կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-18 22:41
Քաղաքական

ՕԵԿ-ը երբեք իր դեմքը չի կորցրել եւ չի հեռացել իր առաքելությունից. Հեղինե Բիշարյան

ՕԵԿ-ը երբեք իր դեմքը չի կորցրել եւ չի հեռացել իր առաքելությունից. Հեղինե Բիշարյան

Սակագների բարձրացումը նման է «գրպանահատ ժուլիկի» արարքի, ով օրը ցերեկով, ցանկացած պահի կարող է մտնել մեր' առանց այն էլ աղքատիկ գրպանը եւ տանել այնտեղից որքան ուզում է. էլեկտրաէներգիայի թանկացման դեմ այսօր հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՕԵԿ փոխնախագահ, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը' հավելելով, որե եթե բոլորս այս անգամ մեր գրպանը չփակենք այդ «ժուլիկի» առջեւ ու նրան ցույց չտանք իր իրական տեղը, ապա մեր ամբողջ կյանքում անիմաստ կբողոքենք ու արդյունքի չենք հասնի:

 

Բիշարյանը նշեց,  թե եկել է բոլոր տեսակ թանկացումների առջեւ գրպանները փակելու ժամանակը, եւ հայտարարեց, թե սոցիալական լարված իրավիճակում ցանկացած անհիմն թանկացում ՕԵԿ-ի համար անհասկանալի ու անընդունելի է:


ՕԵԿ փոխնախագահը համոզված է նաեւ, թե ՕԵԿ-ի պայքարի ակունքները բխում են հասարակության սոցիալական խնդիրներից, եւ կուսակցությունը հավատարիմ է մնացել իր առաքելությանը եւ բարձրացրել  ու պաշտպանել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու խնդիրները: Մարդու եւ քաղաքացու իրավունքները, Հեղինե Բիշարյանի խոսքերով,  եղել ու մնում են ՕԵԿ-ի քաղաքական գործունեության ուղենիշները:

 

Հատկանշական էր Հեղինե Բիշարյանի ելույթի  հատկապես այս հատվածը. «Այս տարիների ընթացքում մենք պայքարել ենք հանուն գրագիտության եւ ոչ թե խավարամտության, հանուն տնտեսական ազատության, այլ ոչ թե օլիգարխիկ տնտեսության, հանուն մարդու իրավունքի, այլ ոչ շղթայված ազատության, հանուն սոցիալական արդարության, այլ ոչ թե ծայրահեղ բեւեռացման' թեիշխանության մեջ եւ թեընդդիմադիր դաշտում: ՕԵԿ-ը երբեք իր դեմքը չի կորցրել եւ չի հեռացել իր առաքելությունից:

 

Մեր տեսակը պայքարող, մաքառող, կռիվ տվող տեսակ է, մենք ասում ենք այն, ինչ հետագայում դառնում է սկզբունք, վարքագիծ եւ արդյունք, որքան էլ շատերը չկամությունից գիշեր ու ցերեկ լծված են` ՕԵԿ-ի ու նրա նախագահ Արթուր Բաղդասարյանի նկատմամբ սեւ փիառ անելով: Ի հեճուկս նրանց, ձեր մշտական աջակցությունը, հավատն ու վստահությունը եւ ներկայությունն այս հրապարակում, եւս մեկ անգամ փաստում են, որ մենք չենք սխալվել մեր դավանած արժեքներում, հայրենիքի կառուցման մեր տեսլականում, իրավունքների պաշտպանության մեր վճռական պայքարում...»: