Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդարանական չորս ոչ իշխանական ուժերը` ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» և ԲՀԿ-ն, համատեղ որոշում կայացրեցին չմասնակցել կառավարության ծրագրի քվեարկությանը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այս որոշումը բացատրեց նրանով, որ քառյակը դժգոհ է ծրագրից և այն քաղաքական ուղեգծից, որի հիման վրա կառուցվել է ծրագիրը:
ՀՅԴ-ն, մասնավորապես, հանդես էր եկել իր հայտնի` 7 կետանոց պլատֆորմից բխող առաջարկություններով, որոնք չեն ընդունվել: Դրանք, մասնավորապես, վերաբերում էին ընդդիմությանը պետական կառավարման համակարգում վերահսկողական լծակներով օժտելուն: Դրույթ, որն ընկած է նաև կուսակցության նախընտրական ծրագրի առանցքում: Այս իմաստով ՀՅԴ-ի դիրքորոշումը կառավարության ծրագրի նկատմամբ դառնում է տրամաբանական և հիմնավորված:
«Ժառանգության» համար նախկին և ներկա կառավարություններ գոյություն չունեն: Կուսակցությունը դրանք դիտարկում է որպես մեկ ընդհանուր համակարգի` իրար շարունակող սուբյեկտներ: Հետևաբար, բնական է, որ ծրագրի վերաբերյալ ո'չ առաջարկություն ունի, ո'չ էլ դրանից ինչ-որ ակնկալիքների մասին է խոսում: Եվ այս իմաստով «Ժառանգության» դիրքորոշումը ևս քաղաքականապես հասկանալի է:
Խորհրդարանական քննարկումները ցույց տվեցին, որ ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը հակված են դիրքորոշվելու ոչ այնքան ծրագրի նկատմամբ, որքան` վարչապետ Հովիկ Աբրահամյանի: Խորհրդարանական քննարկումները նրանք վերածեցին, նախկին վարչապետի և կառավարության ձախողման փաստը շահարկելով, նոր վարչապետից պոտենցիալ հերոս կերտելու անուղղակի գործընթացի:
Այսինքն` ԲՀԿ-ն, նրանով պայմանավորված՝ նաև ՀԱԿ-ը քառյակի շրջանակում կառավարության ծրագրի քվեարկությանը չմասնակցելու որոշումը կայացրին ոչ թե բուն ծրագրին սկզբունքորեն դեմ լինելու, այն համոզիչ կամ անհամոզիչ համարելու պատճառով, այլ որովհետև հասկանում էին, որ իրենց քվեարկել-չքվեարկելը որևէ եղանակ չի փոխելու, քանի որ, միևնույն է, մեծամասնությունը իր պատգամավորներին խորհրդարան բերման ենթարկելու միջոցով այն ընդունելու է: Իսկ այդ պարագայում տակտիկապես ավելի ճիշտ էր լինել քառյակի հետ` այդ ձևաչափը, իբրև քաղաքական գործոն, վերջնականապես չչեզոքացնելու և չարժեզրկելու համար:
Ստեղծվել է մի իրավիճակ, երբ, այսպես կոչված, քառյակի անդամ ուժերն իրենք են սկսել առաջնորդվել այն մտայնությամբ, որ քառյակը ոչ թե ազատ քաղաքական ուժերի ազատ համագործակցության հարթակ է, այլ ֆորմալ ինչ-որ կառույց կամ միություն, որի չեզոքացումը նույնական է դառնում դրանում ընդգրկված ուժերի մարգինալացմանը:
Փաստորեն, քառյակը, որպես ինչ-որ միավորման տեսակ, ցանկացած գնով պահելը և չորս ուժերին բացառապես դրա շրջանակում դիտարկելը վերածվել է նպատակի: Մինչդեռ դա ընդամենը համագործակցելու ձևաչափ էր` ընդհանուր մոտեցումներ մշակելու համար այն հարցերում, որոնցում հնարավոր էր հասնել կոնսենսուսի: Երբ ձևաչափը, որպես գործիք, վերածվում է քաղաքականության նպատակի, ուղղակի դառնում է ինքնանպատակ ինչ-որ բան: Եվ հիմա քառյակը կանգնած է այդ վտանգի առաջ:
Դրանում ընդգրկված ուժերի մեծ մասին թվում է, թե ինքնաիրացման համար այլ տարբերակ չկա, քան, պարբերաբար նիստեր անելով, քառյակի գոյությունը և կենսունակությունն ապացուցելը: Օրինակ` ընդամենը 5 օր առաջ քառյակը փակ նիստ հրավիրեց, որի արդյունքում որոշեց առաջիկայում հանրահավաք անցկացնել: Հանրահավաք անցկացնելու անհրաժեշտության միակ հիմնավորումը, որի մասին խոսեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, այն էր, որ քառյակը որոշել է համաձայնեցված պահանջների ցանկ մշակել և առաջադրել իշխանությանը, այսինքն՝ քաղաքական նոր օրակարգ բերել հրապարակ: Եվ դրա համար, ըստ նրա, անհրաժեշտ է հանրահավաք անել, որպեսզի այդ պահանջները համաձայնեցվեն հասարակության հետ:
Պարզ է, որ այս կերպ քառյակը փորձում է ապացուցել, թե թյուր է կարծիքը օրակարգ ձևավորելու` իր անընդունակության մասին, որի վերաբերյալ մեղադրանքներն սկսեցին հնչել Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո՝ նախապես հայտարարված հանրահավաքը չանցկացնելու պատճառով: Պահանջները հանրահավաքի մասնակիցների հետ համաձայնեցնելու «տեխնոլոգիան», իհարկե, նոր չէ, ինչ-որ տեղ նաև ընդունելի է: Բայց հայաստանյան ներկայիս քաղաքական իրողությունների ու մշակույթի պարագայում դա վերածվում է պարզապես մանիպուլյացիոն ինչ-որ հնարքի, որը դեռ 2011թ. գործածում էր Լևոն Տեր-Պետրոսյանը համաժողովրդական շարժման ժամանակ:
Իրականում բոլորվին էլ պարտադիր չէ հասարակության շահերից բխող պահանջները համաձայնեցնել հանրահավաքներում, առավել ևս, որ վերջինս միշտ ամբոխային հոգեբանությամբ է առաջնորդվում: Եթե այդ պահանջներն իսկապես լինեն հանրային հետաքրքրությունների շրջանակում, հասարակությունն ինքը կգա դրանց ետևից: Հետևաբար, պետք չէ նման հայտարարություներ անել միայն այն բանի համար, որ ցույց տրվի, թե քառյակը կա, կարող է կամք թելադրել և ժողովրդի կողքին է:
Եթե նույնիսկ կար նման խնդիր, ապա նման պահանջներ ներկայացնելու ամենապատեհ առիթը հենց հիմա էր` կառավարության ծրագրի մշակման և ընդունման ներկայիս շրջափուլում: Երբ պահը բաց է թողնվում, ստացվում է, որ ընդդիմությունն իշխանությանը միտումնավոր թույլ է տալիս ընդունել իր համար ցանկալի ծրագիրը, նոր դրանից հետո դնում այն բարելավելու, հասարակական պահանջներին ու կարիքներին ավելի մոտեցնելու հրամայական:
Որևէ արտառոց բան չկա այն բանում, որ ինչ-որ փուլում քառյակի ձևաչափը կարող է նաև չաշխատել, քանի որ դա ազատ, առանց իրար նկատմամբ որևէ պարտավորություն ունեցող ուժերի համագործակցության հարթակ էր ի սկզբանե: Առավել ևս հիմա, երբ ակնհայտ է նոր կառավարության նկատմամբ քառյակի անդամներից մեկի` ԲՀԿ-ի ղեկավարի անձնավորված լոյալ տրամադրվածությունը: Գործոն, որը հրաշալի հասկանում են նաև քառյակում, բայց խուսափում ազատորեն քննարկելդրա ազդեցությունը թե' իրենց համագործակցության և թե', առհասարակ, քաղաքական հետագա գործընթացների վրա:
Ի վերջո, որևէ ձևաչափով քաղաքական ուժերի երկարաժամկետ համագործակցության գլխավոր արժեքը ոչ թե շրջապատին և հասարակությանն ինչ-որ բան արհեստականորեն ապացուցելն է, այլ միմյանց և հասարակության նկատմամբ ազնիվ գործընկերային վերաբերմունքի դրսևորումը:
Գևորգ Դարբինյան