կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-18 17:58
Քաղաքական

Իշխանությունը խաղի կեսից փոխեց խաղի կանոնները

Իշխանությունը խաղի կեսից փոխեց խաղի կանոնները

Արդեն տեղեկացրել ենք, որ իշխանությունը էթիկայի հանձնաժողովի կազմի փոփոխության հետ կապված իր տարբերակն է առաջարկում՝ 3 իշխանություն, 3 ընդդիմություն, 1 ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն կազմ: Իրենց առաջարկությունը քիչ առաջ ներկայացրեց օրենքի նախագծի համահեղինակ Արփինե Հովհաննիսյանը: Նա նաեւ հայտարարեց, որ այս ընթացքում եղել են տարբեր առաջարկություններ` սկսած նրանից, որ ԲՀԿ-ն, օրինակ, առհասարակ չընդգրկվի հանձնաժողովի կազմում, ինչին իրենք դեմ են: Իրենց առաջարկած տարբերակում, ըստ Հովհաննիսյանի, իշխանության եւ ընդդիմության տեղերը հավասար են:

 

Իր հերթին, ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ թեեւ ԱԺ նախագահը ջանքեր գործադրեց, որ կողմերը համաձայնության հասնեն, բայց, ցավոք, չստացվեց: ՀՅԴ-ական պատգամավորը եւս մեկ անգամ ընդգծեց, որ էթիկայի հանձնաժողովը պետք է լինի ապաքաղաքական: Իշխանության առաջարկած տարբերակում, ըստ Մինասյանի, աննպատակահարմար է խոսել հանձնաժողովի արդյունավետության մասին: «Այս նախագիծը ոչնչացնում է այն լավ հիմքը, որ դրվել էր հանձնաժողովում: Այս նախագիծը ընդունելով` ԱԺ-ն հարված է ստանում, երբ ժողովրդավարության տարրական ծիլերն են ոչնչացվում»,- հայտարարեց դաշնակցական պատգամավորը եւ նշեց, որ անհասկանալի է այն ջանասիրությունը, որ մեծամասնությունը փորձում է ներառել օրենքի նախագծում:

 

Մինասյանն ընդգծեց, որ ընդդիմության առաջարկությունները քաղաքական մեծամասնության կոշտ դիմադրությանն են արժանացել, իսկ հիմա որեւէ բան անիմաստ է քննարկել: «Եվ, ուրեմն, կարողացեք ինքներդ էլ ստեղծել հանձնաժողով, ինքներդ էլ գնահատեք, ես առաջարկում եմ ընդդիմությանը քննարկել այս հանձնաժողովում առհասարակ ընդդիմության մասնակցության նպատակահարմարության հարցը»,- հայտարարեց նա:

 

ՀՅԴ-ական պատգամավորը նշեց նաեւ, որ խաղի կանոնները խաղի ընթացքում չեն փոխում: «Դա նույնն է, որ առաջարկեք շախմատ խաղալ, բայց հետո խաղի կեսից որոշեք զրահաբաճկոն հագնել եւ սուսերամարտ խաղալ»,- հայտարարեց նա:

 

Մինասյանը եւս մեկ անգամ վստահեցրեց, որ ընդդիմությունը քաղաքական հաշվեհարդարի ճանապարհով չի գնում, ինչպես վստահեցնում են Դավիթ Հարությունյանը եւ իշխանությունը: