կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-12 13:24
Քաղաքական

Մեր երկրին և՛ նոր նախագահ է պետք, և՛ նոր վարչապետ. Հեղինե Բիշարյան

Մեր երկրին և՛ նոր նախագահ է պետք, և՛ նոր վարչապետ. Հեղինե Բիշարյան

Ազգային ժողովում ճեպազրույցների ընթացքում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշեց, որ բյուջեի կատարողականը, որը քննարկվեց անցնող քառօրյայում, ցույց տվեց, որ խոստացված 3.6 տոկոս տնտեսական աճն իրականություն չէ:

«Արտագաղթն է շատացել և աղքատության շեմն է բարձրացել: Սա նշանակում է, որ եթե միջազգային չափորոշիչների հետ համապատասխանեցնելու լինենք, կտեսնենք, որ Հայաստանի 80 տոկոսը աղքատ է ապրում»,- ասաց նա:

Անդրադառնալով անցած կիրակի տարբեր համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին` Բիշարյանն ասաց, որ քաղաքացիներից շատերն ընտրություններին մասնակցել են ID քարտերով: «Դա մտացածին երևույթ էր, հաղթողները հաղթեցին այդ միջոցով»,- ընդգծեց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը հրաժարվի ՕԵԿ նախագահի պաշտոնից և ղեկավարի «Հայկական վերածնունդ» հասարակական- քաղաքական միավորումը, Բիշարյանը պատասխանեց. «Այն, որ համախմբում է տեղի ունենում, դա շատ լուրջ գաղափար է, և մենք անելու ենք ամեն ինչ, որ այդ համախմբումը լուրջ հաջողություններ բերի առաջիկա ընտրություններում: Սա համախմբում չէ ՕԵԿ-ի շուրջ, դա հետագայում դառնալու է մեկ միավոր»:

Իսկ հնարավո՞ր է, որ առաջիկայում ՕԵԿ չլինի, և միավորում տեղի ունենա նորաստեղծ կառույցի շուրջ: Այս հարցին պատգամավորը կոնկրետ չպատասխանեց` նշելով, թե աշնանը ամեն ինչ պարզ կդառնա:

Պատասխանելով հարցին` հնարավո՞ր է, որ Արթուր Բաղդասարյանը ՕԵԿ-ի ղեկավարի պաշտոնը վստահի իրեն, Բիշարյանը նշեց, որ ՕԵԿ-ին նոր նախագահ պետք չէ:

Նա պատասխանեց նաև այն հարցին, թե երկրին նոր նախագահ պե՞տք է: «Մեր երկրին և՛ նոր նախագահ է պետք, և՛ նոր վարչապետ»,- ասաց ՕԵԿ-ականը: