կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-03 15:44
Իրավական

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի` անվավեր ճանաչված դրույթները իրավաբանական ուժ չունեն և չեն կարող գործել

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի` անվավեր ճանաչված դրույթները իրավաբանական ուժ չունեն և չեն կարող գործել

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի քանի դրույթներ հակասահմանադրական և անվավեր ճանաչած Սահմանադրական դատարանի (ՍԴ) որոշումը հրապարակման պահից հետո մեկնաբանեցին տարբեր մասնագետներ ու քաղաքական ուժերի ներկայացուցիչներ` յուրաքանչյուրն իր շահերից ելնելով: Այս հարցի վերաբերյալ Yerkir.am-ը զրուցեց սահմանադրական իրավունքի մասնագետ, Բեռլինի Հումբոլտի համալսարանի իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանի հետ: Նրա խոսքով` ՍԴ-ն խախտել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 68 հոդվածի 15-րդ կետը, որով օրենսդիրը պարտադրում է ՍԴ-ին նորմի իրավաբանական ուժը կորցնելը հետաձգելու դեպքում ակտը ճանաչել միայն հակասահմանադրական և ոչ երբեք` անվավեր:

 

- Սահմանադրական դատարանը առաջին անգամը չէ, որ իր ընդունած որոշումներով տարակարծությունների և մեկնաբանությունների տեղիք է տալիս, ի՞նչն է պատճառը: Եվ խոսենք, մասնավորապես, երեկ հրապարակված որոշման մասին (ՍԴՈ-1142):

- ՍԴ որոշումները հնարավոր է, որ ոչ մասնագետների համար անհասկանալի լինեն, թեև օրենսդրորեն հստակ ամրագրված է, որ իրավական ակտերը պետք է համապատասխանեն որոշակիության սկզբունքին: Այդ սկզբունքը նշանակում է, որ, ընդհանուր առմամբ, իրավական ակտերը պետք է այնպես ձևակերպված լինեն, որ  դրանց հասցեատերերը` սովորական քաղաքացիները, հստակ հասկանան, կարողանան ճիշտ վարվել այս կամ այն դեպքում և պատասխանատվության չենթարկվեն` իրավական ակտը սխալ հասկանալու հետևանքով: Հետևաբար, դա վերաբերում է նաև ՍԴ որոշումներին:  Բայց փորձը ցույց է տալիս, որ հատկապես ՍԴ որոշումները հասկանալու դեպքում տարաձայնություններ են առաջանում, քննարկումներ են լինում, թե ՍԴ-ն ինչ էր ուզում ասել:  Տպավորությունն այն է, որ ոչ ոք այդպես էլ մինչև վերջ չի հասկանում, թե ինչ էր ասել ՍԴ-ն:

 

- Իսկ այս վերջին որոշման դեպքում ինչպե՞ս հասկանանք` ՍԴ-ն ինչ է ասում:

-Ես որոշման եզրափակիչ մասի վերաբերյալ կխոսեմ: Վիճարկվող դրույթները ՍԴ-ն ճանաչում է Սահմանադրությանը հակասող և անվավեր, և եզրափակիչ մասի 7-րդ կետով միաժամանակ սահմանում է, որ  այդ  հակասահմանադրական և անվավեր ճանաչված նորմերը ուժը կկորցնեն սեպտեմբերի 30-ին: 


Սահմանադրության 102-րդ հոդվածով թույլատրվում է ՍԴ-ին որոշակի դեպքերում հետաձգել հակասահմանադրական նորմերի գործողությունից դուրս գալու ժամկետը: Այս գաղափարն ի սկզբանե բարձրացրել է Գերմանիայի Սահմանադրական դատարանը: Մենք վերցրել ենք առաջադեմ այս փորձը, ամրագրել ենք օրենքում («ՍԴ մասին» օրենք, 68 հոդված, 15-րդ կետ), սակայն ՍԴ-ն այն ճիշտ չի կիրառում:  ՍԴ բոլոր որոշումները ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, դա Սահմանադրության պահանջն է: Դրա համար օրենսդիրը  «Սահմանադրական դատարանի մասին»  օրենքում ՍԴ-ին հուշել է, որ եթե դու իրավական անվտանգության նկատառումներով ցանկանում ես հետաձգել նորմի իրավական ուժը կորցնելը, ապա դու կարող ես այն ճանաչել միայն հակասահմանադրական և ոչ անվավեր: Քանի որ եթե դու նորմը ճանաչես անվավեր, ապա քո որոշումն ուժի մեջ է մտնելու հրապարակման պահից, և այդ պահից անվավեր ճանաչված նորմերը դառնալու են իրավաբանական ուժ չունեցող:

 

-Իսկ ինչո՞ւ են այդպես վարվում, միտումնավո՞ր են անում, թե՞ չեն հասկանում:

-Ինձ թվում է, որ չեն հասկանում, չեն  պատկերացնում, որ եթե նորմը ճանաչում են անվավեր, և որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, ապա այդ պահից սկսած էլ իրավաբանական ուժ չունեցող է համարվում: Հետևաբար` անհեթեթ է դառնում ասել, որ իրավաբանական ուժ չունեցող նորմն իր չունեցած ուժը կկորցնի սեպտեմբերի 30-ին:  Չունեցած բանը հնարավոր չէ կորցնել:

 

-Այսինքն` եզրափակիչ մասի  7-րդ կետը անհեթեթ է:

-Այդ կետը դառնում է  անիմաստ: Եվ երեկ, որոշման հրապարակման պահից սկսած, անվավեր ճանաչված նորմերը որևէ իրավական հետևանք չեն կարող առաջացնել:

 

-Խոսվում է նաև այն մասին, որ այդ որոշման հիմքով հնարավոր կլինի դիմել դատարան և հետ վերադարձնել արդեն իսկ աշխատավարձերից վճարված 5 տոկոս գումարները:

-Էստեղ խնդիրը հետևյալն է` սովորաբար, անձը հնարավորություն ունի ՍԴ որոշման հիման վրա իր գործը վերանայելու դիմում ներկայացնել, եթե ինքն է հասել ՍԴ-ում այդ հարցի անվավերությանը, այսինքն` եղել է դիմումատու: Քանի որ այս որոշումը ընդունվել է ոչ անհատական դիմումի հիման վրա, հետևաբար, որևէ մեկը չի կարող դիմել դատարան և խնդրել ՍԴ որոշման հիման վրա վերանայել գործը: 

 

-Երեկ որոշման հրապարակումից հետո որոշումը մեկնաբանողների թվում էր նաև ՍԴ անդամը: Արդյո՞ք նորմալ է սա:

-Արգելք չկա, թեև խորհուրդ է տրվում պահպանել չեզոքություն և նման բաներից հեռու լինել: Պարտավոր են պարզ ձևակերպել որոշումը, որ ի սկզբանե բոլորը հասկանան, բայց  եթե չեն արել այդպես ու հիմա փորձում են պարզաբանել, էլի վատ չէ:

 

Հարցազրույցը` Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ