ԱԺ-ում 2013թ. բյուջեի կատարողականն այսօր ներկայացնում էր արտգործնախարարությունը: Նշվեց, որ հարգելի պատճառով բացակայում է արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և հաշվետվությունը ներկայացնելու է արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը:
Արտգործնախարարությանը բյուջեից տրամադրված է եղել ավելի քան 11 մլրդ դրամը, որը 98 տոկոսով կատարվել է, պահուստային ֆոնդից տրամադրվել է 352 մլն դրամ, որի օգտագործման կատարումը կազմել է 88 տոկոս:
Սերգեյ Մանասարյանը նշեց, որ արտգործնախարարությունն իր աշխատանքի կենտրոնում է պահել Արցախի հիմնախնդիրը, որի կարգավորման ուղղությամբ շարունակել է Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ աշխատանքները: Մյուս կարևոր հարցը եղել է և կա Ցեղասպանության ճանաչման հարցը և Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ նախագահի հանձնարարականների կատարումը:
Ըստ փոխարտգործնախարարի` Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության գործում զգալի առաջընթաց է գրանցվել: Գործընթացները շարունակվում են, և Հայաստանը հույս ունիմ որ մինչև հունիսի 15-ն այդ միացումը կկատարվի:
Սերգեյ Մանասարյանը նշեց, որ շարունակվում են բարեկամական և դիվանագիտական հարաբերությունների ստեղծումը ասիական, լատինաամերիկյան և արաբական երկրների հետ: Նա տեղեկացրեց, որ շուտով Երևանում բացվելու է երկու դեսպանություն` Ճապոնիայի և Արաբական Էմիրությունների: