կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-18 19:10
Քաղաքական

Հեղափոխություն անելու գայթակղիչ ցանկությունը կարող է վերածվել սատանի խաղի. Գագիկ Հարությունյան

Հեղափոխություն անելու գայթակղիչ ցանկությունը կարող է վերածվել սատանի խաղի. Գագիկ Հարությունյան

Այսօր ՀՅԴ-ն քննարկում էր հրավիրել՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի մասնակցությամբ: Քննարկվում էր սահմանադրական փոփոխությունների ընթացքը:

 

Գագիկ Հարությունյանն իր ելույթում շեշտեց, որ պետք է տարբերել «սահմանադրության  զարգացում», «սահմանադրական փոփոխություն» և «սահմանադրական բարեփոխում» հասկացությունները, որովհետև շատ հաճախ այդ հասկացությունները մարդիկ շփոթում են միմյանց հետ:


Սահմանադրական փոփոխությունների կարևորությունը  ցույց տալու համար նա այն համեմատեց հիվանդ մարդուն անմիջապես վիրաբույժի մոտ ուղարկելու հետ: «Սահմանադրական փոփոխությունները միշտ էլ ցավագին են ընդունվում, որովհետև իրականացվում է «վիրահատական միջամտություն», և բացի այդ, գործ ունենք  իրավաքաղաքական գործընթացների հետ: Եվ եթե հիվանդությունը մարդու մոտ խորանում է, ու նա գնում է վիրաբույժի մոտ, վիրաբույժը կարող է ասել` ուշացել ես, արդեն հնարավոր չէ բուժել վիրահատաության միջոցով: Ահա՝ ինչու, եթե սահմանադրական փոփոխությունները ուշանում են, դա կարող է հանգեցնել ահավոր հետևանքների: Մինչդեռ կան քաղաքական ուժեր, որոնք  ասում են` եկեք այսինչ, այնինչ խնդիրները լուծենք, նոր անցնենք սահմանադրական փոփոխություններին»,- ասաց Գագիկ Հարությունյանը` հավելելով, որ սահմանադրական փոփոխությունները ինքնանպատակ չեն, և Հայաստանին պետք է ապրող Սահմանադրություն:

 

 

ՍԴ նախագահի խոսքով` շատերին ձեռք չի տալիս, որ սահմանադրական փոփոխություններ տեղի ունենան, որովհետև դա նրանց կաղապարների մեջ կդնի. «Ինչու՞ համաձայնել կաղապարներին, եթե մինչ այժմ ինչ ուզել, այն էլ արել են»:

 

Խոսելով սահմանադրական կարգի և կառավարման համակարգի համատեքստում սոցիալական ցնցումների ու  հեղափոխությունների մասին՝ Գագիկ Հարությունյանը նշեց. «Մեզ մոտ եղավ Մարտի 1, եղան սոցիալ-քաղաքական  այնպիսի հակասություններ, որոնք կարող էին հանգեցնել ցնցումների ու հեղափոխության,  որովհետև եթե այդ կրիտիկական լարվածությունը կուտակվում է, ապա պայթյունը  անխուսափելի է լինում: Այդ   առումով պետության իմունային համակարգը պետք է ուժեղ լինի, որպեսզի  ժամանակին հայտնաբերվեն այդ լարվածությունները, ու դրանք չվերաճեն ցնցումների: Կիսանախագահական կառավարման պայմաններում այն կոնֆլիկտագեն է,  կարող է հանգեցնել սոցիալական  ցնցումների, ուստի անհրաժեշտ են փոփոխություններ,- ասաց նա:

 

«Հեղափոխությունները առաջին հերթին հրապուրիչ են թվում, բայց  մենք գտնվում ենք այնպիսի  իրավիճակում, երբ դա կարող է սատանի խաղի վերածվել ու վատ հետևանքներ ունենալ: Ուզում եք հեղափոխությո՞ւն, դե գնացեք, արեք, Ուկրաինան էլ արեց, տեսնում ենք հետևանքները»,- ասաց Գագիկ Հարությունյանը:

 

Նաև խոսվեց ընտրական համակարգի փոփոխության մասին: Նա նշեց, որ իր դիրքորոշումը հետևյալն է՝ կարևորը ձևը  չէ,  այլ բովանդակությունը, և  ընտրությունները  պետք է լինեն այնպիսին, որ լեգիտիմ ձևով ժողովուրդը կարողանա պատվիրակել իր ներկայացուցչին, և այդ պատվիրակումը չպետք է կեղծվի բոլոր առումներով,  այն պետք է լինի թափանցիկ, հաշվետու՝ երաշխավորելով փոփոխելիությունը: