Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հոկտեմբերի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնելու է Մինսկ, որտեղ նախատեսվում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության փաստաթղթի ստորագրումը: Պայմանագրի ներկայիս տարբերակը ենթադրում է մաքսակետի տեղադրում Հայաստանի եւ սահմանակից այն երկրների սահմանին, որոնք չեն հանդիսանում ԵՏՄ անդամ: Ըստ այդ պայամանագրի` ստացվում է, որ մաքսակետ պետք է տեղադրվի նաեւ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ:
Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով մաքսակետի մասին, ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նշեց, որ, իր կարծիքով, մաքսակետ չի դրվելու, պարզապես այդ թեմայի շուրջ շահարկումներ են իրականացվում:
Դավիթ Բաբայանի խոսքով` ժամանակին` պատերազմական տարիներին, մաքսակետ եղել է Հայաստանի ու Արցախի սահմանին, սակայն անգամ այդ ժամանակ չեն եղել նման շահարկումներ: «Կյանքը ցույց է տվել, որ այդ մաքսակետի գոյությունն իրեն չի արդարացնում, այսինքն` չի ազդում տնտեսական փոխգործակցության վրա, և դրանք հանվել են: Հիմա, չգիտես` ինչու, շարունակվում են այդ շահարկումները»,- ասաց նա:
Ըստ Բաբայանի` Հայաստանն անդամ է ԱՀԿ-ին, այլ միջազգային կազմակերպությունների, և երբևէ մաքսակետի տեղադրման մասին որևէ մեկը չի խոսել:
Նա նշեց, որ բազմիցս է ասվել, որ մաքսակետ չի կարող դրվել, որ դրա իմաստը չկա, մանավանդ` Արցախի տնտեսությունն այդքան հզոր չէ: «Չկա մաքսակետ դնելու համար ո'չ օբյեկտիվ, ո'չ էլ սուբյեկտիվ պատճառ»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Հարցին` բացառվո՞ւմ է, արդյոք, որ Ղազախստանը կներկայացնի մաքսակետի տեղադրման պահանջ, մեր զրուցակիցը պատասխանեց, որ Ղազախստանը կարող է նման պահանջ ներկայացնել կամ չներկայացնել, դա այլ հարց է:
Իսկ, թե, այնուամենայնիվ, հոկտեմբերի 10-ին կստորագրվի՞ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը, թե՞ այն էլի կձգձգվի, Դավիթ Բաբայանը կարծիք հայտնեց. «Ժամանակը ցույց կտա: Չգիտեմ, կարող է նաև ստորագրվել»: