Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռոբերտ Քոչարյանը երկրի երկրորդ նախագահն է եղել և կարող է հայտնել իր կարծիքը. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը` խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին, որում նա սուր քննադատության էր ենթարկել Տիգրան Սարգսյանի որոշ մեկնաբանություններ:
«Ըստ երևույթին` Ռոբերտ Քոչարյանը կատարել է համեմատություն այն ժամանակաշրջանի հետ, երբ ինքն է նախագահ եղել: Դա իր համեմատությունն է, և դա որևէ մեկնաբանության կարիք չունի»,- ասաց պատգամավորը: Բիշարյանը նաեւ հավելեց. «Մենք շատ լավ գիտենք, որ տնտեսական ճգնաժամ ենք ունեցել, և հնարավոր է որոշ ցուցանիշների անկում, ինչու չէ, հնարավոր է: Հնարավոր է, որ այն ժամանակաշրջանում ավելի շատ շինարարություն է եղել, հնարավոր է»:
Ի պատասխան մեր հարցին` արդյո՞ք համամիտ է Քոչարյանի բերած փաստարկներին, կրկնեց, որ դա երկրորդ նախագահի կարծիքն է, և այդ կարծիքը հարկավոր չէ փորփրել:
Ըստ Հեղինե Բիշարյանի` Ռոբերտ Քոչարյանի քննադատությունը որևէ մեկին ուղղված չէր: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հավակնություններին, նա նշեց, որ դա էլ պետք է որոշի Ռոբերտ Քոչարյանը:
Խոսելով վարչապետի պաշտոնանկության հավանականության մասին` պատգամավորը կարծիք հայտնեց, որ ցանկացած պաշտոնանկության դեպքում հանրությանը ներկայացվում են հիմնավորումներ, բերվում են փաստարկներ: «Ներկա պահին վարչապետին պաշտոնանկ անելու առաջարկ չի եղել, հիմնավորումներ չկան: Երբ կլինեն դրանք, ես անպայման իմ կարծիքն էլ կասեմ»,- ասաց Հեղինե Բիշարյանը: