Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախկին բռնցքամարտիկ, Ներքին Դվին գլուղի բնակիչ Արթուր Զադոյանը հոգնել է դատական քաշքշուկներից, սակայն հույսը չի կորցնում, որ դատարանում, այնուամենայնիվ, արդարությունը կվերականգնի:
Հիշեցնենք, որ Զադոյանը մեղադրվում է 2009 թվականի հոկտեմբերի 5-ին Մարմարաշեն գյուղի հատվածում տեղի ունեցած վիճաբանության արդյունքում ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելու, սպանության սպառնալիքներ տալու և ապօրինի զենք կրելու համար:
Թեև շուրջ 5 տարի է անցել այդ միջադեպից, սակայն Զադոյանը չի մոռացել դեպքի մանրամասները: Yerkir.am-ի հետ զրույցում մեղադրյալը պատմեց, որ վիճաբանությունը ծագել է մեքենա գնելու հարցում ֆինանսական համաձայնության չգալու հետ: Նրա խոսքով` դեպքից մեկ օր առաջ Կարապետյանի հետ գնացել են Էջմիածին` իր ծանոթի մոտ` մեքենա ընտրելու:
«Նա էլ նայեց, իր վարորդն էլ, մասնագետն էլ: Մեքենաներից մեկը հավանել էր, հաջորդ օրը գնացինք վերցնելու, ճանապարհին հարցրեցի` գումարը վերցրել ես, ասաց` կգնանք, այնտեղ էս հարցերը կլուծենք: Այսինքն` ուզում էր պակաս տար` իրա սովորության համաձայն, հետո` քցեր»,- պատմեց Զադոյանը ու հավելեց, որ Կարոյի բնավորության այդ գծի մասին բոլորն էլ գիտեն: «Ասացի չեմ գալիս, կանգնի` իջնեմ, ինքն էլ բորբոքվեց, հայհոյեց, ես էլ իրան հայհոյեցի, շուռ եկավ` խփեց, ես էլ իրան խփեցի: Հետո ձեռքը տարավ զենքին, ես էլ մեքենայի մեջ կլյուչ կար, դրանով խփել եմ: Մեկը ձեռքին ա կպել, երկուսը` գլխին: Հետո իջել եմ, մեքենայից հեռացել եմ մի 8 մետր, ուժեղ կրակոցներ լսեցի` 8-10 հատ, շուռ եկա, տեսնեմ` զենքը ձեռքին, մեքենային հենված կանգնած ա: Մի քիչ էն կողմ էլ վարորդն էր, ով դողալով պահել էր զենքը»:
Զադոյանի խոսքով` Կարոն հայհոյելով ստիպել է վարորդին, որ կրակի իր վրա, բայց… «Ինչքան հայհոյեց, ինչ ասաց, վարորդն ի վիճակի չէր, ոչ էլ ուզում էր կրակել: Ես իրեն հայհոյեցի, ինքն էլ ինձ, հետո ասացի.«Դուխդ չի՞ հերիքում, որ կրակես վրաս, ա’յ էշ»: Ասացի, ու շուռ գալուց կրակեց վրաս` մեկը կպավ ձեռքիս, մյուսը` ոտքիս»,- պատմեց նա:
Հիշեցնենք որ դեպքից հետո Զադոյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին և 3 վիրահատության ենթարկվել:
Մեր այն դիտարկմանը, թե ժամանակին լավ հարաբերություններ է ունեցել Կարապետյանի հետ, Զադոյանը պատասխանեց. «Լավը հարաբերական է: Նրան բոլորն են ճանաչում, խաբեբա է, քցող, ո՞վ չգիտի: Ասում ա` իրան 50 հազար եմ պարտք, բայց նա իրա հալալ եղբորը 500 դոլար մի օրով չի տա»: Զադոյանն ասաց, որ չէր պատկերացնում, թե այս աստիճանի անարդարություն կլիներ: «Ես լուսնից չեմ իջել, գիտեի, որ մի քիչ սենց-ենց կլինի, բայց է՞ս աստիճանի»,- ասաց նա:
Նշենք, որ Կարո Կարապետյանը հրաժարվել էր պատասխանել մեր լրագրողի` դեպքին վերաբերող հարցերին` ասելով, որ դրա մասին կխոսի դատաքննության ժամանակ:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: