Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տարիներ առաջ կառավարության ընդունած՝ բնության հուշարձանների ցանկում առաջիններից մեկն էլ «Սատանի կամուրջ» երկրաբանական հուշարձանն էր, որը գտնվում է Որոտանի կիրճի ամենախոր մասում, Տաթեւ գյուղից 2,5 կմ հյուսիս-արեւելք։ 30 մ երկարությամբ եւ 50-60 մ լայնությամբ բնական կամուրջը՝ Տաթեւը Գորիս քաղաքին միացնող ամենակարճ ճանապարհն է։ Ճանապարհի այս հատվածը, որտեղ էլ գտնվում է բնական հուշարձանը, վերջին տասնամյակում դարձել էր ամենախոցելի վայրը, եւ եթե տարիներ առաջ որոշ քայլեր չձեռնարկվեին, հուշարձանի կորուստն անխուսափելի կլիներ:
Հուշարձանին հիմնականում սպառնում են մարդու տնտեսական գործունեությունը եւ չվերահսկվող զբոսաշրջությունը: Հայաստանում եւ, ընդհանրապես, Հարավային Կովկասում այնքան էլ շատ չեն նմանատիպ հուշարձանները:
Ըստ գիտնականների` այս բնական հրաշքն առաջացել է կալցիումի աղերի նստվածքներից եւ տաք հանքային ջրերից, որոնք դարերի ընթացքում «կերտել» են բնության այս հրաշքը։ Բուժիչ հատկությամբ տաք հանքային ջրերի արտահոսքից ավազաններ են առաջացել։
Զբոսաշրջության մասնագետների հավաստմամբ, կոնկրետ այս տարածքը մեծ հեռանկարներ ունի զբոսաշրջության զարգացման առումով, ինչն էլ իր հերթին կարող է մեծ եկամուտներ բերել Տաթեւ համայնքին (հիշյալ հուշարձանը գտնվում է Տաթեւ համայնքի վարչական տարածքում.- Գ.Ն.)։
Հիշեցնենք, որ դեռեւս 2008թ. խոսակցություններ էին շրջանառվում, թե մի ոմն գեներալ ցանկանում է սեփականաշնորհել հուշարձանի տարածքը եւ իրականացնել շինարարական աշխատանքներ` բիզնես ծավալելու համար: Սակայն WWF-Հայաստան գրասենյակն առաջ անցնելով գեներալից` ծրագիր մշակեց, որն էլ ներկայացվեց «Էյչ Էս Բի Սի» բանկ-Հայաստան ՓԲԸ-ին՝ հուշարձանի մերձակա տարածքի բարեկարգման աշխատանքները ֆինանսավորելու համար։
Հիշյալ բանկն էլ, կարեւորություն տալով շրջակա միջավայրի պահպանությանը, անմիջապես WWF-Հայաստանի հետ 5 տարի ժամկետով կնքեց համագործակցության ծրագիր, որի շրջանակներում տրամադրեց 13 հազար 500 դոլար գումար, որից 10 հազարը ծախսվեց հուշարձանի տարածքի որոշակի բարեկարգման, ինչպես նաեւ աստիճանահարթակի, երկաթյա աստիճանակողերի եւ տարածքում տեղեկատվական վահանակի տեղադրման համար:
Մնացած գումարը WWF-Հայաստանը ծախսեց հայաստանյան մասնաճյուղի մասին պատմող գովազդային տեսահոլովակի պատրաստման վրա։ Ի սկզբանե WWF-Հայաստանը չէր նախատեսել տարածքում շինարարություն իրականացնել, սակայն դեռ խորհրդային տարիներին ստեղծված շինությունը պետք էր վերականգնել, ինչը ծառայելու էր որպես հանգստի գոտի:
Սակայն, ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ եկավ, եւ այդ կիսակառույցն էլ գետնին հավասարվեց, իսկ տեղադրված հովանոցներն էլ անհետացան: 2008թ. տարածքը մաքրվեց աղբից, եւ թվում էր, թե այդ տխուր պատկերն այլեւս չի կրկնվի Սատանի կամրջի շրջակայքում: Սակայն նախօրեին լինելով այնտեղ` արձանագրեցինք, որ հուշարձանն ամբողջովին աղտոտված է կենցաղային աղբով, իսկ նախկինում տեղադրված փոքրիկ աղբամանները բացակայում են:
Ինչպես հայերիս է բնորոշ, տարածքում խորովածի խարույկների հետքերն անպակաս են, իսկ ժայռերի վրա, որպես հիշատակ, տարածք այցելողները սիրային խոստովանություններ են թողել: Իսկ թե ինչու ծախսվեց այդ գումարը, անհասկանալի է:
Որպես ծրագրի մաս, դեռեւս 4 տարի առաջ Տաթեւ համայնքից ընտրվեցին երկու էքսկուրսավարներ, որոնք վերապատրաստում պետք է անցնեին WWF-Հայաստան գրասենյակի կողմից` նշված տարածքի խնամքին հետեւելու համար:
Գրասենյակը, բարի կամք դրսեւորելով, համաձայնել էր առաջին վեց ամիսներին իր բյուջեից վճարել այդ երկու հոգու աշխատավարձը, իսկ տարածքի պաշտոնական բացումից հետո, արդեն, 2009-ի կեսերից հուշարձանը պետք էր դառնար վճարովի, եւ ստացված գումարներով պետք է վարձատրվեին հուշարձանի աշխատակիցները:
Տաթեւի համայնքապետ Մուրադ Սիմոնյանը հիշում է այդ ծրագիրը, սակայն ինչպես «Երկիր»-ի հետ զրույցում նշեց, չգիտի՝ ինչու չստացվեց. «Այսօր որոշ բարեկարգման հարցեր կան, աստիճան պիտի սարքվի դեպի ներքեւի հատված՝ Որոտան գետի մոտ: Այնուհետեւ որոշել էինք, որ վճարովի դարձնենք, սակայն այսօր մարդիկ գալիս¬գնում են, եւ արդյունքում միայն աղբն է ավելանում»:
Գյուղապետն ափսոսում է, որ հուշարձանն անտեսված է բոլորի կողմից, եւ ասում է, թե իր գրպանից է գումար ծախսում տարածքը մաքուր պահելու համար. «Այս տարի համայնքային բյուջեից մի երկու կոպեկ եմ առանձնացրել, որ մի երեք ամիս հավաքել տամ աշխարհի զիբիլները»:
Տաթեւի համայնքապետը նշեց նաեւ, որ հուշարձանը նորմալ պահպանելու համար հարկավոր է 2 աշխատող, քանի որ հուշարձանն ավելի շատ գիշերային ժամերին է հյուրեր ունենում:
Իսկ երկու աշխատողների միայն աշխատավարձի համար հարկավոր է ամսական 100 հազար դրամ, այսինքն` տարեկան 1,2 մլն դրամ:
Գալուստ ՆԱՆՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի