կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-06 13:51
Հասարակություն

Էլնուր Հուսեյնզադեի օրինակը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի բուն պատկերը. Դավիթ Բաբայան

 Էլնուր Հուսեյնզադեի օրինակը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի բուն պատկերը. Դավիթ Բաբայան

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեի ազատ արձակվելուն:

«Մի քանի օր առաջ ազատ է արձակվել Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեն, որը երկու տարի առաջ ապօրինի հատել էր Արցախի սահմանը: Իհարկե, դա միանշանակ չի ընդունվել մեր հասարակության կողմից: Սակայն նման քայլն առաջին հերթին օրենքի պահանջ էր, քանի որ իր պատիժը կրելուց հետո ցանկացած անձ՝ անկախ ազգությունից, կրոնից և քաղաքական հայացքներից, պետք է ազատ արձակվի:

Բացի այդ` այսպիսի մոտեցումը համապատասխանում է նաև հայոց ազգային արժեհամակարգին և աշխարհայացքին: Մեր ժողովուրդը հայրենասեր է, բայց երբևիցե նացիստ կամ ֆաշիստ չի եղել: Դրանք գաղափարներ են, որոնք Ադրբեջանի պետականաշինության հիմքն են:

Ինչպիսի՞ն եղավ Ադրբեջանի պատասխանը: Այն շատ կանխատեսելի էր. Բաքուն միջազգային հետախուզում հայտարարեց  սեփական քաղաքացու նկատմամբ: Դրա համար կա մի քանի պատճառ: Նախ` այդ մարդն ի սկզբանե չէր ցանկանում վերադառնալ Ադրբեջան` չտեսնելով իր ապագայի համար ոչ մի հեռանկար: Երկրորդը` անուն-ազգանունից երևում է, որ Էլնուր Հուսեյնզադեն թուրքական ինքնություն չունի: Այս հանգամանքները ցանկացած ֆաշիստական երկրում բավարար հիմք են մարդուն հետապնդելու, բանտարկելու և սպանելու համար: Ադրբեջանում նման օրինակները հազարավոր են:

Էլնուր Հուսեյնզադեի անհատական օրինակը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի բուն պատկերը, այնտեղ ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարումը, իսլամական արժեքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, պետության ահաբեկչական էությունը»,- գրել է Դավիթ Բաբայանը: