կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-14 14:30
Քաղաքական

Կուսակցության շնորհիվ է կազմվել քրոջս փեսայի գեղեցիկ ընտանիքը. Հեղինե Բիշարյան

Կուսակցության շնորհիվ է կազմվել քրոջս փեսայի գեղեցիկ ընտանիքը. Հեղինե Բիշարյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը պատասխանել է իր քրոջ փեսայի` Լևոն Դոխոլյանի` պատգամավոր դառնալու վերաբերյալ հարցերին:

 

Հիշեցնենք, որ երեկ՝ ԱԺ նիստի ժամանակ, ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե ՕԵԿ խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանը վայր է դնում իր մանդատը նոր աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Ըստ «Ժողովուրդ» թերթի աղբյուրների՝ Խ. Հարությունյանին փոխարինելու է ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի քրոջ փեսան՝ Լևոն Դոխոլյանը։

 

Հեղինե Բիշարյանը նշեց, որ ինքը դեռ չգիտի, թե ով է փոխարինելու Խաչիկ Հարությունյանին, որովհետև քաղաքական խորհրդի նիստ տեղի չի ունեցել, նախնական քննարկում` նույնպես: Պարզապես ցուցակում հաջորդը Դոխոլյանն է, ահա` ինչու այդ լուրը տարածվել է մամուլում: «Այո, ես պետք է ասեմ, որ իմ քրոջ փեսան տասը տարի է, ինչ ՕԵԿ անդամ է և ղեկավարում է ՕԵԿ Շենգավիթ համայնքի կառույցը: Եվ հենց կուսակցական աշխատանքների արդյունքում է, որ, ծանոթանալով իմ քրոջ աղջկա հետ, կազմել են ընտանիք, որի համար շնորհակալ եմ կուսակցությանը, որ այդպես գրագետ, բանիմաց մարդկանց, այսպես ասած, հանդիպման վայր է լինում, և ծնվում է հրաշալի ընտանիք»,- ասաց Բիշարյանը: