Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.19 |
EUR | ⚊ | € 410.52 |
RUB | ⚊ | ₽ 3.88 |
GBP | ⚊ | £ 492.68 |
GEL | ⚊ | ₾ 141.91 |
Երեկ «Փաստինֆո» լրատվականն Արցախից մտահոգիչ տեղեկություններ էր ստացել՝ Արցախին վերաբերող մի շարք գոյաբանական հարցերի վերաբերյալ, որոնք հրատապ պատասխաններ են պահանջում։
Հնչեցված խնդիրների շուրջ լրատվականն այսօր զրուցել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ, լսել նրա պարզաբանումներն ու մեկնաբանությունները.
-Պարոն Բաբայան, երեկ համացանցում տեսանյութ և տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Արցախից Հակարիի անցակետով Հայաստան են տեղափոխվել մի քանի տասնյակ մարդիկ։ Ովքե՞ր էին նրանք և ի՞նչ այցով էին Արցախից տեղափոխվում Հայաստան։
-Ինչքանով ես տեղյակ եմ, նրանք ուսանողներ են, ովքեր ՀՀ-ում տարբեր բուհեր են ընդունվել և տեղափոխվել են Հայաստան՝ կրթություն ստանալու նպատակով։
-Իսկ ինչպե՞ս է հաջողվել նրանց հատել սահմանը, որովհետև, արդեն ամիսներ շարունակ, Հակարիի անցակետով ադրբեջանկան կողմի կամայականության արդյունքում միայն «Կարմիր Խաչ» միջազգային կազմակերպության միջոցով ծանր հիվանդներն են տեղափոխում Հայաստան, այն էլ՝ ոչ կանոնավոր կերպով, երբեմն այդպիսի դեպքերը, նույնպես, խաչընդոտվում են թշնամու կողմից։
-Որքանով տեղյակ եմ, երիտասարդների տեղափոխությունն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորամիավորման օգնությամբ։ Սա հատուկ կատեգորիա է, որը կապ չունի հիվանդների տեղափոխության ծրագրի հետ։ Նրանք Հայաստան են տեղափոխվել ուսումնառության նպատակով։
- Մենք տեղեկատվություն ունենք, որ Արցախի խորհրդարանի մեծամասնությունը, մոտ մեկ ամիս առաջ, դեմ էր արտահայտվել, որպեսզի, թեկուզ սովորելու նպատակով, Արցախից մարդկանց մասսայական արտահոսք տեղի ունենա։
-Ես այդ մասին ոչինչ չգիտեմ, բայց, թեկուզ, եթե նման քննարկում է եղել, ի՞նչ է՝ ուսանողները չպե՞տք է սովորեն, մեզ կրթված և բանիմաց սերունդ պետք չէ՞։
-Կրթված սերունդ, իհարկե, միշտ է պետք ունենալ, պարզապես, մտահագություն է հնչել, որպեսզի սա չդառնա օրինաչափություն և չնպաստի Արցախի փափուկ ուժով հայաթափմանը, երբ, այս կամ այն պատրվակով, մարդկանց մասսակայան արտագաղթ սկսվի Արցախից։
-Նախ և առաջ, Արցախից ոչ ոք դուրս չի գալիս, իսկ սա այն կատերգորիան է, որը պետք է դուրս գա և սովորի։ Սա չի նշանակում, որ այդ երիտասարդները հետ չեն վերադառնալու Արցախ և իրենց ստացած ուսումը չեն ներդնելու Արցախի զարգացման գործում։ Նրանք չեն լքում և չեն դավաճանում Արցախը, ընդհակառակը՝ մեզ երիտասարդ և բանիմաց կադրեր են պետք։
-Պարոն Բաբայան, մենք տեղեկատվություն ունենք, որ ադրբեջանական Բարդա քաղաքում, առաջիկա օրերին հանդիպում է սպասվում՝ Արցախի մերձիշխանական խմբի և ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ։ Այս տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը և եթե այո՝ ի՞նչ օրակարգով է լինելու այդ հանդիպումը։
-Նախ և առաջ ուզում եմ ասել, որ Բարդա քաղաքը մեր հայկական Պարտավ քաղաքն է…
-Այո, պատմական Արցախի քաղաքը՝ Թարթառ գետի ափին…
-Այո։ Իսկ հանդիպման մասին ես տեղյակ չեմ, չգիտեմ՝ ի՞նչ հանդիպում է նախապատրաստվում, ո՞նց է անցկացվելու և այլն։ Առարկայական հանդիպումներին և քննարկումներին մենք երբեք դեմ չենք եղել։ Խնդիրը միայն ձևաչափի և հարցերի մեջ է։ Եթե նրանք այդ հանդիպումն ու մեզ պետք է ընդունեն որպես ներադրբեջանկան քննարկում, իսկ թեման էլ լինի, այսպես կոչված, ինտեգրումը կամ Արցախի պետականության ապամոնտաժումը, ապա, այդպիսի օրակարգով, ավելի լավ է ոչ մեկի հետ չհանդիպենք։ Իսկ, եթե կոնկրետ քննարկման հարցեր կան, օրինակ, ասենք՝ մարդասիրական բնույթի, ապա, այդպիսի հանդիպումներ 2020 թ. պատերազմից հետո տեղի են ունեցել, քննարկվել են որոնողական և այլ բնույթի հարցեր։
- Իսկ ի՞նչ եք կարծում՝ Ադրբեջանը պատրաստվո՞ւմ է հումանիտար բնույթի հարցեր քննարկել արցախյան կողմի հետ։
-Կարծու եմ՝ ոչ։
-Ուրեմն, նախատեսվող առաջիկա հանդիպումը, Ձեր կարծիքով, ինչի՞ մասին է լինելու։
-Եթե նման հանդիպում կայանա, ուրեմն կամ Ադրբեջանը պատրաստ է քննարկել հումանիտար բնույթի հարցեր կամ նման հանդիպում չպետք է կայանա։
- Պարոն Բաբայան, երեկվանից Արցախի ներքաղաքական կյանքը փոթորկվել է աշխարհազորայինների ղեկավար հանդիսացող Կարեն Մաթևոսյանի ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ, որի ընթացքում, այդ անձը սպառնացել է ցրել Արցախի Ազգային Ժողովը, ինչպես նաև՝ այլ տեսակի սպառնալիքներ հնչեցրել, եթե չապահովվեն իրենց կողմից առաջ քաշած ինչ – ինչ պահանջներ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրողությունը։
-Ամենակարևոր գաղափարներից, նպատակներից կամ առաջադրանքներից մեկը, որ այս պահին կանգնած է Արցախի պետականության առջև, այն է, որպեսզի, հանկարծ, թույլ չտանք Արցախի պետականության ապամոնտաժում՝ ներսից։
-Ադպիսի կոչերը հենց դրա՞ն չեն նպաստում։
-Բոլորը պետք է հասկանան՝ ցանկացած քայլը, որը գիտակցված կամ անգիտակից կերպով կարող է հարված հասցնել Արցախի պետականությանն, անընդունելի է։ Հիմա կան տարբեր մարդիկ, ովքեր խոսում են ժողովրդի անունից և նրանց մեջ կան այնպիսիք, ովքեր, իսկապես, ճանապարհ են անցել ու կարևոր դիրք ու դեր ունեն մեր հասարակական կյանքում, բայց դա, այս պարագայում, էական չէ, որովհետև մեր խնդիրը հիմա դա չէ, այլ այն, որ, եթե, հանկարծ, մեր պետականությանը խարխլվեց, ապա առաջին հերթին տուժելու է Արցախն ու օգտվելու է թշնամին։ Էլ չեմ խոսում այն մասին, որ դրանից հետո Արցախի պետականության ապամոնտաժման պրոցեսներն այնպիսի արագություն են ստանալու, ոչ չենք էլ հասցնելու աչքներս թարթենք։ Հետևաբար, ամեն ինչ պետք է արվի այն ուղղությամբ, որպեսզի, առանց այն էլ լուրջ խնդիրների առաջ հայտնված Արցախի պետական կառույցները անշրջելիորեն չփլուզվեն։ Ներքաղաքական հարբերություններն ու երկխոսութունները պետք է կառուցել քաղաքակրթության և գործող օրենքների շրջանակներում միայն։
-Աշխարհազորայինների պահվածքը Ձեր կողմից նկարագրված շրջանակների մե՞ջ է տեղավորվում։
-Անկախ ամեն ինչից՝ ո՞վ է, ի՞նչ քաղաքական կամ հասարակական դեմք է, բոլորը պարտավոր են գործել և մնալ օրենքի շրջանակներում միայն, սա քննարկման ենթակա հարց չէ։
- Պարոն Բաբայան, մեր լրատվամիջոցը երեկ Արցախից ահազանգ է ստացել, որտեղ ասվում էր, թե առաջիկա օրերին Արցախի իշխանությունները պատրաստվում են Ակնայից (Աղդամից) սնունդ ներկրել Արցախ։ Արդյո՞ք այս տեղեկատվությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը։
-Ես, իսկապես, նման տեղեկատվություն չունեմ։ Ասեմ միայն հետևյալը՝ մենք պետք է այնպես անենք, որ Աղդամի ճանապարհը երբեք չդառնա Բերձորի ճանապարհի այլընտրանքը կամ փոխարինողը, որովհետև, այս պարագայում, մենք սարսափելի իրավիճակում ենք հայտնվելու։ Կգործարկվի՞ Աղդամի ճանապարհը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն չի կարող և չպետք է փոխարինի Բերձորի միջանցքին, սա միանշանակ է։