարորդը) կանգնեց, ասեցի` Արթո'ւր, ի՞նչ ա եղել, ասաց` ավտոյիս մատոռի ջուրը եռացել ա, իրար հետ էթանք: Բուկվալնը 30-40 մ չէինք շարժվել, զանգ եկավ հեռախոսիս վրեն` ԱԺ պատգամավոր Տիգրան Ստեփանյանն էր: Հեռախոսով խոսում էի, ինչ-որ բան ընկավ գլխիս, ֆռռացի, ասեցի` Օնի'կ, էս ի՞նչ ընկավ, չմտածեցի, որ ինքը (նկատի ունի Զադոյանին) էնքան տղա ա դարձել, դուխ ունի` կարա հարվածի: Երկրորդ ուդառը, երրորդը … Երրորդ հատվածին անցել եմ հետև, բռնել եմ, հետո, իրար գրկախառնված, իջել ենք մեքենայից, գլխիցս արյունը չռռում էր: Ինքը էնքան տղա չկար, որ հարվածեր, բայց քանի որ վկաներն ասում են… Ուզում էր ինձ անպայման խփած լիներ: Վարորդիս ասում եմ` գլխից խփի, սատկացրա, պրծնեմ, էն էլ վարորդս էնքան տղամարդ չէր, որ խփեր»,- պատմեց պատգամավորը և հավելեց, որ իր «գլխից ֆանտանի նման արյուն է չռռացել»:

 

Նա նշեց, որ դրանից հետո երեք անգամ կրակել է` մեկը` օդ, երկուսն էլ` Զադոյանի ձեռքին և ոտքին: Հետո, ըստ տուժողի, դեպքի վայր են եկել ոստիկանության և դատախազության աշխատակիցները, որոնց թվում է եղել նաև Երիցյան Արմենը:

 

Ամբաստանյալի պաշտպան Սուսաննա Սարգսյանի հարցերին, թե ո՞վ է նրան տեղափոխել հիվանդանոց, Կարապետյանը պատասխանեց, որ պատգամավոր Տիգրան Ստեփանյանն ու ընկերները: «Եկել եմ Մասիսի հիվանդանոց, տեսել եմ` ճիշտ բուժօգնություն ցույց չեն տվել, գնացել եմ Երևան»,- ասաց նա:

 

Հարցին, թե ի՞նչ է եղել մեքենայի մեջ, Կարապետյանը պատասխանեց. «Մեքենաս վարորդս ամեն օր լվում ա, ավելորդ բաներ չկան, մեջը մենակ զենքեր են, իսկ դեպքի օրը զենքերից մեկը եղել է մեքենայի նստատեղի մոտ, մյուսը` կառմանչիկում»:

 

Պատգամավորը նշեց, որ զենքերը «նվիրատվություն է ստացել», ընդ որում` մեկը` պաշտպանության նախարարից: Դատավորի հարցին` կա՞ փաստաթուղթ, որը կվկայի, որ ամբաստանյալն իրեն 57000 դոլար է պարտք, տուժողը պատասխանեց, որ այդ մասին կարող են վկաները փաստել:

 

Ընդհանուր առմամբ, տուժողի հարցաքննությունն անցավ լարված մթնոլորտում: Կողմերը միմյանց հասցեին վիրավորական արտահայտություններ էին հնչեցնում: «Ես էլ չեմ գա դատարան, որ էս վիժվածքին չտեսնեմ, ինքը հղիացած կին ա, ի՞նչ տղամարդ, ինքը թուրքից վերանա,  երկու քրոջ հետա ամուսնացել»,-հայտարարեց Կարապետյանը:

 

Այսօրվա նիստում ցուցմունք տվեց նաեւ Կարապետյանի վարորդը` նրա համադասարանցի Օնիկ Հովհաննիսյանը: Նա, մանրամասն նկարագրելով դեպքը, հայտարարեց, որ ինքն այն ժամանակ սխալ է թույլ տվել: «Ես պռոստը շփոթվել եմ, որ օդ եմ կրակել, պետք ա սատկացնեի իրան»,- ասաց նա:

 

Մանրամասները` yerkir.am-ի տեսանութում: