կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-05 16:20
Քաղաքական

Գալուստ Սահակյանը բացառում է Հայաստանի եւ Արցախի միջեւ մաքսակետի տեղադրումը

Գալուստ Սահակյանը բացառում է Հայաստանի եւ Արցախի միջեւ մաքսակետի տեղադրումը

Հայաստանի և Արցախի միջև մաքսակետ բացառված է: Այպես արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Yerkir.am-ի այն հարցին` արդյո՞ք ինչ-որ պատնեշներ կարող են առաջանալ Արցախի ու Հայաստանի միջև ԵՏՄ-ին անդամակցելու արդյունքում:

 

Ըստ Գալուստ Սահակյանի` Եվրասիական տնտեսական միությունը սահմանային խնդիրներ չի առաջադրում: Ինչո՞ւ այդ դեպքում ԵՏՄ անդամ երկրի նախագահ Նազարբաևը առաջ քաշեց սահմանների հարց: Ի պատասխան Գալուստ Սահակյանն ասաց. «Եթե ուշադրություն դարձնեք` Նազարբաևի հայտարարությունը մյուս պետությունների կողմից որևէ արձագանք չառաջացրեց: Փորձում են ներկայացնել, թե ինչու Հայաստանի նախագահը անմիջապես չարձագանքեց Նազարբաևին, ես կարծում եմ, որ դա շատ ճիշտ դիվանագիտական մոտեցում էր, որովհետև չէր կարելի ընդգծել Նազարբաևի ասածը ու դրանով նրա ասածը երևացող դարձնել` իբրև թե դա խնդիր է»:

 

ԱԺ նախագահի խոսքով` դիվանագիտական որոշ պրոցեսներ կան, որոնց ժամանակ ուղերձներ կամ նամակներ են լինում, բայց դրանք բուն դիվանագիտական խնդիրներ չեն առաջացնում, պարզապես երկրներ կան, որ փորձում են իրենց համար շահեկան վիճակ ստեղծել:

 

Գալուստ Սահակյանը հայտարարեց նաեւ, թե այսօր որոշ շրջանակներ փորձում են շահարկել, թե ինչ-որ մի ժամանակ Հայաստանի արտաքին քաղաքականության դիրքերն ավելի լավ են եղել, քան հիմա: Բայց այսօր, ըստ ԱԺ նախագահի, աշխարհի հիմնական խաղացողների միջավայրում Հայաստանն իր տեղն ու դիրքն ունի, և դա է պատճառը, որ, Հայաստանի հետ կապված, բոլոր երկրների մոտեցումները լրիվ փոխվել են, և Հայաստանին ընկալում են որպես խաղընկեր-Հայաստան, իսկ նախկինում այդ արժեւորումը չի եղել:

 

Ըստ ԱԺ նախագահի` ներկայումս ոչ միայն դիվանագիտական հարաբերությունները, այլև մեր պետականության ամրացումը նպաստել է նրան, որ Հայաստանը բոլոր պետությունների ուշադրության կենտրոնում է հայտնվել:

 

Մեր հարցին` փաստորեն, արտաքին քաղաքականության դիրքերի հետ կապված խնդիրներ չկա՞ն, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ «Հայաստանը, բնականաբար, շատ խնդիրներ ունի տեսնելու, որովհետև աշխարհը որոշակիորեն խնդիրներ ունի ինքն իր առջև, և Հայաստանը պետք է ամուր լինի ու զգուշավոր քաղաքականություն վարի», իսկ ինչ վերաբերում է ներսում, ապա նորանկախ Հայաստանի պատմության մեջ ոչինչ չի փոխվել` սկզբունքների տեսակետից` կապված Արցախի խնդրի, Ցեղասպանության ճանաչման հետ, ինչպես նաև տնտեսական համակարգերի հետ:

 

«Մենք ավելի շատ բարեկամների որոնման մեջ ենք, քան հակադրությունների մեջ: Ինչ վերաբերում է մեր ազգային խնդիրներին և շահին, ապա որևէ դեպքում նկատելի չի կարող լինել, որ Հայաստանը զիջի: Համոզված եմ` այն կողմը, որն այսօր քննադատում է, եթե ուժեղ համաձայնություններ ունենայինք ԵՄ-ի հետ, պիտի քննադատեին նաև այդ մոտեցումը:Քաղաքական ուժերը նեղ կուսակցական շահերից պիտի դուրս գան և լուրջ դիվանագիտական հարաբերություննները նկատելի դարձնեն»,- ասաց Գալուստ Սահակյանը:

 

Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հավանականությանը, ապա Գալուստ Սահակյանը հետևյալ կարծիքը հայտնեց. «Այսօր Ադրբեջանի շահերից երևի չի բխում, որ չի անդամակցում: Կախված է այն բանից, թե ԵՏՄ-ն որքան ուժեղ կազմակերպություն կլինի... Իսկ Ադրբեջանը միշտ ուժեղին է մոտենում»: