Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) մասնակցությամբ` Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող գործին արդեն անդրադարձել ենք: Հիշեցնենք, որ խոսքը դեռևս 2009-ին նրա մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցված գործի մասին է, որը կասեցվելուց հետո վերաբացվել է և, ի վերջո, հասել դատարան:
Ըստ մամուլի հրապարակումների` Կարապետյանը 2009-ին Մարմարաշեն գյուղի մոտակայքում` իրեն պատկանող «Մերսեդես» մեքենայում վեճի էր բռնվել Ներքին Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի հետ: Վերջինս հարվածել էր Յուվեցի Կարոյին, իսկ Կարոն էլ իրեն ամրակցված «Բրաունինգ» տեսակի ատրճանակից 8 անգամ կրակել էր Զադոյանի վրա: Փամփուշտները վնասել էին Զադոյանի ուսն ու ոտքերը: Բացի հրազենային վնասվածքներ պատճառելուց, ըստ նույն աղբյուրի, Կարո Կարապետյանը նաեւ ծեծել էր Զադոյանին, ինչի հետեւանքով նա ստացել էր ուղեղի ցնցում: Սակայն հետո անհասկանալի պայմաններում գործը գլխիվայր շրջվեց` Կ. Կարապետյանը գործով ներգրավվեց որպես տուժող, իսկ Զադոյանը` մեղադրյալ: Վերջինիս նկատմամբ ներկայումս խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սակայն Կարապետյանի ներկայացուցիչ Կրոմվել Գրիգորյանը մեզ հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ Զադոյանը վտանգավոր է հանրության համար, և որ միջնորդելու են նրան կալանավորել:
Այսօր էլ դատարանում մի քանի անգամ նման հայտարարություն արեց գործով տուժող պատգամավորը: «Որ հիմա կալանավորված լիներ, բերդում լիներ, սենց չէր լինի»,- ասաց նա:
Պատգամավորն այսօր դատարան էր ներկայացել իր «շքախմբով», որն էլ, «շեֆի թասիբին կանգնելով», շարունակ խոչընդոտում էր մեր լրագրողի աշխատանքին` թույլ չտալով ձայնագրել զրույցը: Զավեշտալի է, բայց մասնագիտությամբ իրավաբան պատգամավորն էլ հայտարարեց, թե «լրագրողին մյուս կողմն է բերել՝ իրեն վախեցնելու համար»: «Եթե դու լրագրող ես, ես ապեռատիվնիկ եմ»,-հայտարարեց պատգամավորը:
Պատգամավորը չցանկացավ պատասխանել գործին վերաբերող հարցերին` ասելով, որ դրա մասին կխոսի դատաքննության ժամանակ: Ուշագրավ էր նաև պատգամավորի պահվածքը դատավարության ընթացքում: Կարապետյանը դատարանում իրեն զգում էր այնպես, ինչպես իր տանը, ավելի շուտ` ինչպես ԱԺ-ում և ամենուր: Նա, ոտքը ոտքին գցած, տեղից բարձրաձայն ռեպլիկներ էր արձակում, սակայն դատավոր Թաթուլ Պողոսյանը նրան ոչ մի անգամ նկատողություն չարեց:
Այսօրվա նիստում գործով մեղադրյալ Արթուր Զադոյանը հայտնեց, որ հրաժարվում է հանրային պաշտպան Անդրանիկ Աբաջյանի ծառայություններից և ցանկանում է, որ իր շահերն այսուհետ պաշտպանի վճարովի փաստաբանը: Այդ հանգամանքը տեղիք տվեց դատավորի դժգոհությանը: «Դուք հայտարարում եք, թե ֆինանսական միջոցների հնարավորություն չունեք, մենք ձեզ հանրային պաշտպան ենք տրամադրում, հիմա ո՞նց հասկանանք»,- ասաց նա:
Ի վերջո, դատարանը որոշում կայացրեց գործում ներգրավել նոր պաշտպանի` փաստաբան Սուսաննա Սարգսյանին: Նա դատարանից 15 օր ժամանակ խնդրեց` գործի նյութերին ծանոթանալու համար: Սակայն մեղադրող կողմը դժգոհեց` ավելի քիչ ժամկետ պահանջելով:
«Ես նպատակահարմար եմ գտնում 3 օր ժամանակ տալ, քանի որ կարող ա` մյուս նիստին էլ գա, հրաժարվի իրա պաշտպանից»,- իր կարծիքը հայտնեց պատգամավորը: Ավելին` մի քանի անգամ շեշտեց, որ իրեն հարմար է, որ ամսի 29-ին նիստ նշանակվի:
Իսկ դատավորը մեղադրյալի պաշտպանության վերաբերյալ շարունակեց. «Նման պայմաններում իր պաշտպանությունը նա կիրականացնի ինքնուրույն»:
Ի վերջո, դատարանը որոշում կայացրեց նիստը հետաձգել մեկ շաբաթով:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: